Ինչ իրավիճակ է տիրում սպանդանոցային ծառայությունների ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ միասին այսօր մասնակցել են Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված «Արմակս» նոր սպանդանոցի բացմանը:

Ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր իսկ կարող է մատուցելու սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) եղջերավորների, ինչպես նաև խոզի սպանդ: Սպանդանոցն ունի թե 2 սառնարան-մեքենա՝ միսն ու ենթամթերքը իրացման ցանց հասցնելու, թե կենդանիների տեղափոխման մեքենա՝ կենդանիների տեղափոխումը 30 կմ շառավղով անվճար կազմակերպելու համար:

Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը, շեշտելով բակային մորթից սպանդանոցայինի անցնելու կարևորությունը, հիշեցրել է ՍԱՏՄ խստագույն վերահսկողության մասին՝ վստահեցնելով, որ օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում արվելու է ամեն ինչ սպառողին որակյալ ու անվտանգ մսով ապահովելու համար:

Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում, առաջիկայում սկսելու է այցելությունները հանրապետությունում գործող բոլոր սպանդանոցներ՝ դրանց գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին ստուգելու նպատակով: Մասնավորապես՝ կստուգվեն աշխատակիցների բժշկական գրքույկների առկայությունը, սպանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը, անասնաբուժական ձև 5 փաստաթղթի դուրսգրման պարբերականությունը, լաբորատոր-փորձագիտական հագեցվածությունը և այլն:

Հավելենք, որ այսօր Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց, որոնցից երկուսը՝ շարժական, կառուցման ավարտական փուլում են 15-ը, ներքին հարդարման ու սարքերի տեղադրման փուլում՝ 10-ը: Երկիր կներկրվի եվս 2 շարժական սպանդանոց:




Լրահոս