ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏԸ՝ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԱՃՈՒՅՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին աշխարհի հետ կապ չկա, սահմանները փակ են, զբոսաշրջիկների ելումուտն էլ՝ արգելված: Համավարակով պայմանավորված՝ շարունակում է տուժել զբոսաշրջային ոլորտը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում նշել էր, որ մինչեւ զբոսաշրջային սեզոնի ավարտը Հայաստանում միջազգային թռիչքները չեն վերականգնվի: Այս սահմանափակման մեջ վարչապետը փորձել էր նաեւ լավ բան գտնել` այն անվանելով Հայաստանի նոր անկյունները բացահայտելու հիանալի հնարավորություն:

Չէ՞ որ այս օրերին տուրիստական ոչ մի ընկերություն չի աշխատում, եւ շատ քիչ տուրօպերատորներ կան, որ գործում են, եւ դրանք էլ զբաղվում են ներքին տուրիզմով: Նաեւ ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների մեջ այս ընթացքում ստեղծվել է լուրջ մրցակցություն, արդյունքում գներն են նվազում:

Բայց եթե մտադիր եք կորոնավիրուսային այս պայմաններում ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, ապա պետք է արագ կողմնորոշվեք վայրն ընտրելու հարցում: Մեր հանրապետության, մեղմ ասած, թանկարժեք հյուրանոցներում ու հանգստյան տներում այս օրերին արդեն գրեթե բոլոր տեղերը պատվիրված են: Եթե ազատ տեղեր կան, ապա բավականին թանկ են: Կոտայքի մարզը, հատկապես՝ Ծաղկաձորը, Աղվերանը, Հանքավանը, համեմատաբար պասիվ են եղել այս տարվա մայիս, հունիս եւ հուլիս ամիսներին։ Դա պայմանավորված է կորոնավիրուսով, որովհետեւ այդ քաղաքների հյուրանոցներում էին գտնվում նաեւ ինքնամեկուսացված անձինք: Անգամ հուլիսին ծաղկաձորյան հյուրանոցները նվազեցրին սակագները:

Բայց այս օրերին ArmLur.am-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, որ հյուրանոցների սեփականատերերն այս օրերին ակտիվություն են նկատել եւ բարձրացրել են ծառայությունների գները:

ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզեց, որ Աղվերանի «Արարատ» հանգստյան տանը մինչեւ օգոստոսի 19-ը ազատ համարներ չկան: Աղվերանի մյուս՝ «Արթուրս» հանգստյան տանը մեկ օրվա երկտեղանոց համարի արժեքը երկու անձի համար կազմում է 34 հազար դրամ. արժեքի մեջ մտնում է միայն նախաճաշ: Եթե 2 գիշեր եւ ավելի եք ցանկանում մնալ, ապա գինը նվազում է 3000 դրամով՝ դառնալով 31 հազար դրամ: Ի դեպ, Աղվերանի «Կրիստալ» եւ «Լիլիթ» հանգստյան տներում եւս ազատ համարներ չկան: Սեւանի «Նոյ լենդ» հյուրանոցի երկտեղանոց մեկ քոթեջի արժեքը կազմում է 33 հազար դրամ, գնի մեջ ներառված է միայն նախաճաշը:  Իսկ, ահա, Սեւանի «Գլաձոր»-ի մեկ քոթեջի արժեքը կազմում է 25 հազար դրամ: Սեւանի «Կապույտ Սեւան» հանգտսյան տան երկտեղանոց համարի արժեքը կազմում է 22 հազար դրամ, գնի մեջ ներառված է միայն նախաճաշը, իսկ, ահա, նույն հանգստյան տան քոթեջի արժեքը 100 հազար դրամ է: Դիլիջանի «Թեժ լեռ»-ում, «Կոզի հաուս»-ում եւս ազատ համարներ չկան:

Հավելենք, որ օրեր առաջ խորհրդարանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել պատգամավորների հետ եւ սրտատրոփ սպասում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտի համար մշակվող պետական աջակցության ծրագրին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս