
Հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը, որոնք ուղղված են ՀՀ պարետի որոշումների կատարման ապահովմանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: Այսօր Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանի խոսքով, թեպետ ստուգայցերը իրականացվում են հիմնականում մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, այնուամենայնիվ, առաջիկայում ստուգումների շղթան կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերի մանկապարտեզները: Ընդհանուր առմամբ Տեսչական մարմնի կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 800 մշտադիտարկումներ, ինչի արդյունքում խախտումների հայտնաբերման կորը մոտենում է զրոյի:
Կրթության տեսչական մարմինը շարունակելու է ուժեղացված վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում և հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոններն ու հետևել պարետի ցուցումներին, տեղեկացնում են տեսչական մարմնից: