Ինչպես հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Facebook, Google և տասնյակ այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում օգոստոսի 7-14-ը հռչակվել է դիմակ կրելու համաշխարհային շաբաթ:
«Առաջիկա օրերին ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կմիանան ԱՀԿ-ի` դիմակ կրելու կոչին, որի գլխավոր նպատակը վիրուսի հաղթահարման գործում միասնական ջանքերի և անձնական պատասխանատվության կարևորումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դիմակ կրելու շաբաթն ուղեկցվելու է նաև սոցիալական ցանցերում հայտարարված ֆլեշմոբով, որի շրջանակում մարդիկ պետք է տեղադրեն լուսանկար և պատմեն, թե հանուն ինչի՞ են հետևում հակահամաճարակային կանոններին:
«Դիմակ կրելով և այդ կոչն անելով մյուսներին, դու միանում ես համավարակի դեմ աշխարհի միասնական պայքարին»,- ասված է հայտարարությունում: