ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախատեսված նոր  տեսակի սերմերի  համար կազմակերպվող միջազգային սեմինարը վտանգի տակ է անընդհատ հետաձգվելու պատճառով: Այս մասին ասել է «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով նոր սերմերի փորձարկման՝ Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարի մասին: «Զայրացած եմ, որ մեր մեկ տարվա աշխատանքը՝ կազմակերպվելիք միջազգային սեմինարի հետ կապված, չի ստացվում, փորձենք եւս 10 օր հետաձգել, բայց փրկել  այդ սեմինարը, որը մեզ համար շատ կարեւոր է»,- ասաց նա:

 

Հրաչ Բերբերհանի խոսքով՝ միայն Ֆրեզնոյից 10-12 գիտնականներ են գալու, որոնց թվում են նաեւ մեր հայրենակիցները. նրանք եւս հետաքրքրված են Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի զարգացումով: «Շատ վրդովված եմ, քանի որ նամակներ եմ ստանում Բելգիայից, Հոլանդիայից, որտեղ  ցավով են հայտնում, որ մենք չենք կարողանում  ինքնաթիռի հարց լուծել եւ ապահովել մուտք մեր երկիր:

Չի կարելի այսպես, մենք երկիրը փորձում ենք ոտքի հանել, մեր ֆերմերները հասան նրան, որ  Հայաստանի Հանրապետությունում կարտոֆիլը, սոխը եւ այլնը ապահովել ենք, սակայն մեզ  դրանում կառավարությունը ոչ  մի կերպ չի  աջակցել: Իսկ այսօր խոչընդոտել այդպիսի լուրջ սեմինարը, առնվազն անբարոյականություն է»:

Բերբերյանի խոսքով՝ այժմ ֆիլմ են  նկարում Հայաստանում ֆերմերների աշխատանքների թեմայով. «Եվրոպական պետությունները թող տեսնեն՝ ինչպես եմ մեզ մոտ ֆերմերներն աշխատում եւ ինչ արդյունքների են հասնում. ունենք  դաշտեր, որտեղ մեկ հեկտարից ստացել ենք 70 տոննա բերք, նույնիսկ Հոլանդիայի բերքատվությունից է ավելի մերը, բայց հենց ցորենը ներկրեն, կտեսնեք՝ ինչ բունտեր կլինեն, քանի որ ներկրողը ձգտելու է բերել էժան ու անորակ ցորեն, ու հենց ներկրեց, փախչելու է Հայաստանից»,- ասաց նա:

Նա նշեց նաեւ, որ ունենք արտահանման խնդիր՝ հիմնականում ծիրանի հետ հապված, ինչին ականատես եղանք  օրեր առաջ, դեղձն էլ  է քիչ, բայց արտահանվում է, նույնն է նաեւ խաղողի դեպքում:

«Այս տարի,  տեսնենք, կկարողանանք խաղող արտահանել թե ոչ, քանի որ խաղողի գնումների հարցն է մտահոգիչ. միգուցե գործարաններն այդ քանակությամբ չցանկանան ձեռք բերել, միակ բերքը, որ հույս ունեմ՝ կարտահանենք, եւ ներկրման կարիք էլ չի լինի, կարտոֆիլն է»,-ասաց Բերբերյանը:

Ըստ նրա՝ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Մոսկվայի մի բավական մեծ սուպերմարկետի հետ, որտեղ ամսական  մոտ 1000 տոննա կարտոֆիլ պետք է  տեղափոխել. «Չմոռանալով, որ այս տարի Ադրբեջանում երաշտ է եղել, բերքը պակաս է, Իրանում՝  նույնպես, Ռուսաստանում էլ կարտոֆիլի վիճակը շատ վատ է, հետեւաբար մեր ներկայիս առավելությունը պետք է ճիշտ օգտագործել»,- ասաց նա:

Անդրադառնալով այս տարի գյուղոլորտի կրած վնասներին՝ Բերբերյանը նշեց, որ այս տարի, իհարկե, գյուղատնտեսությունը վնասներ կրեց. «Հատկապես Շիրակի գոտում ունեցանք կարկտահարություն,  բազմիցս եմ ասել, որ  հակակարկտային սարքերը չեն աշխատում, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ի վիճակի չէ այդ սարքերով պայքարել կարկտային երեւույթների դեմ: Բազմիցս եմ ասել,  որ այդ սարքերը կարելի է փոխարինել հրթիռային կամ ավիացիոն, իսկ ամենալավը ցանցային պայքար տանելն է, քանի որ այն 100 տոկոսանոց արդյունք է ապահովում»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

 

 

ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հուլիսին, հունիսի համեմատ, էժանացել են բանջարեղենը, սննդամթերքն ու կաթնամթերքը, բայց թանկացել են շաքարավազը, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը:   Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.5 տոկոս գնանկում: Իսկ, ահա, կաթնամթերքի, պանրի ու հավկիթի շուկաներում հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է 2.1 տոկոս գնանկում: Միայն հավկիթը էժանացել է 8.7 տոկոսով:

Մյուս կողմից՝ նկատենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մսամթերքի շուկայում գնանկում է արձանագրել, սակայն մսավաճառները ArmLur.am-ի հետ զրույցում հակառակը պնդեցին՝ նշելով, որ մսի գինը 200-300 դրամով բարձրացել է: Պատճառը անասնաբուժական 5-րդ ձեւն է, որը պետք է յուրաքանչյուր մսավաճառ ունենա: Այն վկայում է սպանդանոցում կատարված մորթի ու սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշների պահպանված լինելու մասին։ Այս որոշման արդյունքում գյուղացու ծախսերն ավելացել են, եւ  բարձրացրել է մսամթերքի գինը:

Օրինակ, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մսամթերքի շուկայում այս տարվա հուլիսին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 4, իսկ հունիսի համեմատ՝ 1.1 տոկոս գնանկում:

Չի թանկացել հացաբուլկեղենը, հակառակը՝ էժանացել է: Պաշտոնական տվյալներով՝ հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի 0.2 տոկոս գնանկում: Իսկ ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան ու ծովամթերքի շուկաներում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: Փոխարենը թանկացել է շաքարավազը 0.5 տոկոսով:  Բարձրացել է նաեւ ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գինը: Հուլիսին, հունիսի համեմատ, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը թանկացել են 0.2 տոկոսով:

 

 

3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական գնահատում են 3 միլիարդ դոլար՝ մոտավորապես այնքան, որքան 2015 թվականի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով: Վերջին տվյալների համաձայն՝ Լիբանանում զոհվել Է ավելի քան 150 մարդ, շատերն անհայտ կորել են: Բեյրութի նահանգապետն օգոստոսի 10-ին հայտնել Է, որ շատ զոհերի, ովքեր կապեր չունեն տեղի բնակիչների հետ, օրինակ՝ վարորդների կամ նավահանգստում աշխատող օտարերկրացիների ինքնությունը հնարավոր չԷ որոշել:

 

 

ՆՈՐ ԴԵՊՔ ՉԿԱ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 254 փորձանմուշի հետազոտություն:

 

 

ՈՒԶԲԵԿՆԵՐԸ ԵՎ ՀՆԴԻԿՆԵՐԸ՝  ՊԱՌԱՎԱՔԱՐՈՒՄ

Օգոստոսի 6-ին՝ կառավարության նիստում,   վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ   իրեն լուսանկարներ են  ուղարկել Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երեւում է, թե ինչպես են ակնհայտ օտարերկյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում: Կառավարության ղեկավարը նշել է՝ «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ երկու օրից Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ մոտավորապես 200 աշխատակցով, եւ աշխատուժ ներգրավվելու հետ կապված՝ դրությունն այնքան էլ լավ չէ: Իրեն ընկերության ներկայացուցիչն ասել է, թեեւ ինքը դա չի ստուգել, որ օտարերկրացիներն աշխատում են օրը 5 հազար դրամով, բայց 8-10 հազար դրամով տեղում աշխատուժ գտնել չեն կարողանում: «Տավուշ տեքստիլ» ընկերության սեփականատեր Սուրեն Երիցյանի եղբայրը՝ Նորիկ Երիցյանը, որը ընկերության Պառավաքարի նորաբաց արտադրամասում  բանվոր է աշխատում, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ նոր գործարկված Պառավաքարի արտադրամասում աշխատում են  ուզբեկներ եւ 2 հնդիկ, ուզբեկները արտադրամասի մեխանիկներ են, իսկ հնդիկները՝ բանվորներ։ Ն. Երիցյանն ասաց, որ աշխատուժ ներգրավելու հարցում «Տավուշ տեքստիլ» ընկերությունը խնդիրներ ունի, օրինակ՝ ընկերության Բերդի գործարանի բանվորների միայն 15 տոկոսն է Բերդ քաղաքից, մնացածներին ավտոբուսներով բերում են Բերդի տարածաշրջանի գյուղերից։

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը ձեռնոցներ, բժշկական դիմակներ արտադրող արտադրամասեր է գործարկում Չորաթանում, Արծվաբերդում, Բերդում  եւ Պառավաքարում։ Ն. Երիցյանը հայտնեց, որ Պառավաքարում բանվորները աշխատում են  ամիսը 20-22 օր, ամսական աշխատավարձը կազմում է  170-180, երբեմն՝ 200 հազար դրամ։ Նա հայտնեց, որ արտադրամասում աշխատավարձը հաստատուն չէ, այլ գործարքային, այն կախված է աշխատողի աշխատանքի արտադրողականությունից։  Նա ասաց, որ շատ պառավաքարցիներ չեն ցանկանում աշխատել գործարանում, այլ զբաղվում են իրենց ավանդական գործով՝ գյուղատնտեսությամբ։  Օգոստոսի 7-ին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի  Բերդի սահմանագոտի, Բերդ  քաղաքում ծանոթացել «Տավուշ տեքստիլ» ընկերության գործարանի աշխատանքին։ Գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը երկրի նախագահին հայտնել է, որ գործարանի աշխատողների միջին աշխատավարձը օրական հաշվով  3-5 հազար դրամ է։ Մի խնդիր էլ կա. Բերդի սահմանագոտին ռազմավարական նշանակություն ունեցող, ադրբեջանական հրետակոծության գոտում գտնվող տարածք է, որքանո՞վ է նպատակահարմար ուզբեկ, հնդիկ աշխատողների այնտեղ ամենօրյա ներկայությունը եւ  աշխատանքը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս