Խմբակցությունում բավականին երկար քննարկել ենք ՍԴ դատավորների թեկնածությունները. Վլադիմիր Վարդանյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Բանն այն է, որ Վարդանյանի եւ սեփական թիմի միջեւ աշխատանքներն այդքան էլ հարթ չեն ընթանում, ու կարելի է ասել, որ Վարդանյանին դուրս են թողել գրեթե բոլոր իրավական հարցերին առնչվող գործընթացներից: Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում իրավական հատվածը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի նշանակումը, կարծես թե, հենց այդ նպատակն էլ ուներ:

Նկատենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին եւս Վարդանյանը առաջվա նման ակտիվ մասնակից չի եղել: Լուրեր են պտտվում, որ իշխանության ներսում Վարդանյանից հիասթափվել են, քանի որ սկզբում կարծել են, որ Վարդանյանը, լինելով նախկինում ՀՀ ՍԴ խորհրդական, կկարողանար լուծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը, սակայն ցանկալի արդյունքը արձանագրվեց միայն վերջին սահմանադրական փոփոխությամբ:

Ու սա պատճառ է դարձել, որ լարվել են փոխհարաբերությունները, իսկ Վարդանյանն էլ այնքան է հիասթափվել այս վիճակից, որ հնարավոր է նույնիսկ հրաժարվի իր պաշտոնից, իմքայլականները եւս չեն բացառում, որ Վարդանյանը ստեղծված իրավիճակից ելնելով դադարեցնի իր աշխատանքը, որպես հանձնաժողովի նախագահ:

Մենք զրուցել ենք Վլադիմիր Վարդանյանի հետ, պարզելու համար, թե որքանով են իրական այս տեղեկությունները:

-Պարոն Վարդանյան ըստ մեր տեղեկությունների Ձեր թիմը կարծես, թե Ձեզ դուրս է թողել իրավական հարցերի հետ կապված բոլոր պրոցեսներից, որեւէ ձեւով Ձեզ չներառելով բոլոր այն հարցերին, որոնք անձամբ Ձեզ է առընչվում: Ինչո՞ւ Ձեր կարծիքը հաշվի չեն առնում Ձեր հարազատ թիմում:

Ես չգիտեմ, թե ձեզ մոտ որտեղից են այդ տեղեկությունները, նման բան իրականում գոյություն չունի հավատացնում եմ ձեզ: Մենք եւ խմբակցությունում բավականին երկար քննարկել ենք թեկնածությունները Սահմնադրական դատարանի դատավորների, եւ ընդհանրապես մնացած հարցերում էլ մենք միասին շատ արդյունավետ աշխատանք ենք իրականացնում:

-Բայց մեր տեղեկություններով կառավարությունը հիմնականում դիրքորոշում «հարցնում» է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից ու կարելի է ասել Ձեզ զրկել են այդ ոլորտում դիրքորոշում ներկայացնելու, դա այդպես է, թե ոչ:Նույնիսկ նշվում է, որ լինում են դեպքեր, երբ ներկայացված նախագծերն են Ձեզ համար անակնկալ լինում:

-Զավեշտալի եմ համարում այդ քննարկումները, որովհետեւ մենք Բադասյանի հետ ամենօրյա ռեժիմով խոսում ենք, մենք ամենօրյա ռեժիմով հաղորդակցվում ենք, նախագծերի հետ կապված նույնիսկ ժամանակացույց ունենք, ըստ որի էլ փորձում ենք շարժվել առաջ՝ հաշվի առնելով, մեր ընթացիկ խնդիրները: Ինչ վերաբերվում է մեր հարաբերություններին, մեր առօրյա գործունեությանը, ապա հավաստիացնում եմ, որ նման բան չկա: Ես չգիտեմ, թե որտեղից են նման տեղեկությունները, բայց բացարձակապես որեւէ նման խնդիր չեմ տեսնում, մենք նույնիսկ արձակուրդի ժամանակ  ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք, եւ արդարադատության նախարարի եւ փոխնախարարների հետ, քննարկում ենք բոլոր այն հարցերը որոնք դրված են օրակարգում: Իհարկե հարգելով այն սկզբունքը, որոնք կան, հարգելով եւ կառավարության լիազորությունները, եւ ԱԺ-ի, եւ դատական, մենք պահպանելով այդ ամենը շարունակում ենք մեր առօրյա գործունեությունը: Եւ զարմանում եմ, որ այսպիսի խոսակցություններ են տարածվում;

Նույնիսկ տեղեկություններ կան, որ այնքան լարված է իրավիճակը, թե հնարավոր է հրաժարվեք հանձնաժողովի նախագահի Ձեր պաշտոնից:

Դրանք հավաստիացնում եմ ձեզ, անհիմն են, մենք հանձնաժողովականներով աշխատում ենք, քննարկումներ են կազմակերպում:

-Իսկ ըստ Ձեզ, Ձեր թիմը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից:

-Ես չեմ կարող գանահատել, իմ աշխատանքը պետք է գնահատեն իմ ընտրողները:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 




Լրահոս