Չնայած պաշտոնապես հաստատվել է, որ սեպտեմբերի 15-ից գործելու են հանրակրթական ուսումնական հաստատությունները, սակայն այս օրերին դեռ շարունակվում են քննարկումները դրանց գործելու կարգի հետ կապված:
Ավելին, կրթական հաստատությունների վերաբացման հետ կապված Պարետի որոշումն արդեն ուղարկվել է դպրոցներին, որտեղ ներկայացված է Covid 19-ի կառավարման պլանը հանրակրթության ոլորտում։ Ըստ դրա, դպրոցները պետք է ապահովվեն անհրաժեշտ ախտահանիչ պարագաներով, նաեւ ապահովեն անձնակազմին եւ աշակերտներին անհրաժեշտ դիմակներով եւ ախտահանիչ նյութերով։ Ըստ կառավարման պլանի՝ ուսումնական պրոցեսի կազմակերպումը միջին ծանրության դեպքերում պետք է իրականացնել՝ բացառելով առանձին առարկաների համար դասարանից-դասարան տեղաշարժը։ Հնարավորության դեպքում ապահովել դասասեղանների միջեւ 1.5 մետր հեռավորություն, ինչպես նաեւ ապահովել առավելագույնը 10 աշակերտի ներկայություն։
Ընդ որում, նկատենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բոլոր դպրոցներից տվյալներ է ուզել, թե որ դպրոցը ինչ չափանիշներ ունի, ինչ խնդիրներ: Նախագծի մեջ ասվում է, որ 2 տարբերակով կարող է իրականացվել ուսուցումը. դասարանում կարող է լինել 10 աշակերտ կամ 20 աշակերտ, այսինքն՝ ստացվում է՝ աշակերտների մի մասը մեկ օր կգա դպրոց, մյուս օրը դասերը կշարունակի հեռավար համակարգով: Եվ չնայած դեռ վերջնականապես հաստատված չէ կարգը, սակայն այն արդեն մեծ թվով հարցեր է առաջացրել ուսուցիչների նաեւ աշակերտների ծնողների շրջանում, թե արդյոք չի տուժի կրթության որակը, հատկապես երբ խոսքը վերաբերում է 1-4-րդ դասարաններին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.