«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։ Նա ռուսերենով մի հրաժեշտի խոսք է զետեղել ֆեյսբուքում, պատմելով, որ այն ուղղությունը, որտեղ ինքը խորհուրդներ էր տալիս՝ կորցրել է իր ակտուալությունը, բայց ամեն ինչ լավ է ընթանում, հիմա էլ՝ ինչպես ամենասկզբում, հավատում է Նիկոլ Փաշինյանին եւ այս կարգի այլ զեղումներ։ Նախկին կավեենշչիկ Արտաչոկը, փաստորեն, իր միսիան ավարտված է համարում, չնայած ոչ ոք չգիտի, թե նա ինչ խորհուրդներ է տվել վարչապետի խորհրդականի պաշտոնում։
Փոխարենը գիտենք, որ նա Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է եւ ժամանակին գրել ենք, որ որեւէ կարգավիճակ չունենալով մասնակցում է քաղաքապետի մոտ տեղի ունեցող խորհրդակցություններին։ Իսկ միսիան ավարտվել է, քանի որ միակ գործը, որը նա արել է այս ընթացքում՝ Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետ կարգելն է եղել։ Նրա անմիջական եւ շատ ինտենսիվ ջանքերի շնորհիվ է ծագել Մարությանին քաղաքապետ կարգելու գաղափարը, նա է հարթել տարբեր դժվարություններ այդ ճանապարհին եւ հասել նրան, որ իր դերասան ընկերը զբաղեցնի Հայաստանի, կարելի է ասել, երրորդ պաշտոնը։ Իսկ այսօր, երբ ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտրությունը սխալ է եղել եւ Հայկ Մարությանը, որպես քաղաքապետ, ձախողված է, ուստի Արտաչոկն էլ այդ ձախողման մեջ ծանրակշիռ մասնակցություն ունի, եկել է ասպարեզը լքելու ճիշտ ժամը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։