Օգոստոսի 8-ին Ախալքալաքում հրդեհված տների սեփականտերերը փոխհատուցում են պահանջում, ինչպես նաեւ դժգոհում իրավապահ մարմինների աշխատանքից։ Երկու օր առաջ Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքում անկարգություններ են եղել: Սպանվածի համագյուղացիներն այրել են 4 տուն եւ մեկ հյուրանոց:
«Մենք տանը չէինք, տուն եկանք երեխաների հետ, տեսանք, որ լիքը ժողովուրդ է հավաքվել, այրվում են մեր տան վարագույրները, դռները, կրակն օդն է հասել արդեն, բոլորս շատ վախեցել էինք, երեխաները լացում ու բղավում էին, ահավոր վիճակ էր։ Պատուհանները ջարդել էին եւ ներսն այրել, հարեւաններին, ոչ մեկին չէին թողնում մոտենալու, որ հանգցնեին կրակը, ասում էին, որ մինչեւ չայրվի, ոչ ոք մոտ չգնա։ Իմ ամուսինը, ամուսնուս եղբայրը կռվողի հետ ընկերներ են, խաչքավոր ենք, թե կռվի ընթացքում ամուսինս ու եղբայրը եղել են, թե ոչ, չեմ կարող ասել»,- ասել է այրված տներից մեկի բնակիչ Սիրանուշ Մանասյանը։ Իսկ նրա վնասի չափը մեծ է։ «Մենակ երեւի 20-30 հազար դոլարի մեր շշեղենն էր, անտիկվար նկարներ, արձանիկներ ենք ունեցել, կահույքը, վերանորոգումը, բազմոցները թանկանոց, ամբողջությամբ այրել են, ոչնչացրել են»,-ասել է նա:
Կնոջ խոսքով՝ երբ հարեւանները սկսել են նրանց գնալուց հետո կրակը հանգեցնել, այրողները նորից հետ են դարձել՝ ասելով՝ ինչու են հանգցնում, ու նորից վառել են, մինչեւ վերջ այրվել է, հետո գնացել են։ Մինչեւ հրշեջ ծառայությունը եկել է, հարեւանները կրակը հանգցրել են, այրվելիս է եղել միայն տան կտուրը, եւ նրանք աշխատել են կտուրը հանգեցնելու ուղղությամբ։
«Ո՞վ է պատասխան տալու, սա մեր բնակելի տունն էր, տանիք չունենք, երեխաների հետ մի օր մի բարեկամի տանն ենք գիշերում, մի օր՝ մեկ ուրիշ։ Երեխաները լալիս են, ասում, որ մեր տունն ենք ուզում, բայց ո՞ւր բերենք, նրանք սթրեսի մեջ են։ Տագերոջս կինը հղի վատացավ, շտապ օգնություն ենք կանչել, մի քանի օր է՝ ուշքի չի գալիս»,-ավելացնում է նա։
Օգոստոսի 8-ին հրդեհվել է նաեւ քաղաքացի Նաիրա Հարությունյանի բնակարանը։ Նրանք տանն են եղել, բայց զանգել են քաղաքի բնակիչները եւ հայտնել, որ մոտ 30 հոգանոց խումբը շարժվում է դեպի իրենց տուն: «Տունն այրել են, ջարդուփշուր արել, բան չեն թողել, պահարանները բացել, բենզինը լցրել, այրել են թոռնիկիս խաղալիքները, իսկ վերջում խոհանոցում գազի խողովակն են կտրել, որ պայթի: Այդ ժամանակ գոռացել են՝ «տղա՛ք, դո՛ւրս ելեք, կպայթի», փորձագետը տեսավ, զարմացավ։ Ի շնորհիվ հարեւաններիս՝ տունս մինչեւ վերջ չի այրվել, նրանք փակել են գազի կենտրոնական խողովակը։ 5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ, իսկ վերջում հատուկ ջոկատայիններին ես եմ խանութի մոտ տարել։ Այրել են նաեւ մեր մյուս տարածքը, ձորում ձկներ ունեինք, տնակներ ունեինք, ձկները բացել են։ Իմ որդին կռվին չի մասնակցել, տեսագրությունում էլ կա, վերեւից մեքենայով գնալիս է եղել եւ տեսել այդ խումբը, նա մեքենայով մտել է խմբի մեջ այն բաժանելու համար։ Որդիս տեսել է, որ ընկերը գետնին ընկած է, եւ 30 հոգի մահակներով հարձակվել են։ Թող չլիներ այդ մահը, ոչ մեկ չէր ցանկանում, որ այդ երիտասարդը մահանար։ Բայց այդպիսի բարբարոսություն անել, անգամ թուրքը չէր անի։ Ես այդ գյուղի դեմ ոչինչ չեմ ունեցել, հակառակը՝ եկել են իմ մոտ, ես հագցրել-կապցրել ճանապարհել եմ»,-պատմում է Նաիրա Հարությունյանը։
Նաիրա Հարությունյանը բողոքում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից:
«Իմ տունը ուղղակի չէր այրվել, իմ տունն այրել էին, նրանք չպե՞տք է գային եւ ասեին՝ արդյոք օգնության կարիք ունենք, գիշերելու տեղ ունենք: Ոչ ոք չեկավ բացարձակապես։ Ես կյանքի գնով աշխատել եմ, ձեռքերս թափ տալով՝ դուրս եմ եկել, ոչ մի բան չկարողացա վերցնել՝ ո՛չ գումարս, ո՛չ ոսկեղենս, ամեն ինչ այրվեց: Ով զանգում է, զարմանում են, թե ոստիկանություն չկա՞ մեր մոտ։ Զանգել եմ 112, ասում եմ, որ տունս վառում են, այնտեղից ինձ ասում են, ոստիկանությունն այդտեղ չէ։ Հետո իմացա, որ գնացել են Ռեվազ Մետրեվելիի տունն այրելու, գնացի այնտեղ, մեքենայից իջա ու տեսա, որ այդտեղ է հատուկ ջոկատը, ասեցի՝ 20 հոգով ինչու՞ եք այստեղ կանգնել, եկեք խանութիս մոտ, հիմա էլ խանութս կայրեն, եկան, բայց չէին էլ ուզում գալ, սակայն նրանց ասված էր, որ այդտեղ չհրկիզեն, շատ այլ խանութներ կան, եւ վնասը էլ ավելի շատ կլինի, եւ պատասխան շատերին պետք է տան»,-ավելացրել է Նաիրան։