![](https://armlur.am/wp-content/uploads/2020/08/D9F4F529-7ED4-487E-91D9-3C8FC089F13E_cx0_cy14_cw0_w1200_r1.jpg)
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ չհայտարարված այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նրա կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրամադրել են անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն: Դատապարտյալը հացադուլի ընթացքի հետ կապված՝ բժշկի և հոգեբանական աշխատանքների առնչությամբ բողոքներ չի ներկայացրել:
Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ վերջինս նշել է, որ հացադուլի ընթացքում դիմել է պետական մի շարք մարմինների, սակայն որևէ մարմնից արձագանք չի ստացել:
Այցի ընթացքում արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կամփոփվեն, գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին: