ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արթուր Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 10-ին հրավիրել է նիստ: Այս մասին տեղեկացնում ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Օրակարգում ներառված՝ «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ նախարարը նշել է, որ այն առաջացել է ԱՀ նախագահի 2020-2025թթ-ի գործունեության ծրագրերի որոշ դրույթների՝ 2020թ-ից իրականացման անհրաժեշտությամբ: Նախարարը ներկայացրել է ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները, որոնց հանրագումարում 2020թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126մլրդ 49 մլն 309,2հազ դրամ, ծախսերը՝ 135մլրդ 650մլն 717,7հազ դրամ, դեֆիցիտը կկազմի պակասուրդի 9մլրդ 601մլն 318,5հազ դրամը, ինչը, վերջինիս փոխանցմամբ, նախատեսվում է լրացնել փոխառու միջոցներից:
Ֆինանսների նախարարը նաև անդրադարձել է օրենքի նախագծի վերաբերյալ «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների առաջարկներին և տվել պարզաբանումներ:
ԱԺ պատգամավորները նախարարին են առաջադրել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հարցեր: Նախագծի շուրջ պարզաբանումներ է տվել նաև Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագիծը արտահերթ նստաշրջանում քննարկելու վերաբերյալ:
Այնուհետև գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը հանձնաժողովին է ներկայացրել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին առաջարկություն տալու մասին հարցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 85-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովը որոշում է Ազգային ժողովին տալ առաջարկություն.
1. Առաջին ընթերցմամբ ընդունված «ԱՀ 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
2. Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:
Հանձնաժողովն ընդունել է որոշումը:
Հաջորդիվ՝ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծը:, Նախարարի խոսքով՝ նախագծի մշակման անհրաժեշտությունը ծագել է կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությամբ:
«Այս օրենքով սահմանված պաշտոնատար անձանց ցանկում նախատեսվում է ավելացնել նոր ստեղծված կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Պետական վերահսկողական ծառայության պետի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, Բնապահպանութան կոմիտեի նախագահի, դրանց առաջին տեղակալների և տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը:
Հանձանաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել օրինագծին:
Նիստին մասնակցել են նաև Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը, Գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: