Ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների՝ այս տարի՝ հայ-ադրբեջանական սահմանում սկսված լարվածության ժամանակ, հանրությունն ականատես չեղավ պաշտոնյաների, որոնք մեկնեցին սահման, սելֆիներ արեցին զինվորների հետ: Սակայն բոլորս ենք հիշում, թե ինչ իրավիճակ էր տարիներ առաջ՝ Ապրիլյան պատերազմի թեժ օրերից հետո. տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, լրագրողներ, նաեւ տարբեր անհատներ առիթը բաց չէին թողնում առաջնագիծ մեկնելու, այնտեղից լուսանկարներ հրապարակելու համար՝ հայտարարելով, թե զինվորների կողքին են եւ անգամ ամենափոքր օգնությունն էլ փորձում էին գովազդել:
Հիմա իրավիճակը միանգամայն այլ է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սահմանային այս լարվածությունից հետո էլ մի շարք պատգամավորներ, պաշտոնյաներ, գործարարներ, հայտնիներ անձամբ են դիմել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին՝ սահմանագիծ մեկնելու ցանկությամբ, սակայն մերժում են ստացել: Մեր տեղեկություններով՝ Զինված ուժերի ղեկավարությունը նրանց հստակ ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նպատակահարմար չէ գնալ սահմանագիծ եւ շփվել զինվորների հետ: Բացատրվել է, որ այդպես փորձ է արվում կանխարգելել վարակի տարածումը բանակում: Ընդ որում, նկատենք, որ Պաշտպանության նախարարությունն օգոստոսի 5-ին հայտարարություն էր տարածել եւ ընդգծել, որ անգամ նորակոչիկների երդման արարողության ժամանակ թույլ չեն տալու ծնողների ներկայությունը: Եվ, բացի այս արարողությունից, փաստորեն առհասարակ առաջնագծում ծառայող զինվորների հետ շփում որեւէ մեկին չի թույլատրվել, չնայած դիմողների պակաս չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Բանն այն է, որ Վարդանյանի եւ սեփական թիմի միջեւ աշխատանքներն այդքան էլ հարթ չեն ընթանում, ու կարելի է ասել, որ Վարդանյանին դուրս են թողել գրեթե բոլոր իրավական հարցերին առնչվող գործընթացներից: Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում իրավական հատվածը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի նշանակումը, կարծես թե, հենց այդ նպատակն էլ ուներ: Նկատենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին եւս Վարդանյանը առաջվա նման ակտիվ մասնակից չի եղել: Լուրեր են պտտվում, որ իշխանության ներսում Վարդանյանից հիասթափվել են, քանի որ սկզբում կարծել են, որ Վարդանյանը, լինելով նախկինում ՀՀ ՍԴ խորհրդական, կկարողանար լուծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը, սակայն ցանկալի արդյունքը արձանագրվեց միայն վերջին սահմանադրական փոփոխությամբ: Վլադիմիր Վարդանյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Բացարձակապես որեւէ նման խնդիր չեմ տեսնում, մենք նույնիսկ արձակուրդի ժամանակ ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք ե՛ւ արդարադատության նախարարի ե՛ւ փոխնախարարների հետ, քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք դրված են օրակարգում»: Հիշեցնենք, որ Վարդանյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավորն է:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը եւ Երջանիկ Հակոբյանը համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ցանկանում են փոփոխություն կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում: Նախ նրանք փոփոխություն են կատարում Հաշվեքննիչ պալատի անդամին եւ նախագահին ներկայացվող պահանջներում եւ ամրագրում են, որ այս կառույցի անդամ՝ ներառյալ նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում: Որպես հիմնավորում՝ նախագծի հեղինակները ընդգծում են, թե օրենքում Պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձեւակերպված չեն, որոնք առաջացնում են տարընթերցումներ, հետեւաբար առաջացել է անհրաժեշտություն պահանջներին տալ հստակ ձեւակերպումներ:
Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ՝ անցած տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 15 հազար 893 ծնված: Նշենք, որ 2018 թվականից սկսած՝ ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 261, 2019-ի հունվար-հունիսին՝ 16 հազար 21, իսկ, ահա, այս տարվա վեց ամիսներին՝ 15 հազար 893: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է ավելացել: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 14 հազար 417 դեպք: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին մահացածների թիվը կազմել է 13 հազար 724, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 13 հազար 218 դեպք: Մյուս կողմից՝ հանրապետությունում 2020թ. հունվար-հունիսին գրանցված 1000 ամուսնություններից արձանագրվել է ամուսնալուծության 284 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արձանագրված 242 դեպքի համեմատ: