Պետական կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Հռիփսիմե Առաքելյանի հետ զրուցել ենք թատրոններում առկա ճգնաժամի, ելքերի, գնային քաղաքականության եւ այլ հարցերի մասին:
-Տիկի՛ն Առաքելյան, համավարակի այս ընթացքում մշակույթի գործիչները բազմիցս բարձրաձայնեցին թատրոններում առկա ճգնաժամի մասին: Կամերային թատրոնն այսօր ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել:
-Արդեն մարտի 16-ից օրինական կարգով, երբ մեր վերադաս գերատեսչությունը՝ ԿԳՄՍ նախարարությունն արդեն հրաման տվեց, եւ փակվեցին թատրոնները, իսկ դա նշանակում է, որ արդեն 4 ամսից ավել է՝ մշակութային օջախները, թատրոնները, գրադարանները, բոլոր-բոլոր մշակութային օջախները փակ են: Մեզ վերջին մեկ ամսվա ընթացքում թույլ տվեցին պարետի ցուցումով մինչեւ 7 հոգանոց փորձեր կազմակերպել, բնականաբար մենք այդ հնարավորությունից օգտվեցինք, չնայած Կամերային երաժշտական թատրոնն այս տարի նախատեսում էր չորս պրեմիերա: Ամենախոշոր պրեմիերան Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցին նվիրված հրաշալի ներկայացումն էր, որն արդեն բեմադրել էինք: Ավարտական աշխատանքներին մնացել էին ընդամենը մեկ շաբաթ, որը ի չիք դարձավ, դրա հետ եւս երեք ներկայացում: Ցավոք, մենք չկարողացանք այդ ներկայացումների պրեմիերաները ներկայացնել, բայց դրանցից մեկը, որը քիչ կազմով է, կկարողանանք ներկայացնել հանդիսատեսին: Դա մեր թատրոնի դերասան Կարապետ Քարաջյանի բեմադրությունն է: Մենք նաեւ նրան տվել էինք տարեսկզբին հնարավորություն՝ երիտասարդ բեմադրիչներին բեմ տրամադրելու սկզբունքից ելնելով, եւ այնպես ստացվեց, որ անմիջապես մենք ներքին ռեսուրսներով կկարողանանք այդ ներկայացումը պրեմիերա անել, երբ թույլ տան՝ թատրոնները բացվի, իսկ մյուս ներկայացումներն արդեն դրսից հրավիրված ռեժիսորներ էին, մշակույթի վաստակավոր գործիչներ էին, Վիգեն Ստեփանյանն էր մեզ մոտ… Պլանավորած աշխատանքներ շատ կան, եւ հուսով ենք, որ 2021 թվականին կկարողանանք ներկայացնել: Հիմա փորձերը՝ 6-7 հոգանոց, ընթանում են, եւ այս ներկայացումը Քարաջյանի արդեն պատրաստ է, եւ որ պահին որ պարետի որոշումը լինի, որ կարելի է թատրոնները բացել եւ աշխատանքների մեկնարկը տալ, մենք կունենանք արդեն նոր ներկայացում եւ անմիջապես պրեմիերան կանենք, դրա հետ միասին ունենք քիչ կազմով ներկայացումներ, որ դարձյալ կկարողանանք ներկայացնել: Ամեն դեպքում, բացվելուց հետո նոր կհասկանանք, թե ինչպես ենք սկսում աշխատանքները:
-Իսկ ֆինանսական մասով ի՞նչ խնդիրներ են առաջացել:
-Քանի որ մեր թատրոնը պետական է եւ գործում է նախարարության ներքո, լավ է այնքանով, որ պետական այդ չնչին աշխատավարձը գոնե այս պարագայում մեր կազմերը կարողացել են ստանալ, եւ այդ փոքր աշխատավարձը սուբսիդավորման տեսքով ամեն ամիս պետության կողմից ստանում ենք: Բնականաբար, մեր եկամուտները միայն դա չէ, եւ մենք ձեւավորում ենք արտաբյուջե՝ տոմսային տնտեսություն, կարողանում ենք տալ մեր դահլիճները վարձակալությամբ եւ նաեւ տոմսային տնտեսությունը վարել եւ այս երկու տարվա մեջ մենք կարողացել ենք բավականին մեծ ցուցանիշներ գրանցել, եւ դա նախարարությունն էլ տեսնում է: Մենք կարողացել ենք մեր խնդիրները հոգալ հիմնականում մեր արտաբյուջեի շնորհիվ: Այս գումարը, որ տալիս է պետությունը, բացառապես հիմնված է հաստիքացուցակի վրա. ո՛չ կարող ես հոնորար տալ, ո՛չ կարող ես պրեմիերաների ժամանակ դերասաններին պարգեւատրել. ինչպես գիտեք, պարգեւավճարները մեր երկրում ինչ մասշտաբների են հասնում, բայց մենք փորձում ենք այնպիսի տոմսային տնտեսություն վարել, որ գոնե երեք ամիսը մեկ աշխատավարձի կեսի չափով պարգեւավճար տալ: Թատրոններն ամբողջությամբ կանգնած են, հիմա այդ արտաբյուջեն չունենք… Ես չեմ սիրում թատրոնների ներքին խոհանոցի մասին խոսել, բայց բացառապես մեր թատրոնը կարողացել է իր ծախսերն հոգալ իր հնարավորությունների շրջանակում, այսինքն՝ նախարարությունը մեզ երբեք պատվեր չի իջեցնում ներկայացում անելու՝ ի տարբերություն մյուս թատրոնների: Եվ այսօր կորոնավիրուսի պատճառով շատ թատրոններ ստացան պետական պատվերներ: Ես կարծում եմ, որ այս ընթացքում մեր թատրոնը շատ լավ է աշխատել օնլայն հարթակում, իհարկե սա որեւէ աղերս չունի իրական թատրոնի հետ, պարզապես սա փորձ էր թատրոն-հանդիսատես կապը պահպանելու համար:
-Իսկ օնլայն հարթակում քա՞նի ներկայացում եք ունեցել եւ ի՞նչ դիտողականություն եք արձանագրել:
-Ունեցել ենք յոթ ներկայացում՝ «Տերն ու ծառան», «Անուշը», այդ թվում նաեւ մեր 30-ամյակին նվիրված ներկայացումը, եւ այլն: Իրականում դրանք շատ թանկ արժեն, տեսագրությունները, մոտաժային աշխատանքները , որոնք արվել են մեր թատրոնի միջոցներով, իհարկե դա մեր թատրոնի արխիվի համար է: Միայն առաջին ներկայացումը՝ ունեցել է 26 հազար դիտում: Դա մեզ համար ուրախալի փաստ էր՝ հաշվի առնելով, որ մեր թատրոնն ունի ընդամենը 180 նստատեղ:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՄԻԱՅՆ ՄԵԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ». ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն օրերս տոնել է ծննդյան 62-ամյակը: ArmLur.am-ը Արթուր Գրիգորյանից հետաքրքրվել է, թե ինչպես է կոմպոզիտորն անցկացրել ծննդյան տարեդարձը:
«Օրվա հետ կապված ոչ մի պլաններ չունեմ, ոտքս մի քիչ վնասվել է ու ընդհանուր օրն անցկացրել եմ իմ ամառանոցում, ընտանիքիս անդամների ու ընկերներիս հետ»,-նշում է նա:
Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ միայն մեկ ցանկություն ունի, որ ավարտին հասցվեն Երգի պետական թատրոնի դահլիճի վերանորոգման աշխատանքները, եւ թատրոնը նորից վերաբացվի:
«Շատ ձգձգվեց գործընթացը, իհարկե դա մեծ գումարների հետ է կապված, չգիտեմ, թե ինչպես կլինի: Շատ ոգեւորող է, եւ շատ ուրախ եմ, որ իմ մասին նորմալ ռեպորտաժներ էին պատարաստվել հեռուստաընկերություններով, ծննդյանս առավոտը շնորհավորեցին»,- հավելում է Արթուր Գրիգորյանը:
Հավելենք, որ Արթուր Գրիգորյանը սովորել է Երեւանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետեւ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-1983 թվականներին եւ 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում: 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը: 1994 թվականից հիմնադրել եւ ղեկավարում է Հայաստանի Երգի պետական թատրոնը: 1995-1998 թվականներին եղել է Երեւանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ եւ էստրադային համերգներ:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՖՖ-Ն ՄԻԱՑԵԼ Է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման եւ զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակում վերլուծության կերթարկվեն 13 ֆուտբոլային հաստատություններ (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ): Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգերի վերլուծության ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության մասնագետներն ուղիղ կապ կհաստատեն վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ եւ օնլայն հարցումների, տվյալների հավաքագրման, ինչպես նաեւ այցերի հիման վրա կտան վերջնական եզրակացություն։ Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում եւ կավարտվեն 2021-ին։
ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը օգոստոսի 10-13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին՝ Գարեգին Մաշումյան – «Լեո», Սարո Գալստյան – «Լեո», Հակոբ Ուզունյան – «Լեո», Գոռ Սարգսյան – «Լեո», Անդրանիկ Կարապետյան – «Լեո», Արթուր Մկրտչյան – «Լեո», Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս – «Լեո», Խաչատուր Միքայելյան – «Արարատ-Արմենիա», Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա», Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա», Արտյոմ Զարգարյան – «Ֆալկոնս», Գեւորգ Պողոսյան – «Եղվարդ», Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս):
ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։ Ավանեսյանը հանդիսանում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ եւ «Փյունիկում» է վարձակալական հիմունքներով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Անդրիա Դրագոեւիչի հետ։ 28-ամյա դարպասապահը 2018թ.-ից էր «Փյունիկում»։ 28-ամյա չեռնոգորիացի դարպասապահը այս թիմում մասնակցել էր 58 խաղի։
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՎԱՐՏԵՑ
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի եւ «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը պաշտոնապես ավարտեց կարիերան: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստն անձամբ: Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում եւ մինչեւ 2015թ. հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն: Ռեկորդակիր է Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է նաեւ ողջ աշխարհում: