ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գեւորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով հարուցել է վարույթ: Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի դիմումը:

 

Ըստ դիմումատուի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020 թվականներին «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, կնքել է ընդհանուր հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր։ Դիմումատուն տեղեկացրել է նաեւ, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։ 2016 թվականի հունվարի 20-ից 2017 թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, այնուհետեւ 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։ Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն եւ պարզել Առողջապահության նախարարության եւ «Միբս» ընկերության միջեւ կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:

Ուսումնասիրելով դիմումը եւ դիմումում նշված փաստերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը` Հանձնաժողովն արձանագրում է հետեւյալը.

Վարդանուշ Թեւանյանը ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2017 թվականի հունվարի 10-ը,

2017թ. հունվարի 10-ից մինչեւ 2018թ մայիսի 29-ը ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Արսեն Թորոսյանը,

2018թ. մայիսի 29-ից ընկերության տօրենի պաշտոնը զբաղեցնում է Վարդանուշ Թեւանյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարագրված տվյալների համաձայն՝

ա/ Արսեն Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. մայիսի 12-ից,

բ/ Արսեն Թորոսյանի կինն է Վարդանուշ Թեւանյանը,

գ/ նախարար Արսեն Թորոսյանի եւ իր կնոջ՝ Վարդանուշ Թեւանյանի անձնական տվյալները համընկնում են ընկերության տնօրեն հանդիսացող անձանց անձնական տվյալների հետ,

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

Եվ համադրելով այս ամենը՝ որոշում է կայացվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով հարուցել վարույթ:

ՀՀ առողջապահության նախարարությունից վարույթի վերաբերյալ արձագանքել են հետեւյալը. «Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ նախարար Արսեն Թորոսյանը եւ նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում եւս բարձրացվել էր ԶԼՄ-ներում:

Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաեւ որեւէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է:

Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը»:

Ն.Պ.

 

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մելքումյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար: Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՔԿՀ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հերթական անգամ այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Պաշտպանը շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում եւ քննչական մեկուսարանում, ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին եւ իրավունքների պաշտպանության ընթացակարգերին: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատությունից զրկված անձանց շրջանում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների վրա՝ ընդգծելով, որ կիրառվող սահմանափակումները պետք է համաչափ ու իրավաչափ լինեն եւ հնարավորինս նվազ չափով սահմանափակեն անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները: Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ, հետաքրքրվել նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներով եւ բարձրացված հարցերի շուրջ տվել պարզաբանումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան քայլեր է ձեռնարկելու անհատական դիմումների եւ արձանագրված խնդիրների ընթացքավորման ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ:

 

 

ԿՄԵԿՆԻ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախագահ Սարգսյանը սահմանամերձ Չինարի գյուղում, որը վերջերս Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ ռազմական գործողությունների եւ ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետեւանքով առավել տուժած համայնքներից է, հանդիպում-զրույց կունենա չինարեցիների հետ: Սահմանամերձ մեկ այլ բնակավայրում՝ Բերդում, նախագահ Սարգսյանը կայցելի քաղաքի արտադրական ձեռնարկություններ:

 

 

ՆՇԱՆԱԿՎԵՑ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:  Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայկ Մհրյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում:

 

ՊԱԿԱՍԵԼ Է

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 963 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 961 հազար 600 էր: Այսինքն` 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 1400-ով է պակասել: ArmLur.am-ը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Իսկ, ահա, Արմավիրի եւ Արարատի մարզերում, հակառակը, ավելացել է: Օրինակ՝ Արարատի մարզում մշտական բնկաչության թվաքանակը ավելացել է 200-ով, իսկ Արմավիրի մարզում՝ 600-ով: Մյուս կողմից մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 6600-ով ավելացել է: Իսկ, ահա, Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 1800-ով:

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԳԻՏԻ

Երեւանի քաղաքապետարանը եւ քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հաճախ են հայտնվում սկանդալի կենտրոնում. աղմկոտ պատմությունները հաջորդում են մեկը մյուսին: Մինչ հանրությունը զբաղված էր Մաշտոցի պուրակում ծառերի հատման թեմայով, պարզ դարձավ, որ վաճառքի են հանվել Նորքի այգիները: Բնապահպաններն ահազանգում էին, որ ողջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ի՞նչ է անում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Փոխանակ մայրաքաղաքում անտառային շերտերը ու կանաչ գոտիներն ավելացնեն, օրը ցերեկով Մաշտոցի պուրակի առողջ ծառեր են հատում: Բնապահպաններն ահազանգում են, որ Նորքի 2 հեկտար այգիների տարածքի վաճառքի դեպքում երեւանցիները ստիպված են լինելու մոռանալ թթվածին շնչելու մասին: ArmLur.am-ը փորձել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից պարզել, թե ինչու են Երեւանի Նորքի այգիները հանվել վաճառքի, սակայն պարզվում է՝ Մարությանը չի կարող այդ հարցին պատասխանել: «Այդ տարածքները համարվում են պետական գույք, համայնքային չեն։ Ձեր հարցերը ուղղեք Պետական գույքի կառավարման կոմիտե։ Քաղաքապետարանը այդ գործընթացների հետ կապ կունենա, երբ վաճառքից հետո որոշվի՝ ինչ ծրագրեր են այնտեղ իրականացվելու»։ Հավելենք, որ Նորքի այգիների օտարման մրցույթը նախատեսված է օգոստոսի 13-ին։




Լրահոս