ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը.
«Հարգելի հայրենակիցներ,
Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ: Ստորև ներկայացնում ենք Ստեփան Ստեփանյանի կենսագրական տվյալները:
Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին:
1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը:
2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ:
2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ:
Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում:
2011թ.-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:
2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։
2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր»։