«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ անկեղծ զրույց է ունեցել երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հետ։ Երգչուհու հետ զրուցել ենք առաջիկա անելիքների, կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունների իր տեսալականի մասին։
-Սյուզաննա՛, այս շրջանում ինչո՞վ եք զբաղված:
-Ինչպես ցանկացած արվեստի ներկայացուցիչ, իհարկե հարգելի պատճառներով տեւական դադարից հետո ունեմ մեծ ասելիք իմ երկրպագուներին: Այս ժամանակահատվածն ամեն դեպքում փորձել եմ ռացիոնալ օգտագործել, եւ որքան էլ որ տեխնիկական, մասնագիտական խնդիրների առաջ եմ կանգնել, ինչի մասին չեմ վախենում բարձրաձայնելուց, բայց, այդուհանդերձ, մեծ նպատակներ ունեմ, որոնք հիմնականում կապված են դրսի շուկայի հետ: Ցանկանում եմ նախագծերի եւ մրցույթների տեսքով հանդես գալ դրսում` Ռուսաստանի Դաշնությունում եւ Եվրոպայում: Եթե համաճարակային այս իրավիճակը չլիներ, գուցեեւ այս շրջանում ես արդեն Հայաստանում չլինեի, բայց, ինչպես ասում են, ոչ մի բան հենց այնպես տեղի չի ունենում: Շատ պլաններ ունեմ ապագայի հետ կապված, ուզում եմ վերականգնել խումբս: Վերջապես ունենալ իմ սեփական երգն ու տեսահոլովակը:
-Ինչո՞ւ եք ձգտում հատկապես դրսում հանդես գալ: Չե՞ք վախենում դժվարություններից, եւ ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:
-Շատ եմ ցավում, բայց մենք ունենք շատ փոքրիկ շուկա, եւ կան սուբյեկտներ, որոնց ասելիքը բավականին մեծ է՝ շուկայի հետ համեմատած, եւ լավ թե վատ, ես էլ այդ մարդկանցից եմ: Մի տեսակ մենք այնպիսի կետում ենք հայտնվել, որ չենք տեղավորվում այս փոքրության մեջ: Երբ նոր էինք քայլեր կատարում, երբ պետք էր մեզ հանդիսատեսը ճանաչեր, ամեն ինչ այլ էր, բայց ամեն ինչ ունի իր սկիզբը, շարունակությունը եւ ավարտը: Եվ ես՝ որպես միջազգային հարթակում փորձ ունեցած մարդ, կարող եմ փաստել, որ այնտեղ բոլորովին այլ լիցքեր են: Առաջինը` տեխնիկական, մոտեցման, մշակույթի, մենտալիտետի առումով դու քեզ որպես երգչուհի զգում ես բավարարված, երկրորդ` լսարանդ ավելանում է, բայց նաեւ շատ կարեւոր է այդ լսարանը պահելը: Կարեւոր է, որ մարդիկ քեզանից չհոգնեն, թողնել, որ քեզ կարոտեն: Եվ հիմա ես մի ցանկություն եւ երազանք ունեմ՝ ունենալ մենահամերգ սիմֆոնիկ նվագախմի հետ, որտեղ կհնչեն այնպիսի երգեր, որոնք իմ աշխարհի, իմ մասին են: Ճիշտ է, հիմա դա հնարավոր չէ, քանի որ մեզ մոտ հիմա ամեն առումով է դադար: Պետք է որոշակի ժամանակ հետընթաց վիճակից առաջընթաց շարժվելու համար: Իսկ միջազգային հարթակ դուրս գալու համար հիմա ես մտածում եմ՝ ինչ անեմ, ինչքան աշխատեմ, ուր հասնեմ, որ կարողանամ նման պրոֆեսիոնալներից մեկը դառնալ, ինչ անեմ, որ կարողանամ նոր բան այնտեղ ներկայացնել: Այս հարցրի շուրջ դեռ մտածում եմ, այդ հարթակ մտնելը ֆանտաստիկ բարդ է, դեռ չեմ փորձել, դեռ լսել եմ, բայց ասում են, որ շատ ես ցանկանում եւ շատ ես աշխատում, իրականություն են դառնում:
-Սյուզաննա՛, խոսենք նաեւ կնոջ կերպարի Ձեր պատկերացումների մասին: Կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:
-Այնպիսի տարիքում եւ հոգեվիճակում եմ, որ մեկը մյուսով է: Բնությունը մեզ ստեղծում է որպես կին, բայց դու քո կենսափորձով կարող ես լինել կին եւ կարող ես կորցնել դա: Դրանք մի քանի սինդրոմներով են պայմանավորված` կենցաղ, անձնական կյանքի բախումներ, չափից դուրս կարիերիստ լինելը կամ հակառակը: Ես ինքս, որքան էլ որ փորձում եմ չմոռանալ ինձ` որպես տան աղջիկ, բայցեւ տեսակով կարիերիստ եմ:
-Ո՞ր ոլորտում են կանայք առավել հաջողում՝ ըստ Ձեզ: Օրինակ՝ ռեժիսուրայի ասպարեզում, համեմատած տղամարդկանց հետ, շատ հաջողակ կանանց չենք տեսնի, եւ դա ամբողջ աշխարհում է այդպես:
-Ինչպիսի ոլորտ էլ որ լինի, միայն այն, որ կինը ծնվում է երեխա լույս աշխարհ բերելու առաքելությամբ, կարծում եմ՝ սրանից զատ արդեն կարեւոր չէ, թե որ բնագավառում նա կլինի: Իսկ եթե շատ մասնագիտորեն վերլուծենք, ինձ համար կինն ավելի գեղեցիկ դրսեւորվում է իրեն հարիր մասնագիտությունների մեջ: Նպատակ չունեմ ոչ մեկի վիրավորել, բայց երբեք սպորտսմեն աղջիկների չեմ կարողացել հասկանալ: Սպորտով զբաղվելը շատ լավ բան է, բայց երբ այն վերածվում է տիտղոսների, ինձ թվում է դա, ամեն դեպքում, կարող է հոգեբանության վրա ազդել: Ինձ համար կանայք ավելի գեղեցիկ են պարարվեստում, երգարվեստում, դերասանի վարպետության մեջ:
-Կինը ինչպիսի՞ն չպետք է լինի: Կա՞ մի հատկություն, որը նկատել եք որոշ կանանց մոտ եւ այն վանել է Ձեզ:
-Ինձ վանում են տղամարդուն իշխող կանայք: Կինն ամեն պարագայում պետք է չկորցնի իր կանացիությունը: Կանացի լինել միայն չի նշանակում շպարվել, լինել հարդարված մազերով եւ եղունգներով: Իմ կարծիքով՝ կին լինելը հոգեվիճակ է: Կինն ինչպես իրեն մատուցում է, հակառակ սեռի ներկայացուցիչն այդպես էլ ընկալում է:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՏԱԴԻՐ ՉԷ
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր չէ նոր ձեռքբերումներ ունենալ: Արքայական ակումբը պատրաստ է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, եթե կարողանա վաճառել թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին: «Ռեալի» համար ֆինանսական ծանր բեռ է նաեւ Բեյլի բարձր աշխատավարձը: Նշվում է, որ 31-ամյա Բեյլը մտադրություն չունի հեռանալ «Ռեալից» եւ ցանկանում է ակումբում մնալ մինչեւ պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտ՝ 2022 թվականի հունիս:
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 2019 թվականի հոկտեմբերին ցանկություն է հայտնել տեղափոխվել Փարիզի ՊՍԺ: 35-ամյա հարձակվողը դժգոհ է եղել «Յուվենտուսի» մրցելույթներից եւ իր մտերիմների հետ զրույցում նշել, որ կցանկանար խաղալ Նեյմարի ու Մբապեի կողքին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով «Յուվենտուսը» քննարկում է Ռոնալդուին վաճառելու հնարավորությունը: Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: