Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը առաջադրվեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու եւ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում կդադարի լինել Վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ ո՞վ կարող է դառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

 

ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս, եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

  1. Վճռաբեկ դատարանում դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի՝ Վճռաբեկ դատարանում առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում:
  2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված ցուցակում ընդգրկված դատավորների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
  3. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի է առնում նախագահի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները բնութագրող հատկանիշներ, այդ թվում՝

1) դատավորի մասնագիտական հեղինակությունը,

2) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը,

3) դատավորի կազմակերպչական եւ կառավարչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանքի փորձառության դեպքում այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած հմտություններն ու որակները բնութագրող այլ հատկանիշներ:

  1. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է բաց քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:
  2. Քվեարկության ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն)
  3. Քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայներ ստացած թեկնածուն:
  4. Քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին նրա անձնական գործի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:
  5. Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով: Դատական օրենսգրքի պահանջներն ունենալով՝ փաստ է դառնում մեկ բան, որ ՀՀ վճռաբեկ դատարանի բոլոր 16 դատավորները, բացի Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանից, որը ընտրվեց ԲԴԽ անդամ, հավակնում են դառնալ Վճռաբեկ դատարանի նախագահ: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի շատ դատավորներ ներքին կարգով ասել են, որ դիմելու են ԲԴԽ եւ հրաժարվելու են, որ իրենց անունը ընդգրկվի ցուցակում: Իսկ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից Էդգար Սեդրակյանը եւ Գոռ Հակոբյանը ներքին կարգով ասել են, որ ցանկություն ունեն ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գոռ Հակոբյանից, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ գտնվում է հիվանդանոցում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԻՆԸ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ոստիկանության Կումայրիի բաժնի եւ «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 3-ին՝ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Շիրակ» օդանավակայանից Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 65-ամյա Հրանուշ Ղ.-ն, որը 2004թ. փետրվարի 19-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:  Հրանուշ Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

 

ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակություն է կատարվել։ Ատրճանակով զինված մի տղամարդ մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել։ Ներսում գտնվողները աղմուկ են բարձրացրել ու օգնություն խնդրել։ Տարածքում ծառայություն իրականացրած Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, արագ արձագանքելով քաղաքացիների օգնության կանչերին, տեղում վնասազերծել են տղամարդուն եւ բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բաժնում պարզվել է կասկածվողի ինքնությունը՝ Երեւանի բնակիչ, 33-ամյա տղամարդ է։ Նա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ատրճանակն առգրավվել է։

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։ Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը: Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:

 

 

ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է

Երեկ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա տղա երեխա։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 18-ին Ավան վարչական շրջանի իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետեւանքով։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ArmLur.am-ի հետ զրույցում ԲՀԿ երիտասարդների միության փոխնախագահ Արտավազդ Ալեքսանյանը հայտնեց, որ իրեն կանչել են հարցաքննության: Ըստ մեր զրուցակցի՝  քրեական գործի շրջանակներում շուրջ 100-ից ավել երիտասարդ հարցաքննվել է: Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննչական խումբ է ստեղծվել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի համակիրների կողմից ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիայի գործով: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն հանձնարարականներ է տվել մարզերի տարբեր բաժանմունքներին:

Իսկ ի՞նչ հանձնարարականի մասին է խոսքը: Բանն այն է, որ հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել այնպիսի անձինք, որոնք մարզերում են ապրում, եւ քանի որ քրեական գործով տասնյակից ավելի անձիք կան, նախաքննական մարմինը չի հասցնում մարզերի բնակիչներին կանչել, ուստի մարզային քննչական բաժինների ղեկավարներին է հանձնարարել նրանց հարցաքննելու գործընթացը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ-ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը եւ անցկացնելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրել մոտ 100 անձի, որոնց մեջ են եղել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը, «Առինջ մոլի» փոխտնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը, ԲՀԿ երիտասարդական միության նախագահ Աշոտ Անդրեասյանը եւ միության մի խումբ երիտասարդներ: Սակայն արձանագրենք, որ 1,5 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում տարվող քննության արդյունքներով դեռեւս չկա մեղադրյալ կամ կասկածյալ, իսկ թե հետագայում ով կհայտնվի թիրախում, սպասենք զարգացումներին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս