2020 թվականի հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 302,618.7 հազար դրամ, որից 25,000.0 հազար դրամը ՀՀ կառավարության 23.07.2020թ. թիվ 1237-Ն որոշմամբ կանխավճարի տեսքով արդեն իսկ հատկացվել է: Նախատեսված՝ 277,618.7 հազար դրամ գումարից 274,737.8 հազար դրամն ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին, իսկ 2,880.9 հազար դրամը՝ տեխնիկական հսկողության իրականացմանը: Այսօր կառավարության նիստում կրկին գումար հատկացվեց այդ նպատակների համար:
Եվ հաշվի առնելով Հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունն անհրաժեշտություն է առաջացել ընդունել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից անհրաժեշտ է 277,618.7 հազար դրամ, որից 110,581.5 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84,357.2 հազար դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, իսկ 82,680.0 հազար դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը:
ՀՀ կառավարության որոշման նախագծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում