ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Բունդեսթագի նախագահը, ողջունելով իր գործընկերոջը, շնորհավորեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ  նշեց, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Բեռլին նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին եւ միջխորհրդարանական համագործակցությանը, որը լավ հիմքերի վրա է դրված: Պարոն Լամմերթը անհրաժեշտ համարեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բոլոր ուղղություններով գործակցության  խորացումը` նշելով, որ համագործակցության զարգացման չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարեւորեց մեր երկրում ընթացող ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ ՀՀ անկախության 20-ամյակը Բեռլինում նշելու նրա աջակցության համար եւ իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները հղեց Գերմանիայի ազգային գալիք տոնի` Միասնության օրվա կապակցությամբ: ԱԺ նախագահը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է Գերմանիայի հետ  հարաբերությունների ընդլայնումը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերով ու հայ-գերմանական համագործակցությունը դիտում որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում: Հովիկ Աբրահամյանը շեշտեց նաեւ  Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացման կարեւորությունը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: Նրա խոսքով` այսօր հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում եւ Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Այդ մասին է վկայում Հայաստան եւ Հարավային Կովկասի երկրներ գերմանական խորհրդարանական պատվիրակությունների հաճախակի այցելությունները: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը  կարեւորություն է տալիս ԵՄ Արեւելյան գործընկերությանը, որը մեկնարկեց 2009թ. մայիսին: «Մենք մտադիր  ենք ակտիվորեն համագործակցել ԵՄ կառույցների եւ առանձին անդամ պետությունների հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Հայաստանն ակնկալում է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման քայլերին եւ ծրագրերին, մասնավորապես` ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում», -նշեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը եւ Նորբերտ Լամմերթը կարեւորեցին Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի համար իրականացվում է 2008 թ.-ից: Այն Հայաստանի երիտասարդների համար Գերմանիայի քաղաքական ու տնտեսական կառուցվածքին մոտիկից հաղորդակից դառնալու լավ հնարավորություն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: Մասնավորապես ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` պ. Աբրահամյանը նշեց, որ Թուրքիան ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս հարցում, այլ հակառակը, սկսեց  առաջ քաշել նախապայմաններ, որոնք որեւէ առնչություն չունեն արձանագրություններում ամրագրված դրույթների հետ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` պարոն Լամմերթը նշեց, որ 2005թ. Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը եւ հայերի բռնի տեղահանումը դատապարտող բանաձեւ, որտեղ նաեւ նշվել եւ դատապարտվել է Գերմանիայի կառավարության դերակատարությունը այդ հարցում: Բունդեսթագի ղեկավարը նշեց, որ մի քանի տարի առաջ ապրիլի 24-ին Բեռլինում մասնակցել է հայ համայնքի կողմից կազմակերպված արարողությանը, որտեղ խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ  հարցերի եւս: Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը պարոն Լամմերթին հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շրջայց կատարեց Բունդեսթագի շենքում:Բեռլինում նշվեց ՀՀ անկախության 20-ամյակը Սեպտեմբերի 27-ի երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Բեռլինի մեծ համերգասրահում  մասնակցեց   Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին եւ պաշտոնական ընդունելությանը: Նշենք, որ համերգը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ԳԴՀ Բունդեսթագի նախագահների բարձր հովանու ներքո: Հայաստանի  պետական երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Էդվարդ Միրզոյանի, Ջուզեպպե Վերդիի, Սերգեյ Ռախմանինովի, Տիգրան Չուխաջյանի, Էդվարդ Հայրապետյանի, Ջորջ Բիզեի, Ռոդիոն Շչեդրինի ստեղծագործություններից:




Լրահոս