ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օնիկ Գասպարյանի խիստ հրահանգը. ինչու են մերժվել պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների՝ այս տարի՝ հայ-ադրբեջանական սահմանում սկսված լարվածության ժամանակ, հանրությունն ականատես չեղավ պաշտոնյաների, որոնք մեկնեցին սահման, սելֆիներ արեցին զինվորների հետ: Սակայն բոլորս ենք հիշում, թե ինչ իրավիճակ էր տարիներ առաջ՝ Ապրիլյան պատերազմի թեժ օրերից հետո. տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, լրագրողներ, նաեւ տարբեր անհատներ առիթը բաց չէին թողնում առաջնագիծ մեկնելու, այնտեղից լուսանկարներ հրապարակելու համար՝ հայտարարելով, թե զինվորների կողքին են եւ անգամ ամենափոքր օգնությունն էլ փորձում էին գովազդել:

Հիմա իրավիճակը միանգամայն այլ է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սահմանային այս լարվածությունից հետո էլ մի շարք պատգամավորներ, պաշտոնյաներ, գործարարներ, հայտնիներ անձամբ են դիմել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին՝ սահմանագիծ մեկնելու ցանկությամբ, սակայն մերժում են ստացել: Մեր տեղեկություններով՝ Զինված ուժերի ղեկավարությունը նրանց հստակ ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նպատակահարմար չէ գնալ սահմանագիծ եւ շփվել զինվորների հետ: Բացատրվել է, որ այդպես փորձ է արվում կանխարգելել վարակի տարածումը բանակում:

Ընդ որում, նկատենք, որ Պաշտպանության նախարարությունն օգոստոսի 5-ին հայտարարություն էր տարածել եւ ընդգծել, որ անգամ նորակոչիկների երդման արարողության ժամանակ թույլ չեն տալու ծնողների ներկայությունը: Եվ, բացի այս արարողությունից, փաստորեն առհասարակ առաջնագծում ծառայող զինվորների հետ շփում որեւէ մեկին չի թույլատրվել, չնայած դիմողների պակաս չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս