«ՄԵՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԳՆՎԵԼ ԵՆ». ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեմադրիչ, ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թատրոններում առկա ճգնաժամի ու դրա հետեւանքների մասին:

 

– Պարո՛ն Շահվերդյան, այս ընթացքում մշակութային գործիչները բազմիցս բարձրաձայնեցին, որ եթե կարելի է բացել սրճարանները եւ ռեստորանները, ինչու չի կարելի հանել թատրոններ ու համերգասրահներ այցելելու արգելքը։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

-Նախ ես Թատերական ինսիտուտում ունեմ կուրս, եւ վերջին ամիսներին մեր դասընթացները օնլայն էին, դե ինչ-որ բան տվեցին այդ դասընթացները, բայց ես դասավանդում եմ, եւ այն ինչ պահանջվում է մեզանից, այն է՝ դերասանի վարպետություն, դա այնպիսի առարկա է, որ օնլայն տարբերակով հնարավոր չէ, սերտ կապ պետք է լինի խաղընկերների միջեւ եւ շփում: Այնպես որ, համարում եմ այն ժամանակահատվածը, որ օնլայն էին շփվում, ոչ այնքան արդյունավետ, եւ արդյունքում եղան շատ բացթողումներ: Հուսանք, որ մոտ ապագայում թույլ կտան, որպեսզի մենք վերադառնանք մեր այն կյանքին, իհարկե ոչ լիովին, քանի որ որոշ հետեւանքներ այնուամենայնիվ այս վիրուսը թողեց: Իսկ ինչ վերաբերում է թատրոններին, թե ինչու չի բացվում, կարծում եմ՝ արդեն բացօթյա որոշ հարթակներ տրամադրում են, եւ պետք է ուրախությամբ նշեմ, որ «ԱրմՄոնո» փառատոնն այս պահին կայանում է, եւ ելքը գտնվել է. կան օնլայն եւ  բացօթյա ներկայացումներ: Ցանկալի է, որ թատրոնները, որքան հնարավոր  է, շուտ վերադառնան իրենց բնականոն կյանքին, բայց դա  կախված է պարետատան  որոշումից: Իմ կարծիքով՝ այստեղ կա նաեւ երկրորդ խնդիրը. ես չեմ կարծում եմ, որ եթե վաղը թատրոնները բացեցին, մեր հանդիսատեսը մեծ ուրախությամբ վազելու է թատրոն: Մենք միշտ էլ ունեցել ենք հանդիսատեսի խնդիր Հայաստանում, եւ հիմա առավելեւս կլինի, քանի որ մարդիկ հիմա վախենում են միմյանցից: Ամենացավալի հետքը, որ թողնում է այս էպիդեմիան, դա այն է, որ մարդիկ իսկապես սկսել են վախենալ միմյանցից. տարածություն են պահպանում, չեն շփվում միմյանց հետ, աշխատում են իրար տուն չգնալ: Մի խոսքով, մարդը վախեցել է:

-Թատրոններում առկա ճգնաժամի մասին բազմիցս է խոսվել: Ձեր կարծիով՝ ինչպե՞ս պետք է վերահսկել եւ հաղթահարել իրավիճակը:

-Որքան ես ինձ հիշում եմ թատրոնում, իսկ դա բավականին երկար ժամանակ է, Հայաստանում թատրոնը միշտ էլ եղել է ճգնաժամի մեջ: Մեր հասարակությունը լուրջ խնդիրներ ունի՝ բարձրարժեք արվեստի հետ կապված:  Սա շատ լուրջ խնդիր է, որը մտահոգելու է մեզ շատ երկար ժամանակ, քանի որ մենք հեռանում ենք հոգեւոր սնունդից, հոգեւորից, հեռանում ենք գրականությունից, իսկ այդ ամենը սերտ կապված է թատրոնի հետ: Մեր հասարակության մեծամասնության հոգեւոր պահանջները բավարարվում են ցածրորակ երաժշտական կատարումներով եւ ռեստորանային երաժշտությամբ: Դա ցավալի փաստ է եւ շատ լուրջ խնդիր է, որը պետք է շուտափույթ լուծում գտնի:

-Ձեր նշած խնդիրներին լուծումներ գտնելու համար ԿԳՄՍ նախարարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:

-Մենք, որպես այդպինի, այսօր Մշակույթի նախարարություն չունենք, այլ ունենք երկար անվանմամբ մի նախարարություն: Ես համամիտ եմ, որ կրթությունը շատ սերտ կապ ունի մշակույթի հետ, բայց կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, որ մենք ունենայինք առանձին Մշակույթի նախարարություն, քանի որ դրա կարիքը կա: Առաջինը պետք է սկսել կրթությունից, ընտանիքից: Այստեղ շատ լուրջ դերակատարում ունի ե՛ւ նախարությունը, ե՛ւ հեռուստատեսությունը: Մենք պետք է փորձենք այլ ճաշակ ձեւավորել մատաղ սերունդի մոտ: Պետք է վերջիվերջո ազատվենք այդ անորակ եւ գռեհիկ սերիալներից, որոշակի սանդղակներ լինեն հեռուստատեսությունների համար, քանի որ այսօր հնչող խոսքն այնքան ցածրորակ է, եւ այնպիսի բառեր են օգտագործում եւ ոչ միայն, մեր առաջին ամբիոններից էլ է հնչում ցածրորակ խոսք, արդյունքում թելադրվում է այնպիսի խոսք եւ ճաշակ, որն անթույլատրելի է:

-Պարո՛ն Շահվերդյան, ժողովրդի կյանքի ամեն դժվարին փուլում, երբ մեր մտավորականությունը պետք է խոսի, ուղղորդող խոսք ասի, լռում է:  Այս օրերին մտավորականության դերը ինչպիս՞ին պետք է լիներ եւ ինչպիսի՞ն է:

-Մեր արվեստագետները եւ մտավորականները, որոնք գնալով շատ պակասում են, եւ արդեն այդ բառը, չգիտեմ, թե ում է կարելի վերնագրել: Տարիներ շարունակ նրանք գնվեցին՝ մինչ հեղափոխությունը, նախկին իշխանության կողմից: Լուռ ու մունջ  իրենց աթոռը պահելով՝ համաձայնում էին երեւույթների հետ, որոնց հետ համաձայնել չէր կարելի, եւ նրանց վերաբերմունքը հասարակության մոտ լիովին փոխվեց: Այսինքն՝ այն անհատականությունները, որոնք պետք է իսկապես լինեին առաջին գծում, բողոքեին  ռեժիմի դեմ, հակառակը, տանը կամ աշխատավայրում նստած՝ լռում էին:  Կարծում եմ՝ թատրոնն այն հարթակն է, որ պետք է բարձրացնի երկրում այն ճգնաժամային խնդիրների շուրջ խոսակցությունը, որոնք որ տեղի են ունենում: Այն ժամանակ պատճառներ կային՝ խոսքի ազատության հետ կապված, իսկ այսօր անհասկանալի է այդ լռությունը. կա՛մ չեն ուզում իրենց անդարդ գլուխը դնեն ցավի տակ, կա՛մ ասելիք չունեն:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

2 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ

Մադրիդի «Աթլետիկոյի» 2 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով: COVID-19-ով վարակված ֆուտբոլիստների անունները չեն հաղորդվում: Նրանք այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստները հնարավորություն չեն ունենա թիմի հետ մեկնել Լիսաբոն եւ մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Լայպցիգի» հետ խաղին: «Լայպցիգ»-«Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին:

 

 

ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: 21-ամյա հարձակվողը լիովին ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ատալանտայի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Մբապեն ոտնաթաթի վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում եւ փոխարինվել առաջին խաղակեսում։ ՊՍԺ-ն 1։0 հաշվով հաղթել էր «Սենթ Էթիենին»։ «Ատալանտա»- ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին՝ Երեւանի ժամանակով 23:00-ին:

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի պորտուգալական «Բենֆիկայում»: 33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերը հաստատել է անձամբ «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը:

«Ակումբի նախագահն ամեն ինչ անում է Կավանիի տեղափոխությունն իրականացնելու համար: Կավանին հրաշալի ֆուտբոլիստ է»,- Ժեզուշի խոսքը մեջբերում է Gol-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ Էդինսոն Կավանիի պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի 30-ին: Ուրուգվայցի ֆուտբոլիստն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ:

 

 

ՄԵՆԱՄԱՐՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 54-ամյա ամերիկացի Մայք Թայսոնի եւ հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս կրտսերի մենամարտը հետաձգվել է: Մենամարտը, որը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 12-ին, տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Մենամարտը կլինի 8 ռաունդից։ Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005-ին, Ռոյ Ջոնսը՝ 2018-ին։

 

 




Լրահոս