«Հայաստան» համահայկական հիմնադրամն օգոստոսի 6-ից դրամահավաք է սկսել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու նպատակով:
Ինչպես առցանց քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, հիմնադրամը մշտապես աջակցության տարբեր ծրագրեր է ունեցել այն հայ համայնքների համար, որոնք ծանր վիճակում են հայտնվել: «Երեկ, վաղ առավոտից նաև դրամահավաք է սկսվել. հանգանակված միջոցներն ուղղվելու են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում լիբանանահայերին օգնելուն: Մեկ օրվա ընթացքում կայքում ունենք մոտ 200 նվիրատու և արդեն ավելի քան 40 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել»,-նշեց նա։
Արշամյանը նաև հավելեց, որ 2019 թվականի դեկտեմբերից սկսած՝ արդեն երկու անգամ ֆինանսական օգնություն է ցուցաբերվել Լիբանանի հայկական ուսումնական հաստատություններին՝ դեկտեմբերին՝ 150 հազար ԱՄՆ դոլար և այս տարվա մայիսին՝ 55 հազար ԱՄՆ դոլար: