Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, ուզում եմ հիշեցնել, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։ Նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։
Պարոն Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու: Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար», – հայտնում է խոսնակը։
Հավելենք, որ Դավիդյանցի՝ աշխատանքից ազատման մասին հայտնի դարձավ երեկ: ArmLur.am-ը գրել էր, թե ինչու Արսեն Թորոսյանն ազատվեց Դավիդյանցից եւ, թե ով է փոխարինելու նրան: