ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԹՈՂԵԼ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՊՐՈՑԵՍՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել: Բանն այն է, որ Վարդանյանի եւ սեփական թիմի հետ աշխատանքները այդքան էլ հարթ չեն ընթանում, ու կարելի է ասել, որ Վարդանյանին դուրս են թողել գրեթե բոլոր իրավական հարցեին առնչվող պրոցեսներից:

 

Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների ներսում իրավական հատվածը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, իսկ նրա սխալների, թերությունների համար էլ պատժվում է Վարդանյանը: Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող ողջ գործընթացի մասին, կարելի է ասել, Վարդանյանը ոչ մի ձեւով տեղեկություն չի ստացել: Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները Վարդանյանից հիասթափվել են այն բանի համար, որ վերջինիս հետ հույսեր էին կապում այն առումով, որ նա կկարողանար լուծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը, սակայն վերջինս, կարծես թե, չհարողացավ որեւէ արդյունք ունենալ:

Ու սա պատճառ է դարձել, որ լարվել են փոխհարաբերությունները, իսկ Վարդանյանն էլ այնքան է հիասթափվել այս վիճակից, որ հնարավոր է՝ նույնիսկ հրաժարվի իր պաշտոնից: Իմքայլականները եւս չեն բացառում, որ Վարդանյանը, ստեղծված իրավիճակից ելնելով, դադարեցնի իր աշխատանքը՝ որպես հանձնաժողովի նախագահ:

Մենք զրուցել ենք Վլադիմիր Վարդանյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով են իրական այս տեղեկությունները:

-Պարո՛ն Վարդանյան, ըստ մեր տեղեկությունների՝ Ձեր թիմը, կարծես թե, Ձեզ դուրս է թողել իրավական հարցերի հետ կապված բոլոր պրոցեսներից՝ որեւէ ձեւով Ձեզ չներառելով բոլոր այն հարցերին, որոնք անձամբ Ձեզ է առնչվում: Ինչո՞ւ Ձեր կարծիքը հաշվի չեն առնում Ձեր հարազատ թիմում:

-Ես չգիտեմ, թե Ձեզ մոտ որտեղից են այդ տեղեկությունները, նման բան իրականում գոյություն չունի, հավատացնում եմ Ձեզ: Մենք եւ խմբակցությունում բավականին երկար քննարկել ենք թեկնածությունները Սահմանադրական դատարանի դատավորների, եւ ընդհանրապես մնացած հարցերում էլ մենք միասին շատ արդյունավետ աշխատանք ենք իրականացնում:

-Բայց, մեր տեղեկություններով, կառավարությունը հիմնականում դիրքորոշում հարցնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, ու կարելի է ասել՝ Ձեզ զրկել են այդ ոլորտում դիրքորոշում ներկայացնել. դա այդպես՞ է, թե՞ ոչ: Նույնիսկ նշվում է, որ լինում են դեպքեր, երբ ներկայացված նախագծերն են Ձեզ համար անակնկալ լինում:

-Զավեշտալի եմ համարում այդ քննարկումները, որովհետեւ մենք Բադասյանի հետ ամենօրյա ռեժիմով խոսում ենք, մենք ամենօրյա ռեժիմով հաղորդակցվում ենք, նախագծերի հետ կապված նույնիսկ ժամանակացույց ունենք, ըստ որի էլ փորձում ենք շարժվել առաջ՝ հաշվի առնելով մեր ընթացիք խնդիրները: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, մեր առօրյա գործունեությանը, ապա հավաստիացնում եմ, որ նման բան չկա: Ես չգիտեմ, թե որտեղից են նման տեղեկությունները, բայց բացարձակապես որեւէ նման խնդիր չեմ տեսնում, մենք նույնիսկ արձակուրդի ժամանակ ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք ե՛ւ արդարադատության նախարարի, ե՛ւ փոխնախարարների հետ, քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք դրված են օրակարգում: Իհարկե հարգելով այն սկզբունքը, որոնք կան, հարգելով ե՛ւ կառավարության լիազորությունները, ՛եւ ԱԺ-ի, ե՛ւ դատական՝ մենք, պահպանելով այդ ամենը, շարունակում ենք մեր առօրյա գործունեությունը: Եւ զարմանում եմ, որ այսպիսի խոսակցություններ են տարածվում:

-Նույնիսկ տեղեկություններ կան, որ այնքան լարված է իրավիճակը, որ հնարավոր է՝ հրաժարվեք հանձնաժողովի նախագահի Ձեր պաշտոնից:

-Դրանք, հավաստիացնում եմ Ձեզ, անհիմն են, մենք՝ հանձնաժողովականներով, աշխատում ենք, քննարկումներ ենք կազմակերպում:

-Իսկ, ըստ Ձեզ, Ձեր թիմը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից:

-Ես չեմ կարող գանահատել, իմ աշխատանքը պետք է գնահատեն իմ ընտրողները:

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԵՌՈՒ Է ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ

Մենք խիստ մտահոգված ենք Երեւանով: Նախորդ տարվանից սկսած՝ տարբեր ձեւերով մեր մտահոգություններն արտահայտել ենք, բայց գործակցության համար մեկնած մեր ձեռքը մնացել է օդի մեջ. ո՛չ մեր քննադատություններին արձագանքող կար, ո՛չ մեր առաջարկությունները՝ լսող: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը՝ անդրադառնալով քաղաքային իշխանությունների աշխատելաոճին:

«ՀՀ բնակչության առնվազն 1/3-ը կենտրոնացած է Երեւանում, կառավարությունը հայտարարում է, որ Երեւանն է դարձել համաճարակի բույնը: Հակառակ այս հաստատումների՝ Երեւանի քաղաքապետը, քաղաքային իշխանությունը հեռու են բոլոր կայացվող որոշումներից, որոնք իրենց ազդեցությունն են թողնելու Երեւանի ու Երեւանի բնակչության վրա»,- ասաց նա՝ նշելով, որ եթե համաճարակի բույնը Երեւանն է, ապա այդ առողջապահական խնդիրները Երեւանի քաղաքապետարանի խնդիրներն են, մինչդեռ, ըստ Պեոճեքյանի, կայացվող որոշումների վերաբերյալ քաղաքապետարանից որեւէ արձագանք չկա:

Հաջորդ խնդիրը քաղաքի ախտահանումն է, որը, ըստ բանախոսի, պատշաճ կերպով չի կազմակերպվել: «Նույնիսկ շենքեր կային, որոնցում կորոնավիրուսով վարակված մարդիկ կային, կամ շենքեր, որոնցում կորոնավիրուսի պատճառով մահեր արձանագրվեցին, չեն ախտահանվել: Եղել են քաղաքացիներ, որոնք 3 օր շարունակ զանգել են քաղաքապետարան, համատիրություններ, բայց որեւէ մեկը չի գալիս այդ տարածքները ախտահանելու: Երեք օր անց, որ ախտահանում են, քաղաքացին արդեն կարող է վարակված լինել»,-նշեց նա՝ ընդգծելով, որ թեեւ Առողջապահության նախարարությունը քարտեզ հրապարակեց, թե որտեղ վարակակիրներ կան, սակայն  համայնքներն այդ քարտեզները չեն ստացել:

Անդրադառնալով մյուս խնդրին՝ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամը նշեց, որ Երեւանում կան սոցիալապես խոցելի վիճակում գտնվող քաղաքացիներ, որոնց համար համայանքապետարաններն ունեն սոցիալական վարչություններ: Ժիրայր Պեոճեքյանը նշեց, թե այս ընթացքում քաղաքապետարանի կողմից կայացվում են որոշումներ, որոնք հանրային քննարկման կարիք ունեն, սակայն այդ քննարկումները չեն իրականացվում:

Հաջորդ խնդրահարույց հարցը վերաբերում է գույքահարկի բարձրացմանը, որի գործարկման դեպքում, ըստ բանախոսի, ծանրանալու է քաղաքացու բեռը, եւ Երեւանը նոր սոցիալական բաժանման, շերտավորման խնդրի առջեւ է կանգնելու: «Երեւանցիներին ասում ենք՝ դո՛ւրս եկեք ձեր նորմալ տներից ու գնացե՛ք ապրեք ծայրամասերում»,-նշեց նա:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՀՀԿ-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը, ամիսներ առաջ լքելով այդ պաշտոնը, այժմ նշանակվել է մեկ այլ՝ ոչ պակաս պատասխանատու պաշտոնի: Մասնավորապես, դեռ հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական վարչության պետի պաշտոնի համար մրցույթը, որն էլ հաղթահարել է հենց Սասուն Համբարձումյանը եւ ընտրվել այդ պատասխանատու պաշտոնի համար: Ստացվում է՝ մինչ հեղափոխական զանգվածները դանդաղ տեմպերով համալրում են պետական ապարատի ստորին օղակները, նախկին ՀՀԿ օդիոզները վերադառնում են պաշտոնների։ Նշենք, որ Համբարձումյանը ՀՀԿ գորշ կարդինալ Մհեր Ղազարյանի ոչ պակաս մոլեռանդ աներորդին է: Նշենք, որ նա կրթության վարչության պետի պաշտոնում ուշագրավ պատմության մեջ էր հայտվել: Նշենք, որ այս վարչությունը մի շարք քոլեջներում յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացնում է ստուգումներ, որոնք նախանշվում են իրենց աշխատանքային ծրագրով: Իսկ եթե դիմում-բողոքներ է ստանում վարչությունը, ապա իրականացվում է լրացուցիչ ստուգում: Նկատենք՝, 2019 թվականի մայիսին տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նկատողություն էր հայտարարել նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանին: Ըստ որոշ տեղեկությունների` պատճառն այն է եղել, որ Համբարձումյանը ՀՀ քոլեջներից մեկում ստուգումներ է իրականացրել, թերություններ է նկատել, սակայն դրանց մասին չի բարձրաձայնել, թաքցրել է:

 

ՄԵՐԺՎԵՑ

Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մերժվեց: Ինչպես հայտնի է, Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս որոշման հետ չի հաշտվել ՀՀ գլխավոր դատախազությունը եւ այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, եւ, ահա, Վերաքնիչ դատարանում բողոքը տարել էր գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, որին ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժել է: Ասել է թե՝ Կուբանյանը կշարունակի մնալ ազատության մեջ : Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինից ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը ԲԴԽ-ն բավարարել է։




Լրահոս