Ակտիվ քննարկումներ՝ Ընտրական օրենսգրքի և սահմանադրական փոփոխությունների շուրջ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին կրկին ակտիվացել են աշխատանքները թե՛ Ընտրական օրենսգրքի քննարկումների, թե՛ սահմանադրական փոփոխությունների շուրջ: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների հարցում ավելի ակտիվ են մասնագիտական հանձնաժողովի անդամները, ապա Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնողն ու ջատագովը հենց իշխող խմբակցությունն է: Բանն այն է, որ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը առցանց ձեւաչափով սկսել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները: Արդեն տեղի է ունեցել առաջին հանրային քննարկումը, եւ թեմաներն էին նախընտրական քարոզարշավը, քարոզարշավի ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքը: Նկատենք, սակայն, որ իշխանական խմբակցությունը նպատակ ունի Ընտրական օրենսգրքի փաթեթը լիագումար նիստերի օրակարգ բերել միայն գարնանային նստաշրջանին։ Հիշեցնենք, որ այս փաթեթի համար հիմք է հանդիսանում դեռ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, որը չընդունեցին խորհրդարանում դեռեւս մեծամասնություն կազմող հանրապետականները:
Նկատենք՝ երեկ միայն առաջին հանրային քննարկումն էր, եւ դեռ մի քանի նման քննարկումներ կլինեն առանձին թեմաներով։ Օգոստոսի 14-ին էլ կքննարկվի համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումների հարցը:

Հավելենք, որ աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։ Հավելենք, որ այս նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար, եւ այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։ Իսկ, ահա, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները հայեցակարգը պետք է ներկայացնեն մինչեւ տարեվերջ, սակայն քվեարկությունը խորհրդարանում կրկին նախատեսված է հաջորդ տարի: Այսինքն՝ հաջորդ տարին ակտիվ է լինելու նոր Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքերի ընդունման առումով: Մենք տեղեկացանք, որ այս պահին երկու խումբն էլ շարունակում են աշխատանքները ժամկետներում տեղավորելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս