ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով: Այս մասին Փաշինյանն ասել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում, հիշեցնելով հակամարտության լուծման վերաբերյալ իր առաջարկած բանաձևը:

«Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել. իրական խաղաղության կարող ենք հասնել, եթե Ադրբեջանը նույն կերպ պատասխանի Հայաստանի գործողություններին։ Դառնալով Հայաստանի վարչապետ՝ ես առաջարկեցի խաղաղության նոր բանաձև, այն է` ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց, ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը չարձագանքեց իմ առաջարկությանը»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը, մեկնաբանելով Արցախում արված իր հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է, և վերջ, նշել է, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել բնիկ հայ ազգաբնակչությամբ։

«Արցախ անվանումն ունի հազարամյակների պատմություն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթում չի նշվում Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժեր։ Նախքան հակամարտության սկիզբը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության 80-90%-ը հայեր էին։ Եվ փորձելով երկրամասը մաքրել հայերից` Ադրբեջանը սկիզբ դրեց հակամարտությանը։ Մենք Լեռնային Ղարաբաղի հետ գտնվում ենք մեկ ընդհանուր անվտանգության տարածքում»,- նշել է Փաշինյանը:

Հաղորդավարի այն դիտարկմանը, թե Հայաստանի կեցվածքն ազգայնական է, Փաշինյանը նշել է, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև:

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մեկուսացման և շրջափակման քաղաքականություն է վարում, և ի դեպ նաև Հայաստանի նկատմամբ: Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հրաժարվել ուժի գործադրման որևէ հնարավորությունից: Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա: Պատերազմը ողբերգությունների շղթա է հարուցում. այդ իսկ պատճառով մենք ասում ենք՝ եկեք մերժենք և հրաժարվենք հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառման հեռանկարից: Խաղաղությունը ենթադրում է փոխզիջում: Եվ Հայաստանը միշտ պատրաստ էր և պատրաստ է փոխզիջման»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը թեմայի շրջանակներում հիշեցրել է նաև ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում վայրագությունների զոհ դարձած հայերի մասին, նշելով, որ այդ ողբերգություններն առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

«Եվրադատարանը հայերի նկատմամբ ադրբեջանցիների կատարած ոճրագործությունների վերաբերյալ կատալոգ ունի: Այստեղ հարկ է նշել Սումգայիթյան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 1980-ականների վերջին, երբ Ադրբեջանի այն ժամանակվա կառավարությունը ջարդեր նախաձեռնեց հայերի դեմ Սումգայիթում և Ադրբեջանի մայրաքաղաքում: Եվ սա առանցքային կետ է այս հարցում: Եվ պետք է պարզել, թե ով է իրականում նախաձեռնել և իրագործել վայրագություններ: Լեռնային Ղարաբաղի հայերը վայրագության զոհ դարձան, և մենք դա կարող ենք ապացուցել ցանկացած վայրում, ցանկացած պահի»,- ասել է Փաշինյանը:




Լրահոս