Նոր ուսումնական տարվա նախաշեմին լույս է տեսել «Եվրասիական ինտեգրում. գաղափարներ, խնդիրներ, գործընթաց և հեռանկարներ» ուսումնական ձեռնարկը (Մոսկվա-Երևան, 256 էջ, ռուսերեն): Հրատարակության հեղինակներն են ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վլադիմիր Լեպեխինը (Մոսկվա), «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Սաֆարյանը (Երևան), ԵԱՏՄ Ինստիտուտի առաջին փոխտնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Սերգեյ Բելյակովը (Մոսկվա), Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, Հայկական տնտեսագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը (Երևան), Ռուսաստանի ՆԳՆ համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիտալի Բելսկին (Մոսկվա):
Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրների ուսանողներին, ասպիրանտներին և դասախոսներին ներկայացվող դասախոսությունների այս ժողովածուն եվրասիական ինտեգրման թեմայով եզակի արդյունք է, որը չունի նմանը ռուսաստանյան և հայաստանյան գիտական գրականության մեջ: Ժողովածուն ուսումնական ձեռնարկ է բոլոր նրանց համար, ովքեր խնդիր են դնում իմանալ` թե ի՞նչ է Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), հասկանալ այնպիսի ֆենոմենների էությունը, որպիսիք են «եվրասիականությունը» և «եվրասիական ինտեգրումը», ինչպես նաև կողմնորոշվել այն գործընթացների (առաջին հերթին տնտեսական) ծիրում, որոնք ընթանում են այսօր ետխորհրդային տարածքում:
15 դասախոսություններում առաջարկվող կրթական ծրագրի ունկնդիրը կստանա պատմական տեղեկանք այն մասին, թե ինչպե՞ս և ե՞րբ ծագեց եվրասիականության գաղափարը և ինչու՞ է այն կենսագործվում այսօր մի Միության ձևաչափում, որն անվանվել է ԵԱՏՄ: Նա կիմանա, թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակներով են ստեղծվել ետխորհրդային տարածքում առաջատար ինտեգրացիոն միավորումները, և թե ի՞նչ է տալիս Հայաստանի Հանրապետությանը անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
«Եվրասիական ինտեգրում» ուսումնակրթական ծրագրի դասախոսությունների շարքի առաջին հրատարակությունը իրականացվել էր աջակցության այն ծրագրի շրջանակներում, որը հատկացվել էր դրամաշնորհի տեսքով` Ռուսաստանի Դաշնության նախագահի կարգադրության համաձայն:
Վերամշակված և լրացված երկրորդ հրատարակությունը, որն առաջարկվում է ընթերցողների լայն շրջանակին, իբրև ուսումնական ձեռնարկ, երաշխավորվել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ: Գիրքն անվճար կհատկացվի Մոսկվայի և Երևանի բոլոր հիմնարար գրադարաններին, ինչպես նաև առաջատար հայկական բուհերի բոլոր այն պրոֆիլային ամբիոններին, որտեղ ուսումնասիրվում է «Եվրասիական ինտեգրում» դասընթացը: