ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Ինչպես ասում են, շները մարդկանց հավատարիմ բարեկամներն են. այս դեպքը հենց դա է ապացուցում։

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչով են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:

 Արտակ Մխիթարյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը:

Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները:

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով, կարող է կրել սեզոնային բնույթ եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների ազդեցության արդյունք է:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Սեփականության իրավունքով ինձ պատկանող ավտոմեքենան շահագործել եմ որպես տաքսի, սակայն ԱՊՊԱ պայմանագրում նշվել է, որ ավտոմեքենան շահագործվելու է անձնական նպատակներով: Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ես ճանաչվել եմ մեղավոր կողմ: Ուզում եմ իմանալ` արդյունքում ինչ բացասական հետեւանքներ կարող են տեղի ունենալ:

Ստեփան Հարությունյան (45 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե վերջինս ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչեւ ապահովագրական պատահարը («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի hոդված 27-ի 2-րդ կետի դ ենթակետ):

Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ձեւի (նպատակի) փոփոխությունը համարվում է որպես վկայագրում նշված էական տեղեկատվության փոփոխություն: Այս պարագայում, ավտոմեքենան որպես տաքսի շահագործելով, փոխվում է ապահովագրության ռիսկայնության աստիճանը:

Այսինքն՝ ապահովագրական ընկերությունը տուժող կողմին ապահովագրական հատուցում տրամադրելուց հետո ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կնքված ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրողը պարտավորվում է ապահովագրավճարի դիմաց վճարել ապահովագրական հատուցում, եթե տեղի է ունենում պայմանագրով սահմանված իրադարձությունը:




Լրահոս