Կորոնավիրուսի ազդեցությունը՝ հարկաբյուջետային քաղաքականության վրա. որքան են կազմել եկամուտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի առաջին կիսամյակում COVID-19 համավարակի տարածման հետևանքով տնտեսական ակտիվության դանդաղման և թույլ ներքին պահանջարկի անկման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է խթանող, այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ամփոփ հաշվետվությունից:

Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել ՀՀ պետական բյուջեի եկամուտների, հատկապես՝ հարկային եկամուտների վրա: 2020 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 716.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.5%-ով, իսկ հարկեր և տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.6%-ով:

2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.3%-ով: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կազմել են 719.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17.4%-ով, որն իր մեջ ներառում է նաև հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը և առողջապահական ծախսերի աճը: Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 45.8 մլրդ դրամ, որում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 46.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 96%-ով կամ 22.8 մլրդ դրամով:

Արդյունքում 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձևավորվել է պետական բյուջեի 48.9 մլրդ դրամ դեֆիցիտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ձևավորված 121.9 մլրդ դրամ պետական բյուջեի հավելուրդի դիմաց:

2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման միջոցառումների շրջանակներում պետական բյուջեից փաստացի ծախսվել է 40.7 մլրդ դրամ, որից սոցիալական աջակցության ծրագրերի գծով հատկացվել է 23.5 մլրդ դրամ, իսկ տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տրամադրվել է 8.6 մլրդ դրամ: Բացի տնտեսական և սոցիալական հակազդման միջոցառումներից, COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով կառավարությունն իրականացրել է նաև առողջապահական ծախսեր, որոնց ծավալը հունիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 8.6 մլրդ դրամ:

Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների դեֆիցիտի ֆինանսավորման վարկավորում հոդվածով տնտեսությանն ուղղված ֆինանսական միջոցները կազմել են 14.3 մլրդ դրամ:




Լրահոս