ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Սակայն երեկ հայտարարություն է տարածել ֆինանսների նախկին նախարարի փաստաբանական խումբը եւ հայտնել, որ այս տարվա հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ որեւէ քայլ չի ձեռնարկել Գագիկ Խաչատրյանը բուժումն ապահովելու համար։

 

«ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը: Նման վարքագիծը անընդունելի է իրավական եւ ժողովրդավարական պետության համար: Ընդ որում, պետք է նշել, որ կառավարությունն, ի պատասխան տարբեր հարցումների, մշտապես նշում է, թե իբրեւ նախքան ՄԻԵԴ որոշումն էլ, դրանից հետո էլ ապահովել եւ ապահովում է Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման եւ համարժեք բուժում ստանալու իրավունքը: Սակայն ակնհայտ է, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հակառակ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման որոշում չէր կայացնի: Ու եթե կառավարությունը շարունակի պնդել, թե կատարել է ՄԻԵԴ որոշումը, այդ դեպքում պետք է գոնե հետեւյալ հարցին պատասխանի՝ արդյոք Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման եւ բուժման առումով որեւէ բան փոխվել է նախքան այդ որոշումը եւ դրանից հետո: Ցավով պիտի փաստեմ, որ ոչինչ էլ չի փոխվել»,- ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբանական խումբն ահազանգում է, որ Գագիկ Խաչատրյանը, ով կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը եւ կատարման հապաղումը լուրջ եւ անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության եւ կյանքի համար: Նկատենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ այս տարվա հուլիսի 21-ին միջանկյալ միջոց կիրառելուց բացի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով՝ ՄԻԵԴ կանոնակարգի 41 հոդվածի համաձայն։ Այստեղ ընգծենք, որ ՄԻԵԴ-ը առաջնահերթություն շնորհում է երկու հիմքով. եթե գործը բարձրացնում է Եվրոպական կոնվենցիայով սահմանված որեւէ իրավունքի կոպիտ եւ լրջագույն խախտման հարց, կամ եթե գանգատում ներկայացված հարցը բարձրացնում է համակարգային բնույթի խնդիր տվյալ երկրի ներսում, որը պահանջում է շուտափույթ լուծում։ Փաստաբանական խումբը նշում է, որ Գագիկ Խաչատրյանի դեպքում առաջնահերթությունը տրվել է՝ առողջական ծանր վիճակի եւ իշխանությունների անգործության փաստերից ելնելով։

Ըստ այդմ,  ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ապահովել դիմումատուի՝ Հայաստանում առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն ստանալը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժման միջոցով: Խաչատրյանի պաշտպանական թիմը միջնորդել էր Եվրոպական դատարանին, որպեսզի վերջինս կառավարությանը պարտավորեցնի նաեւ թույլատրել Գագիկ Խաչատրյանին մեկնել արտասահման վիրահատության համար, սակայն այս միջնորդությունը ՄԻԵԴ-ը չի բավարարել: Ըստ միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովների վերջին փորձաքննության՝ Գագիկ Խաչատրյանը վիրահատության անհրաժեշտության ու ֆիզիոթերապեւտիկ եւ վերականգնողական բուժման կարիք չունի։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ գործում առկա ապացույցների՝ երբեւէ փորձ չի կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ 2019թ.-ին գտնվելով Գերմանիայի Դաշնությունում՝ քննիչի հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին:

Հավելենք, որ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանը ներկայումս գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղակայված «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի ստորաբաժանման մշտական հսկողության ներքո:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել, որի համաձայն՝  Տիգրան Եսայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: Նշենք, որ փոխոստիկանապետի՝ աշխատանքից ազատման մասին հայտնի էր դարձել դեռ օգոստոսի 5-ին: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, թե գնում է վաստակած հանգստի:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ: Հանդիպմանը ներկա էր Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ նախատեսվում են հումանիտար օգնության եւս 2 ինքնաթիռներ, որոնցով տեղափոխվող պարենամթերքը եւ դեղորայքը փոխանցվելու է հայ համայնքին:

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՐՎԵԼ Է

Բելառուսում նախօրեին նախագահական ընտրություններ էին, որի նախնական արդյունքներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին առաջատար է: Հայտնի է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 84,05 տոկոսը, 2015 թվականի նախագահական ընտրություններին այդ թիվը 87,22 տոկոս էր։ Նկատենք, սակայն, որ երեկ՝ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, իրավիճակը կտրուկ սրվեց: Բազմաթիվ մարդիկ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մինսկում, դուրս էին եկել բողոքի ակցիաների՝ պահանջելով ավելի քան քառորդ դար նախագահած Ալեքսանդր Լուկաշենկոյից հեռանալ: Ընդ որում, իրավապահներն ուժ էին կիրառել՝ ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, եւ հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ է արդեն 26 տարի, սակայն պարզվում է՝ իր կյանքը նա այլ կերպ չի էլ պատկերացնում:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին եւ ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։ Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով եւ մաղթել խաղաղ ծառայություն։

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՉԷ

Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ձերբակալված չէ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայությունից: Այնտեղից նաեւ փոխանցեցին, որ այս պահին առկա է հարուցված քրեական գործ՝ 164-րդ հոդվածի հատկանիշներով: Իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածն ասում է.

  1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
  2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

  1. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Հավելենք, որ «Ազատություն» ռադիոկայանը հայտարարություն էր տարածել, թե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկարահանումների ժամանակ սպառնացել է իրենց, իսկ Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հայտնել էր, թե երեկ ցանկացել են ձերբակալել Վլադիմիր Գասպարյանին:

 

 

ՎԱՐԱԿՎԵԼ Է

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: Մեզ հետ զրույցում նա հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով, թե այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե ջերմել է եւ դրանից հետո է տեղափոխվել հոսպիտալ:

Նկատենք, որ նա իր պաշտոնին նշանակվեց օգոստոսի 6-ին: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ նշանակման օրվանից ի վեր Աշոտ Զաքարյանը դեռեւս աշխատանքի չի գնացել, քանի որ հենց նշանակման օրն էլ մեկուսացած է եղել:

 

 




Լրահոս