«ՄԵՐ ԴԱՅԱԿՆԵՐԸ ՄԵՐ ԳԱՆՁԵՐՆ ԵՆ». ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ այս անգամ անկեղծ զրուցել է դուստրերի հետ հարաբերությունների, հայր եւ դուստր փոխահարաբերության,  նրանց դաստիարակության եւ ոճի մասին:

 

-Իրինա՛, կապը Ձեր եւ Ձեր դուստրերի հետ ինչպիսի՞ն է:

-Միանգամից կարող եմ ասել, որ խստություն ասվածն ինձ համար չէ, ես չեմ կարողանում նրանց վրա բարկանալ, թեկուզ շատ անհրաժեշտ պահերին: Օրինակ, երբ ասում եմ՝ այսօր ցուրտ է, լողավազան մտնել չի կարելի, բայց նրանք պնդում են ու լողանում, հասկանում եմ, որ այդպես նրանք իմունիտետ են ձեռք բերում, կամ երբ դեղ չեն ուզում խմել, նորից հասկանում եմ, որ այդպես նրանք կոփվում են, օրգանիզմը փորձում է ամրանալ: Ես շատ ուրախ եմ, որ նրանք ունեն իրենց կարծիքը եւ կարողանում են ազատ արտահայտվել: Ես չէի ցանկանա, որ անեին այն, ինչ միայն ես եմ ասում: Իմ եւ աղջիկներիս հետ փոխահարաբերությունները շատ ընկերական են, իսկ մեծ աղջկաս՝ Մեգգի հետ՝ առավելեւս:

-Իսկ Ձեր ամուսնու եւ երեխաների հետ կապն ինչպիսի՞ն է. սովորաբար աղջիկներն առավել մտերիմ են լինում հայրիկների հետ:

-Ամուսնուս հարաբերությունները երեխաների հետ, կարելի է ասել, իդեալական են: Իմ պատկերացմամբ՝ ամենաիդեալականն են, որովհետեւ մեզ մոտ չկան ձեւականություններ. հայրիկի մոտ չի կարելի սա անել, չի կարելի սա ասել: Մենք շատ թեթեւ, շատ հանգիստ հարաբերությունների մեջ ենք, եւ երեխաներիս ուշքը գնում է իրենց հայրիկի հետ ժամանակ անցկացնելու համար, նրա հետ խաղալ, գիշերը նույնիսկ նրա գրկում քնել: Ամբողջությամբ ֆիլմերում տեսած կամ գրքերում կարդացածն է, թե հայրիկն  աղջիկների համար լրիվ ուրիշ է, եւ ես դա փաստում եմ: Շատ-շատ ուրիշ են, քանի որ նրանց կապը  շատ ուժեղ է, եւ ավելացնեմ, որ նրանք շատ նման  են իրենց  հայրիկին աչքերի գույնով, մազերով, դիմագծերի մեջ էլ կան նմանություններ, եւ չէր կարող ուղղակի այլ կերպ լինել, քանի որ բնավորության մեջ էլ կան նմանություններ:

-Դաստիարակության հարցում ի՞նչն եք ավելի շատ կարեւորում:

-Դաստիարակության մեջ առաջնահերթ են ինձ համար առողջ փոխհարաբերությունները, սերը, բարի վերաբերմունքը  դեպի երեխաները: Ես չեմ սիրում, երբ անընդհատ բարկանում են, պատժում են… Ես սիրում եմ, երբ սիրում են իրար, համբուրում են, գրկում են, ամեն ինչը հասկացնելով, բացատրելով են տեղ հասցնում երեխաների մոտ: Բարկանում եմ շատ հազվադեպ դեպքերում, դե, երեւի առանց դրա չի լինի, բայց ամենակարեւորն ինձ համար այն է, որ է լինենք նրանց համար լավ ընկեր: Համենայնդեպս, ես իմ մեծ դստերը՝ Մեգգիին, այդպես եմ դաստիարակել, նա այդպես է մեծացել, արդեն 17 տարեկան մեծ աղջիկ է, եւ ես տեսնում եմ, որ ես չեմ սխալվել: Հուսամ, որ փոքրիների հարցում էլ նույն կերպ կլինի:

-Իրինա՛, Ձեզ հետ միասին երեխաներին խնամում են նաեւ դայակները: Մեր օրերում այնքան վստահություն չկա դայակների հարցում…

-Երեխաներն ունեն դայակներ, նրանք մեր տատիկներն են, մեր տան անդամներն են: Մենք շատ  սիրում ենք միմյանց, նույնիսկ դայակների ընտանիքների անդամների հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, նրանց երեխաների հետ են փոքրերս ընկերություն անում, այնպես որ, մեր դայակները մեր գանձերն են:

-Սովորաբար տան փոքր երեխաները միշտ խանդով են վերաբերվում ավագներին: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Մեծ դստերս փոքրերը չեն խանդում, ճիշտ է,  նմանակում են, բայց բացարձակ չեն խանդում: Մեգգին իրենց  համար կարծես Աստված լինի, ինչ ասի, այդպես էլ  անում են, նույնիսկ երբ ինձ չեն լսում, Մեգգին է գալիս օգնության, եւ, վերջ, ամեն ինչ ընկնում է տեղը: Նրանք Մեգգին շատ են վստահում, եւ նրա խոսքը իրենց համար կարեւոր ու ճիշտ է: Փոքրերի հետ ընկերություն անելու համար դեռ վաղ է, քանի որ տարիքային մեծ տարբերություն կա, բայց այն, որ նրանց փոխհարաբերությունները շատ ստացված ու ճիշտ են, դրանում վստահ եմ:

-Իրինա՛, երբեւէ չե՞ք մտածել տղա երեխա ունենալու մասին:

-Երբեւիցե չեմ մտածել տղա երեխա ունենալու մասին, քանի որ մենք միշտ մտածել ենք երեխա ունենալու մասին, եւ այդ մտածելակերպը, երեխաներին տարբերակելը՝ ըստ սեռի, շատ սխալ է, շատ տգեղ է: Երեխան մնում է երեխա, կարեւորը՝ առողջ լինի: Մենք մեր օրերում տեսնում ենք, թե ինչքան  շատ են խնդիրները երեխաների առողջության հետ կապված, ծնվում են հիվանդ երեխաներ: Ծնողը ուղղակի բարոյական իրավունք չունի մտածելու սեռի մասին, իհարկե մտածել կարելի է, բայց հատուկ պլանավորելը սխալ է: Ավելի լավ է մտածել միայն առողջ երեխա ունենալու մասիին:  Կարող են սեռի մասին միայն երազել մտքում, բայց դրանից զատ քայլեր չձեռնարկեն: Ես սիրում եմ իմ աղջիկներին եւ ոչ մի աղջկաս չեմ փոխի նույնիսկ հազար տղայի հետ, բայց եթե լինեին տղա, նույնը կանեի նաեւ նրանց դեպքում: Ինձ համար երեխան  երեխա է:

-Իսկ երեխաների հագուստների  ընտրության  մեջ առավել նախապատվությունը ինչի՞ն եք տալիս:

-Երեխաների հագուստներն ընտրում են իրենք, նույնիսկ  փոքրիկներս են արդեն սկսել ինքնուրույն ընտրել: Արդեն ունեն իրենց ձեւավորված ճաշակը, նախասիրությունները, ճիշտ է, դեռ վաղ է, տարիների ընթացքում նոր կձեւավորվի, բայց այս պահի դրությամբ նրանք շատ լավ գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր: Փորձում ենք նրանց հետ համաձանեցնել, իսկ դե մեծ աղջկաս մասին արդեն խոսք չկա:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

«ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱԿՎԵԼ «ԵՐԳ ԵՐԳՈՑ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԸ». ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆ

Օրերս Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նախագծի երաժշտական խմբի գեղարվեստական ղեկավար Արթուր Հակոբյանը հայտնել էր սիրված նախագծի փակման մասին՝ նշելով. «Երգ Երգոց նվագախմբի տղաները։ Ցավոք, այդ նախագիծը փակեցին։ Ափսոս»:

Արթուր Հակոբյանի գրառումից հետո բուռն քննարկումներ սկսվեցին նախագիծը փակելու շուրջ, եւ այս կապակցությամբ ArmLur.am-ը զրուցել է դերասան Խորեն Լեւոնյանի հետ, ով երկար տարիներ է, ինչ վարում էր հաղորդումը:

«Հանրային հեռուստաընկերության եթերում «Արտակարգ համերգ» նախագծի շրջանականերում «Երգ երգոց» նախագծի փակվելու մասին հանգամանալից վաղուց խոսել ենք ամբողջ խմբով։ Եվ չգիտեմ, թե ինչու է հիմա դրա մասին խոսվում։ Իսկ այլ նախագծի մասին խոսելը հիմա՝ այս ժամանակահատվածում, դեռ վաղ է, քանի որ իրավիճակից ելնելով՝ դեռ չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Խորեն Լեւոնյանը դեռ մեկ ամիս առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում «Արտակարգ համերգ» նախագծի շրջանականերում «Երգ երգոց» նախագիծն այլեւս եթեր չհեռարձակվելու մասին ասել էր. «Ուղիղ 10 տարի առաջ ստեղծեցինք այդ հաղորդումը, որի հետ կապված են շատ ջերմ հիշողություններ: Մենք մեր ստեղծագործական թիմով որոշեցինք, քանի որ այս ամեն ինչը շատ է ձգձգվում, մենք էլ չկանք եթերում, այն, ինչն ունի սկիզբ, ունի նաեւ իր տրամաբանական ավարտը: Դե այսպես ենք որոշել, հետո չգիտենք, թե ինչպես կլինի»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգն ու ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը կհասցնեն վերականգնվել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղին: Բոատենգը վնասվածք էր ստացել Լոնդոնի «Չելսիի» հետ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (4:1) եւ այժմ մարզվում է անհատական ծրագրով: Կոմանը մկանային խնդիրների պատճառով բաց էր թողել «Չելսիի» դեմ խաղը, բայց արդեն վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում: «Բարսելոնան» ու «Բավարիա» կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն օգոստոսի 14-ին Լիսաբոնում:

 

 

ՏՊԱՎՈՐԻՉ ՑՈՒՑԱՆԻՇ

Դանիական «Կոպենհագենի» դարպասապահ Կարլ-Յուհան Յունսոնը տպավորիչ ցուցանիշ է գրանցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի խաղում: Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացված խաղում շվեդ դարպասապահը դարձել է 13 սեյվի հեղինակ: 2016/17 թվականների մրցաշրջանից հետո դա լավագույն ցուցանիշն է եվրագավաթներում. հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակում հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» եւ իսպանական «Սեւիլիայի» դիմակայության հաղթողի հետ:

 

 

ԿՀԵՌԱՆԱ՞

Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին մոտ է Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուն: 29-ամյա ֆուտբոլիստը չի մտնում իտալական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի ծրագրերի մեջ: «Յուվենտուսից» կհեռանա նաեւ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Բլեզ Մատյուիդին, որը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն: Աարոն Ռեմզին նախորդ տարվա ամռանը Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Յուվենտուս»: Ավարտված մրցաշրջանում նա Իտալիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermartk-ն ուելսցու տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 41-ամյա Անդրեա Պիրլոն օրեր առաջ էր գլխավորել «Յուվենտուսը»՝ փոխարինելով Մաուրիցիո Սարիին: Ավելի վաղ իտալացի մասնագետը նշել էր, որ «Յուվենտուսը» խնդիրներ ունի միջին գծում:




Լրահոս