ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն օգոստոսի 5-ին այցելել են Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության գործունեությանը և այստեղ կատարվող գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարության ներկայացուցիչները կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնի ջերմոցներում, որտեղ իրականացվում է լոլիկի, վարունգի, տաքդեղի և այլ մշակաբույսերի սածիլների արտադրություն:
Գենոֆոնդի պահպանման բաժնում կենտրոնի գիտաշխատող Ալվինա Ավագյանը հյուրերին ներկայացրել է հատուկ սառնարաններում պահպանվող բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք ներառում են տեղական սորտեր, սելեկցիոն սորտեր, հանրապետություն ներմուծված արտասահմանյան սելեկցիայի սորտեր և հիբրիդներ:
Այնուհետև պաշտոնյաները շրջել են բույսերի ֆիզիոլոգիայի և ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայում, որտեղ ժամանակակից մեթոդներով կատարվում է բույսերի բակտերիալ, սնկային հիվանդությունների, ինչպես նաև հողի և ջրի ախտորոշում:
Գայանե Սարգսյանը տեղեկացրել է, որ գիտական կենտրոնում ստեղծվել և շրջանացվել են 23 բանջարաբոստանային մշակաբույսերի 150 սորտեր: Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ, որն ընդգրկում է 3850 սորտանմուշներ: Բանջարաբոստանային մշակաբույսերի թվում ներկայումս հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունեն հատկապես լոլիկը, վարունգը, տաքդեղը, սոխը, հազարը:
«Ներկա պահին գիտական աշխատանքներ են իրականացվում տարբեր ուղղություններով, ելնելով պահանջարկից՝ ավելանում են սերմերի արտադրության ծավալները։ Բացի այդ, շարունակվում են նաև սելեկցիոն աշխատանքները, ստեղծվում են բարձր բերքատվությամբ, առավել դիմացկուն սորտեր։ Ընդհանուր առմամբ, տարեկան շրջանացման մեջ մտնում է 10-15 նոր սորտ», – նշել է տնօրենը:
Նա գոհունակությամբ նշել է, որ կենտրոնում ժամանակակից սարքավորումների կիրառմամբ տարբեր հետազոտությունների իրականացումը նպաստում է երիտասարդ գիտնականների հետաքրքրության աճին, արդյունքում կենտրոնը պարբերաբար համալրվում է երիտասարդ կադրերով։
Որպես մեկ այլ դրական միտում Գայանե Սարգսյանը նշել է գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը հանրապետության մարզերում։
Ընդգծելով երիտասարդ մասնագետների ակտիվ ներգրավվածության կարևորությունը կենտրոնի աշխատանքներում` Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ այս կառույցը երիտասարդ գիտնականների յուրօրինակ դարբնոց է, ինչը գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևոր գրավական է:
Շրջայցի ընթացքում ներկայացվել են կենտրոնում ներդրված՝ սերմերի մաքրման, ախատահանման, տեսակավորման, փաթեթավորման և մի շարք այլ նորագույն սարքավորումներ։
Հյուրերին նաև տեղեկացվել է, որ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների և տեղացի ֆերմերների հետ` տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ և ապահովելով դրանց փոխադրումը։