ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՉԿԱ, ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ԷԼ ՀԵՏ ՉԻ ԵԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին  ու Արեւիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ չնայած Խաչատրյանի կարգադրությանը՝ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը չեն արձագանքել ու չեն վերադարձել իրենց աշխատանքին:

 

Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել էր հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Բանն այն է, որ հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո՝ 21-օրյա ժամկետում, չէր ստորագրել այն եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը փոխանցվել էր ԱԺ նախագահին:

Հավելենք նաեւ, որ հունիսի 26-ից ուժի մեջ մտավ ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չէր ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը եւ չէր ուղարկել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։ Հիշեցնենք, որ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար կառավարության, ՀՀ նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում։ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է իրականացվի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից Armlur.am լրատվականը փորձել է պարզել, թե ինչ է պատճառաբանել Հրայր Թովմասյանը, եւ արդյոք հայտնի է, թե երբ է Հրայր Թովմասյանը վերադառնալու արձակուրդից: Ղազարյանից փորձել ենք պարզել, թե ինչ իրավիճակ է ՍԴ-ում երեք դատավորների եւ Հրայր Թովմասյանի բացակայությունից հետո:

-Պարո՛ն Ղազարյան,  Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Արդյոք Հրայր Թովմասյանն արդեն վերադարձե՞լ է աշխատանքի:

-Հուլիսի 23-ին պարոն Խաչատրյանը Հրայր Թովմասյանի՝ արձակուրդից վերադառնալու վերաբերյալ կարգադրություն է ստորագրել, դեռեւս պարոն Թովմասյանը հետ չի եկել արձակուրդից: Մենք չգիտենք՝ ինքը ստացել է կարգադրությունը, թե չի ստացել:

-Այսինքն՝ իր հետ չե՞ք զրուցել, տեղեկություն չունե՞ք, թե ինչ է որոշել Թովմասյանը, երբ է վերադառնալու արձակուրդից:

-Ոչ, չեմ խոսել, որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ որոշում ունի պարոն Թովմասյանը: Ինքը արձակուրդում է ու այդ ընթացքում էլ դատարան չի վերադարձել, որ հանդիպեն, խոսեն, իր հետ կապ չունեմ:

-Քանի որ այս ժամանակահատվածում Սահմանադրական դատարանում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել՝ երեք դատավորներ եւ ՍԴ նախագահը չեն պաշտոնավարում, ի՞նչ աշխատանքային պրոցես է այս պահին այնտեղ:

-Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնավարումը ժամանակավոր կատարում է Աշոտ Խաչատրյանը, ու եթե հարցեր կան, ապա պետք է դիմել պարոն Խաչատրյանին, քանի որ ինքն է իրավասու պատասխանել նման հարցերին:

-ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունից հետո արդյոք Սահամանադրական դատարանում նիստեր տեղի՞ են ունեցել, թե՞ խաթարվել են ՍԴ աշխատանքները:

-Հունիսի 30-ից իրավազոր աշխատակարգային նիստեր եւ Սահմանադրական դատարանի նիստեր տեղի չեն ունեցել:

-Իսկ երեք արդեն նախկին դատավորներ Թոխյանը, Գյուլումյանը եւ Նազարյանը  Սահմանադրական դատարան այլեւս չե՞ն ներկայանում, իրենք հեռացե՞լ են ՍԴ-ից:

-Ոչ, իրենք Սահմանադրական դատարան չեն եկել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է

Դեռեւս հունիսի 30-ին «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն էր ներկայացվել 9 էջից բաղկացած «Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում»։

 

«Ըստ էության, ներկայացված հաղորդումը միտված է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն»,-հայտարարել էին երեք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչները:

«Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու եւ Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաեւ նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք հանցակցությամբ տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին եւ այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները»,-պնդում էին երեք կուսակցությունները: Այնուհետեւ՝ հուլիսի 2-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմումն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով։

Armlur.am-ը տեղեկացել է, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է երեք կուսակցության դիմումը: Ըստ պաշտոնական փաստաթղթղի՝ ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ներկայացնող մի խումբ անձանց կողմից լիազորությունների անցմամբ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները դադարեցնելու եւ ՍԴ նախագահին պաշտոնավարումից զրկելու վերաբերյալ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քերական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՉԻ ՈՐՈՇԵԼ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռեւս չի որոշել՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին հրապարակումներից հետո վարույթ հարուցվելու է, թե ոչ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, որ ուսումնասիրությունները շարունակվում են, եւ մի հարցի հետ կապված դեռ պատասխանի են սպասում, որից հետո էլ որոշում կկայացնեն:

Հիշեցնենք, որ  հուլիսի 26-ին Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքին պատգամավորի մասնակցության հարցը դեռ բուռն կերպով քննարկվում է մինչ օրս։ Եվ այդ բուռն քննարկումների պատճառը ոչ թե դիմակ չկրելը կամ, օրինակ, նարգիլե օգտագործելու փաստն էր, այլ այն տեղեկությունները, թե  տարածքը պատկանում է հենց պատգամավորին: Եվ այդպիսի խոսակցությունների պատճառ էր նաեւ այն հանգամանքը, որ փաստաթղթերով այդ տարածքը պատկանում է ոմն Արտյոմ Մելքումյանի, որը երկար տարիներ աշխատել է պատգամավորի ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում որպես վաճառող:

Հավելենք, որ երեկ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցության ժամանակ որոշում կայացրեց եւ հանձնարարեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին սկսել լողափի աշխատանքների կասեցման եւ ապամոնտաժման գործընթաց:

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինից ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը ԲԴԽ-ը բավարարել է։

Արդյունքում, դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ, ահա, Արա Կուբանյանի միջնորդությունը դատարանը մերժեց: Այս որոշման հետ չի հաշտվել ՀՀ գլխավոր դատախազությունը եւ այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:




Լրահոս