«ԽՆԴԱԼՈՒ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ՓՈՂ ՏԱՍ՝ ՔԵԶ ՑՈՒՅՑ ՏԱՆ». ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը հեռուստաէկարններին չի երեւում:  «Ժողովուրդ» օրաթերթը երգչից հետաքրքրվել է, թե  ինչով է պայմանավորված տեւական լռությունը, եւ ինչ գործունեություն է այժմ ծավալում:

 

-Պարո՛ն Ամալյան, վերջին շրջանում բավականին պասիվ եք, ինչո՞վ է դա պայմանավորված: 

-Նոր ստեղծագործություններ հնչում են, եւ վերջին երկու-երեք տարում այդչափ ստեղծագործական երկու տարի չէի ունեցել, պարզապես ոչ բոլոր երգերը ձայնագրվեցին: Վերջին շրջանում ունեցել եմ մեկ մենահամերգ, բայց ես ինքս չերգեցի, այլ երգեցին ընկերներս, հատկապես չերգիչ ընկերներս: Որոշեցի այդ ֆորմատով ներկայանալ, որը ցուցադրվեց նաեւ հեռուստաընկերությամբ: Համերգի ընթացքում բացառապես երգել եմ երկու-երեք երգ, իսկ մնացածը երգել են ընկերներս եւ կինս: Ընկերներիցս շատերը խռովել էին, որ չէին մասնակցել, եւ ես ներողություն եմ խնդրում նրանցից: Ինձ պարզապես հետաքրքիր էր երգերս կողքից լսելը: Առաջին համերգն էր, որ ինքս կուլիսներից լսում էի, հետաքրքիր էր ինձ այդ ձեւաչափը:

-Պարո՛ն Ամալյան, Դուք այն արտիստներից եք, որ տեսահոլովակներ հաճախ չեք նկարահանում: Ֆինանսական խնդիրնե՞րն են պատճառը, թե՞ …

-Ֆինանսական խնդիրները բոլորի մոտ են պատճառ, բայց եթե հիմա ասեմ՝ չէ, ֆինանսականը չէ, բնականաբար կխաբեմ եւ շատ կխաբեմ: Ինձ մոտ հատկապես այդ խնդիրները բանը բանից անցել են արդեն: Ունեմ ծրագրեր տեսահոլովակ  նկարահանելու, բայց, անկեղծ ասած, եթե այդ ֆինանսականն էլ իդեալական վիճակում լինի, եթե տեսահոլովակ նկարահանեմ,  որեւէ հեռուստաալիքի չեմ տա, եթե ընկերներ կլինեն, բարի կամքով կցուցադրեն, ես շնորհակալ կլինեմ, իսկ հակառակ դեպքում ես տեսահոլովակի համար չեմ վճարի. մի քիչ խնդալու է այն, որ պետք է փող տաս՝ քեզ ցույց տան: Դա ինձ համար չէ, ինչքան էլ որ դրա մեջ բիզնես կա, որ քեզ ճանաչում է բերում, այդ ամեն ինչն ինձ համար տհաճ է, թեպետ համերգների ժամանակ, երբ խնդիր է լինում տոմս վաճառելու, օգտվում ենք այդ հնարավորությունից, գոնե գովազդային ռոլիկի համար վճարումներ արվում է: Երբեք կլիպ ցույց տալու համար չեմ վճարի, եթե ունենամ, այդ ֆեյսբուքով կամ յութուբյան տարբերակով կհրապարակեմ, ով կնայի, կնայի, եթե ժամանակ անցնի, նորից կթարմացնեմ, թե չէ հեռուստաալիքին  կլիպի համար վճարելը իմ պարագայում մի քիչ սուտ կլինի: Կորոնավիրուսի քյարն էլ այն եղավ, որ ֆեյսբուքից օգտվել սովորեցի: Իմ վերջին «Կտակ» երգի տեսահոլովակը շատ քիչ ցուցադրվեց, ունի շատ քիչ դիտելիություն, եթերով գրեթե չցուցադրվեց, երեւի թե շատ քիչ մարդ գիտի, որ նման տեսահոլովակ կա:  Ես չեմ կարող ասել՝ իմ տեսահոլովակն ինչու ցույց չեք տալիս. եթե  մյուսիների համար գումարով են ցույց տալիս, իմն ինչո՞ւ պետք է  ձրի ցույց տան:

-Պարո՛ն Ամալյան, Դուք այն արտիստներից եք, որ մշտապես աչքի եք ընկնում Ձեր հախուռն բնավորությամբ եւ ճշտախոսությամբ: Բնավորության այդ գծերը  Ձեզ ավելի շատ խանգարե՞լ են, թե՞ օգնել:

-Ինչ կամ, էդ եմ, ու այնպես չէ՝ եթե իմ այդ գծերն ինձ խանգարեն, պետք է փոխվեմ, այլ կերպ հանդես գամ: Համենայնդեպս, ապրելու համար հաստատ ինձ օգուտ է, խիղճս հանգիստ է, ոչ մի անգամ ոչ մեկին չեմ խաբել: Ես կամ  այն, ինչ կամ, Ձեզ հետ զրուցելիս, տանը ճաշելիս, ընկերներիս հետ խմելիս, սիրելիների հետ կիսվելիս: Ինձ մոտ ոչինչ չի փոխվում, լեքսիկոնս է նույնիսկ նույնը, տարբերվում է այն միայն այն ժամանակ, երբ ջղայնացած եմ լինում՝ հայհոյանքներս են ավելանում: Երբեք հակառակ սեռի ներկայացուցիչների ներկայությամբ չեմ հայհոյում, եւ չեմ ընդունում, իսկ մնացած դեպքերում սովորական երեւանցի եմ: Եթե մեկն ինձ ասեր՝, գիտես ինչ, եթե այսպես անես, եթե իմիջդ փոխես, ոտքերդ այնպես անես, փող կաշխատես… Ես ավելի լավ հնարավորություններ եմ ունեցել գումար աշխատելու, բայց խիղճս հանգիստ է, թեպետ գումար շատ է պետք:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ԻՄ ՏԱՐԻՔՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ ԳԻՏԱԿՑԵԼ». ԱՐՓԻ

Երգչուհի Արփին օգոստոսի 2-ին  նշել է ծննդյան 38-ամյակը։ Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում կիսվել է իր զգացողություներով եւ օրվա անակնկալներով։

«Հիմնականում ոչ մի զգացողություններ չի փոխվել, քանի որ ես իմ տարիքն այդպես էլ չհասկացա գիտակցել, թե ես ինչքան եմ։ Ինձ թվում է՝ մարդ ինչքան էլ մեծանում է, մեջը մի մանուկ մնում է, ու այդ մանուկը չի մեծանում։ Երեւի ավելի շատ իմաստություն ու փորձ ես ձեռք բերում, եւեւի թե ավելի շատ դա է, որ հուշում է, թե դու արդեն 38 ես։ Ավելի շատ փոխվում է արժեքների վերագնահատումը»,-նշեց նա։

Երգչուհին տեսակով պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր չեն սիրում տարեդարձը նշել։

Արփիի խոսքով՝ նա չի սիրում հատկապես ուշադրության կենտրոնում լինել եւ աշխատում է խուսափել մեծ հավաքույթներից։

«Դեռ փոքրուց չեմ սիրել տարեդարձս նշել։ Իմ կողքի հարազատ մարդիկ միշտ փորձել են ինչ-որ ձեւով ինձ ուրախացնել՝  իմանալով, որ չեմ սիրում, բայց 2017 թվականին՝ մինչեւ իմ երկրորդ բալիկի ծնունդը, 35-ամյակս որոշեցինք անպայման իմ ծննդավայրում՝  Խնձորեսկում նշել, քանի որ մարդիկ կարոտ էին լավ երաժշտության, լավ  էներգիայի, եւ վաղուց նման բան չէր եղել, այն էլ՝ բացօթյա, բարեգործական համերգ։ Որոշեցի նման կերպ նշել, որ մարդկանց համար լավ լինի, ե՛ւ բոլոր դասարանցիներիս կտեսնեմ, ե՛ւ իմ համագյուղացիներին, եւ այդպես էլ ստացվեց: Այդ ծնունդն իմ կյանքում առանձնահատուկ էր»,-ասաց նա։

Մեզ հետ զրույցում Արփին, անդրադառնալով նվերներին, ընդգծում  է, որ նյութականին երբեք կարեւորություն չի տալիս. «Իմ ընկերները տարեդարձիս առթիվ անում են այնպիսի նվերներ, որ գիտեն՝ իմ սրտով կլինի, կհավանեմ։ Ես մի փոքր բանից, մի գույնից կարող եմ ուրախանալ եւ ասել՝ շնորհակալ եմ, եւ այդ շարքում առաջինը ծաղիկներն են, որոնց նկատմամբ անհագուրդ եմ։ Շատ հաճելի էր, երբ փոքրս, թլոշ խոսելով, ասաց? «Մամա՛ ջան, ես քեզ շատ սիրում եմ, ծնունդդ շնորհավոր». դա ինձ համար ամենալավ նվերն էր, նույնը մեծ աղջիկս փորձել էր ինձ եւ իրեն նկարել, շատ թանկարժեք նվեր էր ինձ համար, եւ քանի որ մենք նոր ենք նոր բնակարան տեղափոխվել, դեռ շատ իրերի կարիք ունենք, եւ էլի իմ մտերիմները, այդ ամեն ինչը հասկանալով,  շատ հաճելի եւ գեղեցիկ տան իրեր են նվիրել, տարբեր տեսակի ձեւի եւ գույնի ծաղկամաններ, որոնք ես շատ եմ սիրում, իհարկե ծաղիկներ նույնպես։ Հատուկ թեմատիկայով գեղեցիկ նկարներ՝ հատուկ մարդկանց կողմից նկարված, որոնք իրենց գեղեցիկ տեղը կգտնեն մեր տանը»։

Արփիի հավելմամբ՝ ամբողջ օրն անցկացրել են տանը, թեպետ երեկոյան որոշել են տանից դուրս գալ իր եւ ամուսնու ծնողների հետ, անվտանգության կանոնները պահպանելով լավ ժամանակ անցկացնել։

«Անակնկալներ եղան նաեւ մեր ընկերների կողմից, մինչեւ ուշ գիշեր նստեցինք, զրուցեցինք, հիանալի ժամանակ անցկացրեցինք»,-եզրափակեց նա։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել լիբանանահայ համայնքին: Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Մենք սրտով Լիբանանի ժողովրդի եւ Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ ենք»: Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Պայթյունի հետեւանքով զոհերի շարքում 6 հայ կա։

 

ՀԱՄԱԼՐՈՒՄ

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Վարձավճարով ակումբին է միացել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Դավիթ Նալբանդյանը։ Նալբանդյանը հանդիսանում է նաեւ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի անդամ։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսեւորումներից, ինչպես նաեւ հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբի առաջին տուրում կմրցեն հետեւյալ զույգերը՝ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ»,  «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:

 

ԿՄՆԱ

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կմնա ակումբում: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնան» համաձայնության է եկել գերմանացի դարպասապահի հետ նոր պայմանագրի շուրջ: Ըստ ԶԼՄ-ների՝ կողմերի միջեւ նոր պայմանագիրը նախատեսված կլինի  5 տարվա համար: Շտեգենը կստանա ավելի բարձր աշխատավարձ: Գերմանիայի ազգային թիմի դարպասապահի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

 




Լրահոս