ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ «ՁՈՐԱՀԷԿ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։

 

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե որ քրեական գործի շրջանակներում են նրան հրավիրել ՀՔԾ եւ ձերբակալել: Ինչպես հայտնի է, 2020 թվականին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին իրավապահները որպես կասկածյալ ներգրավել են դեռ անցյալ տարվանից քննվող «ՁորաՀԷԿ»-ի սեփականաշնորհման գործում։ Այդ ՀԷԿ-ն օտարվել էր 2010 թվականին: ՀՔԾ-ն հայտնել էր, որ Սեյրան Օհանյանի ղեկավարած նախարարության մշակած՝ կառավարության գաղտնի որոշմամբ՝ առանց գույքի պարտադիր գնահատման առաջարկվել է թույլատրել, որ ՊՆ-ն իր կազմում գտնվող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն 3 միլիարդ 600 միլիոն դրամով կամ մոտ 7.5 միլիոն դոլարով օտարի «ՁորաԳԵՏ Հիդրո» ՍՊԸ-ին։ Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով էլ արժանացել է կառավարության հավանությանը, ապա տեղի է ունեցել ՀԷԿ-ի առքուվաճառքը։

Եվ, ահա, ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՔԾ-ի քննիչները Նազարյանից մասնավորապես հետաքրքրվել են «ՁորաՀԷԿ»-ի մասնավորեցման մասին եւ հարցրել են, թե լինելով անկախ մարմնի ղեկավար՝ ինչու է կատարել կառավարության որոշումը: Նրանք ընդգծել են, որ Նազարյանը կարող էր չանել դա, եթե տեսել է, որ ապօրինություն է կատարվում: Սակայն, ի պատասխան, Ռոբերտ Նազարյանն ասել է, որ չէր կարող չկատարել կառավարության որոշումը: ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են նաեւ, որ Նազարյանի համար անակնկալ է եղել իր հարցաքննությունն ու ձերբակալումը, ավելին՝ նա շատ ընկճված է, իսկ հարազատներն էլ մտավախություն ունեն, որ վերջինս կարող է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի պես դիմել ծայրահեղ միջոցների (վարկածի համաձայն՝ ինքնասպան է եղել): Սակայն հուսով ենք, որ զարգացումները դրան չեն տանի:

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին իրավապահները որպես կասկածյալ ներգրավել են դեռ անցյալ տարվանից քննվող «Ձորագետ» հիդրոէլեկտրակայանի սեփականաշնորհման գործում։ Այդ ՀԷԿ-ն օտարվել էր 2010 թվականին: Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր՝ ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում թույլ տալու մեջ։

Ըստ ՀՔԾ-ի՝ հիդրոէլեկտրակայանն իրացվել է իրական արժեքից մոտ 3 միլիոն դոլարով պակաս գումարով։ Սեյրան Օհանյանը, մինչդեռ, այսօր վստահեցրեց՝ իր ղեկավարած կառույցը պատասխանատվություն չի կրում. «Կառավարության որոշմամբ փոխանցվել է եւ կառավարության որոշմամբ օտարվել է, իսկ կառավարության որոշումները, գիտեք, որ անցնում են միջգերատեսչական համաձայնություն եւ պետության, գործադիրի կարեւոր բոլոր մարմինների կողմից համաձայնեցում ստանում են: Օտարման հիմնական գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետեւ մասնագիտական առումով «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքի արդյունավետությունը, նրա վիճակը, նրա դերը մեր Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում եւ նրա զարգացման ընթացքը, օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական գերատեսչությունը», – ասել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դեռ անցյալ տարի՝ գարնանը, այս ՀԷԿ-ի օտարման մասին դատախազությունը հայտնեց, որ այն 2006-2010 թվականներին պաշտպանական համակարգին ավելի քան 2,5 միլիոն դոլարի շահույթ էր ապահովել, սակայն 2009-ին ՀԷԿ-ի թողարկած էլեկտրաէներգիայի միավորի սակագինը 13,9 դրամից իջեցվել է 2,7 դրամի, որպեսզի «ստեղծվեր հիմնավորում առանց շահույթի աշխատող ընկերությունը շուկայական արժեքից ավելի ցածր գնով վաճառելու համար»։ Մեկ տարի անց՝ արդեն 2010-ին, «ՁորաՀԷԿ»-ն օտարվել է, ապա նորից սկսել է շահույթ բերել նոր սեփականատիրոջը:

2019 թվականի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, թե ՀԷԿ-ի սեփականատերերը փոխկապակցված էին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։

Պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2016 թվականին ՀԷԿ-ը վաճառվել է եւ այժմ պատկանում է «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ին, որը, ըստ Fip.am-ի, պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր կապիտալ»-ին, իսկ օտարումից անմիջապես հետո` 2010-11 թվականներին, ՀԷԿ-ը տնօրինել են Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերություներ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի:  Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

 

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք եւ արդյունավետ իրագործման, ինչպես նաեւ իրավապահ, դատական եւ այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը: Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ նախարարներ, պատգամավորներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

ԸՆԿԵՐՈՋ ՇՆՈՐՀԻՎ

Ինչպես հայտնի է, երեկ Աշոտ Զաքարյանը նշանակվեց ՌՈ պետ: Հուլիսի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր , որ Ռազմական ոստիկանության շուրջ ուշագրավ զարգացումները չեն դադարում: Մասնավորապես՝ մեր տեղեկություններով՝ ռազմական հնաբնակ ոստիկանապետերը ներկայիս իշխանության մեջ բարեկամներ են փնտրում իրենց տեղը ապահովելու համար, ինչն էլ ՌՈ աշխատակիցների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Աշոտ Զաքարյանը, լինելով Երեւանի կայազորի ՌՈ պետ, խոչընդոտել է խաղաղապահ զորքերի միանալը հեղափոխության ակցիաների մասնակիցներին: Եվ քանի որ ՌՈ նորանշանակ պետ Ալեքսանդր Աղաջանյանը որոշել է համակարգը մաքրել նախկիններից, Զաքարյանը եւս իշխանության ներսում բարեկամներ է փնտրել, որպեսզի պաշտոնից չազատվի: ՌՈ-ում տարածված լուրերի համաձայն՝ Վանաձորի ռազմական ոստիկանապետը բարեկամ է իրեն գտել՝ ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի: Ընդ որում, Աշոտ Զաքարյանը հաստատել էր, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղեմի ընկերներ են: Եվ, ահա, Աշոտ Զաքարյանն ի վերջո պաշտոն ստացավ. թե ինչ կապ ունի Անդրանիկ Քոչարյանը, եւ ինչ դերակատարում է ունեցել, դժվար է ասել:

 

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ կատարված հանցագործություն դեպքեր:  Մասնավորապես, պարզվել է, որ 2014թ.-ի ընթացքում իրականացված՝ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից Ծաղկաձորում գտնվող հողամասն աճուրդի եղանակով օտարելու գործընթացի արդյունքում աճուրդային հանձնաժողովի անդամ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ դրդումներից ելնելով, աճուրդի անցկացման համար մասնակիցների ներկայության պատրանք ստեղծելու եւ աճուրդով հողամասը իրենց ցանկալի անձին օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով անցկացվող աճուրդի օրինականության պայմաններն ապահովելու նպատակով արձանագրել են, որ իբրեւ Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամասի աճուրդին մասնակցել են 2 անձինք, նրանց կողմից կատարվել է հողամասի գնման սակարկություն, եւ իբրեւ հողամասը ձեռք է բերել ամենաբարձր գին առաջարկած գնորդը:  Վերոգրյալի հիման վրա 2020թ.-ի հուլիսի 28-ին ՊԵԿ քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

 




Լրահոս