ArmLur.am-ի տեղեկություններով, օրերս Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում միջադեպ է տեղի ունեցել: Բանն այն է, որ Նորատուս համայնքի ձկնորսները ձուկ էին որսացել Սևանա լճից եւ սառնարաններում պահեստավորել՝ դրանք արտահանելու և Հայաստանից դուրս վաճառելու նպատակով: Եվ ահա, այս գործողությունների մասին տեղեկացել է Ազգային Անվտանգության Ծառայությունը, գնացել եւ կապարանակնքել է նրանց սառնարանները:
Արդեն դրանից հետո ԱԱԾ-ի գործողություններից վդրդովված նորատուսցիները փակել են ճանապարհը, արդյունքում գործին խառնվել է ոստիկանությունն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ նրանց հաջողվել է իրավիճակը հարթել ու ճանապարհը բացել են:
ԱԱԾ-ից ArmLur.am-ին պաշտոնապես հաստատեցին նման միջադեպ լինելու մասին տեղեկությունները՝ ասելով, թե քիչ անց նաև պաշտոնական հաղորդագրություն կլինի: Ավելին, մեր տեղեկություններով, իրավապահ մարմիններն այս հարցով ներքին քննարկումներ են ունեցել եւ նրանց վրդովեցրել է հատկապես այն հանգամանքը, որ ձկնորսները պատրաստվել են որսած ձուկը վաճառել արտերկրում, այլ ոչ թե Հայաստանում: