Կորոնավիրուսը հասցրել է հետեւանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երեւանում բնակարանների գները նվազել են: Ըստ մասնագետների՝ վերջին երկու ամիսներին բնակարանների սեփականատերերը ցանկանում են արագ վաճառել իրենց անշարժ գույքը, բայց գնորդները հրաժարվում են այցելել բնակարաններ կորոնավիրուսով վարակվելու վախի պատճառով: Արդյունքում բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը: Իսկ օրավարձով բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է: Չէ՞ որ սահմանները փակ են, եւ զբոսաշրջիկներ մուտք չեն գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը մայիս ամսին 668 հազար դրամ էր, իսկ հունիսին 662 հազար դրամ: Այսինքն՝ 6000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 3500 դրամ. այստեղ մեկ քմ-ն մայիսին արժեցել է 463 հազար 500 դրամ, հունիսին՝ 460 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաեւ մյուս վարչական շրջաններում: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 335 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 331 հազար 100 դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2000 դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.