Պաշտոնական տվյալներով, Հայաստանում հուլիսին հունիսի համեմատ էժանացել է բանջարեղենը, սննդամթերքն ու կաթնամթերքը, բայց թանկացել է՝ շաքարավազը, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը: Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.5 տոկոս գնանկում: Իսկ ահա կաթնամթերքի, պանրի ու հավկիթի շուկաներում հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 2.1 տոկոս գնանկում:
Միայն հավկիթը էժանացել է 8.7 տոկոսով: Մյուս կողմից նկատենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մսամթերքի շուկայում գնանկում է արձանագրել, սակայն մսավաճառները ArmLur.am-ի հետ զրույցում հակառակը պնդեցին՝ նշելով, որ մսի գինը 200-300 դրամով բարձրացել է: Պատճառը՝ անասնաբուժական 5-րդ ձեւն է, որը պետք է յուրաքնաչյուր մսավաճառ ունենա: Այն վկայում է սպանդանոցում կատարված մորթի ու սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշների պահպանված լինելու մասին։ Այս որոշման արդյունքում գյուղացու ծախսերն ավելացել են, ապա բարձրացրել են մսամթերքի գինը: Օրինակ, ըստ վիճակագրական կոմիտեի՝ մսամթերքի շուկայում այս տարվա հուլիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 4, իսկ հունիսի համեմատ՝ 1.1 տոկոս գնանկում: Չի թանկացել հացաբուլկեղենը, հակառակը՝ էժանացել է:
Պաշտոնական տվյալներով, հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի 0.2 տոկոս գնանկում: Իսկ ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան ու ծովամթերքի շուկաներում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Փոխարենը՝ թանկացել է շաքարավազը՝ 0.5 տոկոսով: Բարձրացել է նաեւ ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գինը: Հուլիսին հունիսի համեմատ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը թանկացել են 0.2 տոկոսով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.