Անհրաժեշտ սարքերի հերթական խմբաքանակը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթենը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը վերահաստատել են Կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունն ու քննարկել հետագա համատեղ ծրագրերը։

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ առողջապահության նախարարությանն է փոխանցվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ իրերի հերթական խմբաքանակը. 24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ, որոնք կհատկացվեն կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններին։

Կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը` առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ իրականացվող համալիր միջոցառումները կօգնեն ցանկալի արդյունք ապահովել COVID-19-ի դեմ պայքարում:

«Շնորհակալ ենք մեր գործընկերերին համաճարակի ժամանակ ցուցաբերվող աջակցության համար` ոչ միայն բժշկական սարքավորումների տրամադրման առումով, այլև տեխնիկական հարցերով մասնագիտական աջակցության համար, ինչը ի սպաս է դրվում կորոնավիրուսային հիվանդության համաճարակին արդյունավետ հակազդելու հարցում», – ասել է փոխնախարարը:

Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարության է տրամադրել COVID-19 համավարակի ախտորոշման 10.000 թեստ։ ՀՀ առողջապահության համակարգին օժանդակությունը լինելու է շարունակական: Այն իրականացվում է ոչ միայն անհրաժեշտ սարքավորումների և պարագաների տրամադրմամբ, այլ նաև բուժաշխատողների վերապատրաստումների, հանրային իրազեկման աշխատանքների միջոցով:




Լրահոս