ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ՝ ԿՈՂՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, որի հիմնական թեման կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներն ու նրանց քվեարկության հարցն էր: Մեր տեղեկություններով՝ երեքուկես ժամ տեւած փակ նիստի ժամանակ պատգամավորներն ավելի շատ այս անգամ անդրադարձ են կատարել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանին եւ այս անգամ ավելի շատ հավաքվել էին հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն՝ հենց նրա հետ կապված: Բանն այն է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանին եւ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանին իշխանական խմբակցության պատգամավորներն արդեն անդրադարձել էին, եւ հստակ էր, որ պատգամավորների մի մասն ամեն դեպքում դեմ էր նրանց: Եվ եթե այդ երկու թեկնածուների մասով մոտեցումն այնքան էլ միանշանակ չէ, եւ կան պատգամավորներ, որոնք դեմ են, ապա Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը պատգամավորներն ավելի դրական են տրամադրված, եւ դեմ կարծիքներ այնքան էլ շատ չեն եղել: Իհարկե, կարծիքներ եղել են այն տեսանկյունից, թե Վճռաբեկ դատարանի նախագահը չպետք է դառնա ՍԴ անդամ, սակայն ընդհանուր առմամբ կարծիքները դրական են եղել: Նաեւ խմբակցության ներսում որոշել են, որ վերջնական որոշում կկայացնեն նաեւ Խունդկարյանի հետ հանդիպումից հետո, որը կկայանա առաջիկա օրերին: Նկատենք, որ խմբակցության պատգամավորներին նաեւ ասվել է, որ առաջիկա օրերին խմբակցության այլ նիստեր եւս կանցկացվեն, նաեւ սպասվում է, որ արդեն վաղը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ կքննարկվի արտակարգ դրությունը եւս մեկ ամսով եւ վերջին անգամ երկարաձգելու հարցը: Իսկ, ահա, ՍԴ նորանշանակ անդամներին կընտրեն մինչեւ այս ամսվա վերջ արտահերթ նիստերի միջոցով:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում ուշագրավ կադրային փոփոխություններ են սկսվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթեւոսյանը եւ նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում: Բանն այն է, որ կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ Սամսոն Մաթեւոսյանը բավականին մտերիմ կապերի մեջ է եղել ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ, իսկ Քննչական կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ նախկին իշխանության հետ կապ ունեցող պաշտոնատար անձանց պաշտոնը որոշել են իջեցնել եւ հետո, ըստ էության, «հաջողություն մաղթել»: Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սամսոն Մաթեւոսյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հորեղբայրն է: Այսինքն՝ Արմավիրի մարզպետի եղբայր լինելն ըստ էության չի խանգարել, որպեսզի նրա պաշտոնն իջեցնեն: Այստեղ ավելի շատ դեր է խաղացել նախկին իշխանության հետ կապ ունենալու հանգամանքը:

 

 

Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թվականի հունվարի 1-ից շուտ: Բանն այն է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում եւ ստեղծել հնարավորություններ Էթիկայի հանձնաժողովի ստեղծման համար՝ տալով դրան լայն լիազորություններ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից փորձաքննության է ենթարկվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը: Խմբակցությունն առաջարկում էր, որ ԱԺ նախագահը պատգամավորի նկատմամբ կիրառի օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց՝ էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, սակայն վարչությունն առաջարկում է ամրագրել, որ Ազգային ժողովի նախագահը կարող է կիրառել, այսինքն՝ դա պարտադիր չէ: Բացի այդ, նրանք գտել են, որ նախագիծը պարունակում է ֆինանսատնտեսական որոշ հիմնախնդիրներ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը այն դեպքում, երբ ՀՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա ֆինանսավորման ծավալներում այս հանձնաժողովի գործունեության եւ սպասարկման հետ կապված ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Եվ այդ պատճառով առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում մահացել է 14 հազար 417 մարդ: Մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջին հորիզոնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից այս տարվա վեց ամիսներին մահացել է 7827 մարդ: Սրտանոթային հիվանդությունների մահվան դեպքերը մեկ տարվա ընթացքում ավելացել են 607-ով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հունվարին մահացել է 1461 մարդ, փետրվարին՝ 1394, իսկ հունիսին՝ 1428 մարդ: Հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի երկրորդ հորիզոնականում նորագոյացություններն են, որից մեր հանրապետությունում այս տարվա հունվար-հունիս ամիսներին մահացել է 2692 մարդ: Միակ դրական նորությունն այն է, որ այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 1.6 տոկոսով: «Սեւ ցուցակի» հաջորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են, որից մահացել է 1380 մարդ: Ի դեպ, տեղեկացնենք, որ էնդոկրին համակարգի հիվանդություններից Հայաստանում այս տարվա վեց ամիսներին մահացել է 270, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 295: Դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահացել է 421 մարդ: Այս ցուցանիշը եւս նվազել է 15.3 տոկոսով:

 




Լրահոս