ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ, ովքեր աջակցություն են ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին, ինչպես նաև ՌԴ տարբեր մարզերում բնակվող բոլոր այն անհատներին, ովքեր համավարակով պայմանավորված իրավիճակում արձագանքել են դեսպանության կոչին ու իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորման, հյուրատներում ժամանակավոր կացության, սննդի ապահովման և մի շարք այլ հարցերում։

Իր խոսքում Տողանյանը, մասնավորապես, ընդգծել է, որ միահամուռ ջանքերով դժվարին պայմաններում հնարավոր է դարձել կարգավորել բազմաթիվ քաղաքացիների խնդիրներն ու հաղթահարել ստեղծված խնդրահարույց իրավիճակը։

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարբեր հարցերի շուրջ, կարևորվել են շարունակական շփումները։

ՀՀ քաղաքացիներին համավարակով պայմանավորված իրավիճակում տարբեր ուղղություններով աջակցություն ցուցաբերած խմբերի, կառույցների և անհատների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։




Լրահոս