Ադրբեջանում վերջին մի քանի ամսվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան հարյուր ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ: Ընդ որում, նրանցից շատերը մինչեւ այսօր զրկված են փաստաբանի հետ տեսակցելու հնարավորությունից, ոմանք, ըստ հաղորդումների, ենթարկվում են ծեծի ու կտտանքների. այս մասին ահազանգում է միջազգային ամենահեղինակավոր կառույցներից մեկը` Amnesty International-ը:
Կազմակերպությունը մանրամասն նկարագրում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յուրաքանչյուր առիթ օգտագործում` ընդդիմախոսներին լռեցնելու եւ բանտերը նետելու համար:
«Դեռ մարտին Covid-19 համաճարակին արձագանքելու համատեքստում Ալիեւը խոստացել էր մաքրել երկիրը քաղաքական ընդդիմությունից՝ նրանց որակելով «դավաճաններ» եւ «հինգերորդ շարասյուն»», – փաստում է զեկույցը: Ըստ տեղական դիտորդների եւ ականատեսների՝ ցույցից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 70 մարդու: Յոթին մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործության համար, 46-ը ենթարկվել է վարչական կալանքի` 15-ից 60 օր տեւողությամբ:
Իրավապաշտպան կառույցն արձանագրում է, որ այս ձերբակալությունների թիրախում են եղել հատկապես ընդդիմադիր կուսակցությունները, ազատազրկվածներից մոտավորապես 40-ը Ադրբեջանի «Ժողովրդական Ճակատ» կուսակցության անդամներն են ու կողմնակիցները, այդ թվում` նախագահության չորս ներկայացուցիչներ: Նրանցից երկուսին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում` գույքի ոչնչացման, հասարակական կարգը խախտելու, ոստիկանությանը դիմադրելու համար: Մյուս երկուսին մինչդեռ առավել ծանր` իշխանությունը բռնազավթելու փորձի մեղադրանք է ներկայացվել, ինչի համար նախատեսված է ազատազրկում մինչեւ քսան տարի ժամկետով:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, ոտնձգությունները, ահաբեկումները եւ հաշվեհարդարները քաղաքական ընդդիմախոսների եւ նրանց կողմնակիցների նկատմամբ», – հայտարարում է միջազգային կազմակերպությունը` իշխանություններից պահանջելով նաեւ «անհապաղ ու առանց նախապայմանի ազատ արձակել բոլոր նրանց, որ կալանավորվել են իրենց հիմնարար իրավունքները իրացնելու համար»:
Ադրբեջանում սկսված նոր բռնաճնշումներին անցած շաբաթ անդրադարձել էր նաեւ մեկ այլ պարբերական եւ Արդբեջանի նախագահ Ալիեւին բնորոշել էր որպես «անզուսպ մի բռնապետ, որի գործողությունները` սեփական ընդդիմախոսների դեմ, պետք է մտահոգիչ լինեն բոլորի համար»: Այսօր էլ Բրյուսելում լույս տեսնող Euobserver-ն է ծավալուն հոդված հրապարակել` այս անգամ ուշադրություն հրավիրելով Ալիեւի վարչակազմի ռասիստական դիրքորոշումների ու հայտարարությունների վրա: Առիթը Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսգանդարովն է, ով տարածել է Ֆեյսբուքի օգտատերերից մեկի ծաղրական ու ռասիստական գրառումը` ոստիկանի կողմից սպանված ամերիկացի սեւամորթ Ջորջ Ֆլոյդի ու Նահանգներում սկսված ցույցերի մասին:
Ռուսերենով գրված այդ տեքստի հեղինակը Ֆլոյդի հուղարկավորության մասնակիցներին որակել էր որպես «ծնկի եկած ապուշներ», հեգնել ցուցարարներին, վերջում էլ պնդել, թե նախագահության դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը «ծերունական թուլամտությամբ» է տառապում: Եվրոպական պարբերականը ադրբեջանցի դեսպանից հետաքրքրվել է` կիսում է այս կարծիքը, դրա համար է արդյոք տարածել գրառումը: «Չեմ հիշում` ումից եմ ստացել եւ ինչպես եմ տարածել», – պատասխանել է դեսպան Ֆուադ Իսգանդարովը, ով տարիներ առաջ Ադրբեջանի ազգային անվտանգության փոխնախարարն էր:
Ն.Պ.