ԵՐԵՔ ՄԵՐԺՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի վերջո, Արթուր Վաղարշյանին առաջադրեց որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Իսկ ավելի վաղ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու էր ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, իսկ կառավարությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Եվ այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը, որոնք գտնվում են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ազդեցության տակ, դեմ են կառավարության ու դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուներին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց մի մասը դեմ է նաեւ Արթուր Վաղարշյանին, որը մեկ անգամ արդեն առաջադրված եւ հենց «Իմ քայլ»-ի կողմից մերժված է եղել: Վերջինիս ընտրությունը տապալվել էր 2019 թվականի մայիսի 29-ին պատգամավորների 30 «կողմ» եւ 53 «դեմ» ձայներով: Իսկ մինչ այդ Ազգային ժողովը չէր հաստատել նաեւ նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին եւ Էմիլ Բաբայանին (ավելի ուշ՝ եւս մեկ անգամ առաջադրումից հետո, Գրիգորյանն ընտրվել էր): Ստացվում է՝ 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչեւ 2019թ. մայիսի 30-ը հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրելՍահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն, եւ Ազգային ժողովը մերժել է հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին: Այսպիսով. այսօր մի իրավիճակ ունենք, երբ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը դեմ է նրանց: Խոսքը պատգամավորների այն թեւի մասին է, որը գտնվում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ազդեցության տակ եւ հենց նրա լոբբինգով շարժվելով էլ՝ դեմ են արտահայտվում հատկապես Վահրամ Ավետիսյանին: Ընդգծենք, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 132 պատգամավոր ունեցող այս խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է, այսինքն՝ այդքան պատգամավոր պետք է կողմ քվեարկի թեկնածուին, իսկ դատելով այն հանգամանքից, որ 88 հոգանոց «Իմ քայլ»-ում տարբեր տեսակետներ են, չի բացառվում, որ առաջիկայում ընտրությունները կարող են տապալվել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ խմբակցության առանձին պատգամավորներ զարմացել էին նախագահի այս քայլով՝ դատելով այն հանգամանքից, որ նրա կողմից առաջադրած թեկնածուն մեկ անգամ արդեն մերժվել էր այս խմբակցության կողմից, բայց, փաստորեն, դա չէր խանգարել եւս մեկ անգամ նրան առաջադրել: Եվ պատգամավորների մի մասը շարունակում է մնալ իր կարծիքին, եւ հայտնել են, որ դեմ են քվեարկելու. թե ինչ դիրքորոշում կունենա ամբողջ խմբակցությունը կամ մյուս պատգամավորները, թերեւս ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, այսօր «Իմ քայլը» կհավաքվի՝ հասկանալու համար՝ ինչպես լուծել ՍԴ դատավորների թեկնածուների հարցը։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է հանդիպում անցկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Մեր տեղեկություններով՝ խմբակցությունում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պատգամավորները պետք է այդ օրն ուղղեն նախարարին եւ լսեն նրա պատասխանները: Մենք տեղեկացանք, որ այդքան կուտակված հարցերի պատճառը վերջերս այս ոլորտում կատարվող փոփոխություններն են, որոնք անգամ հանգեցրել էին ուսանողների կողմից բողոքի ակցիայի, ինչպես նաեւ տարբեր քննադատությունների՝ արդեն կրթական նոր չափորոշիչների մասով: Եվ այս ամիսներին կուտակված բողոքներից առաջացած հարցերն էլ պատգամավորները պատրաստվում են ուղղել նախարարին: Նկատենք, որ վերջերս խորհրդարանում կրկին քննարկում էր անցկացվել. ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը քննարկում էր անցկացրել ոլորտի խնդիրների վերաբերյալ, սակայն նախարարը չէր ներկայացել, որն էլ առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Եվ հենց դա է պատճառը, որ այս անգամ խմբակցությունը որոշել է ի վերջո «բերման ենթարկել» Արայիկ Հարությունյանին եւ դռնփակ նիստում ուղղել բոլոր հարցերը:

 

 

Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու եւ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում կդադարի լինել Վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ ո՞վ կարող է դառնալ ՀՀ վճառաբեկ դատարանի նախագահ: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի Բարձրագույն դատական խորհուրդը, որի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայն: Այսպիսով, քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ ձայներ» ստացած թեկնածուն: Բացի այդ, Դատական օրենսգրքում պահանջներ կան, որին հավակնելու պարագայում էլ հնարավոր է դառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, եւ Վճռաբեկ դատարանի բոլոր 16 դատավորները, բացի դատավոր Ստեփան Միքայելյանից, որը ընտրվեց ԲԴԽ անդամ, հավակնում են դառնալ Վճռաբեկ դատարանի նախագահ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի շատ դատավորներ ներքին կարգով ասել են, որ դիմելու են ԲԴԽ եւ հրաժարվելու են, որ իրենց անունը ընդգրկվի ցուցակում: Իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի դատավորներից Էդգար Սեդրակյանը եւ Գոռ Հակոբյանը ներքին կարգով ասել են, որ ցանկություն ունեն ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գոռ Հակոբյանից, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ նշելով, որ գտնվում է հիվանդանոցում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020 թվականի ինն ամսվա հաստատված ցուցանիշի 68.1 տոկոսը:  Բացի այդ, նույն օրվա դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.1 տոկոսով կամ շուրջ 42.2 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 17.2 տոկոսով կամ 116.1 մլրդ դրամով: Իսկ հուլիսի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 775.8 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա հաստատված ցուցանիշի 66.9 տոկոսը։ Բացի այդ, 2020 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. առաջին կիսամյակի համար հաստատված ցուցանիշի 88.3 %-ը կամ շուրջ 90 մլրդ դրամով պակաս։ Ընդ որում, 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 4.6%-ով կամ 33.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 18.7 %-ով կամ 107.4 մլրդ դրամով։

 




Լրահոս