ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են քննչական բոլոր մարմինների վարույթում քննվող քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասների վերականգնումն ապահովելու նպատակով կիրառված միջոցների կիսամյակային արդյունքները, հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազության հանրային կապերի բաժնից:
Ըստ այդմ՝ 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած թվով 1283 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հարշվարկով 214․782․710․692 ՀՀ դրամի վնաս, որից 204․685․121․146 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 10․097․589․546 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը:
Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վերը նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 128․870․997․477 ՀՀ դրամը, որից 127․428․746․833 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 1․442․250․644 դրամը՝ համայնքներին։
Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 24906055052 դրամը, որից 24197560432 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 708․494․620 դրամը՝ համայնքներին։
Պատճառված վնասների վերականգնումը, հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել ընդհանուր առմամբ 84․502․200 ՀՀ դրամ գումարի, 5․838․598․990 ՀՀ դրամ հաշիվների վրա: Արգելանք է կիրառվել նաև 85 անուն շարժական և 148 անշարժ գույքերի, ինչպես նաև 22 հողատարածքների նկատմամբ, որից այս պահի դրությամբ գնահատված է 26․381․004․571 դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը իսկ մնացածի արժեքը որոշման ընթացքում է։
Վերը նշված թվով 1283 քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 873 անձ, որոնցից 529 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, կամ՝ որոշում կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։