Այս օրերին կրկին ակտիվացել են աշխատանքները թե՛ Ընտրական օրենսգրքի քննարկումների, թե՛ սահմանադրական փոփոխությունների շուրջ: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների հարցում ավելի ակտիվ են մասնագիտական հանձնաժողովի անդամները, ապա Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնողն ու ջատագովը հենց իշխող խմբակցությունն է: Բանն այն է, որ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը առցանց ձեւաչափով սկսել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները: Արդեն տեղի է ունեցել առաջին հանրային քննարկումը, եւ թեմաներն էին նախընտրական քարոզարշավը, քարոզարշավի ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքը: Նկատենք, սակայն, որ իշխանական խմբակցությունը նպատակ ունի Ընտրական օրենսգրքի փաթեթը լիագումար նիստերի օրակարգ բերել միայն գարնանային նստաշրջանին։ Հիշեցնենք, որ այս փաթեթի համար հիմք է հանդիսանում դեռ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, որը չընդունեցին խորհրդարանում դեռեւս մեծամասնություն կազմող հանրապետականները:
Նկատենք՝ երեկ միայն առաջին հանրային քննարկումն էր, եւ դեռ մի քանի նման քննարկումներ կլինեն առանձին թեմաներով։ Օգոստոսի 14-ին էլ կքննարկվի համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումների հարցը:
Հավելենք, որ աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։ Հավելենք, որ այս նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար, եւ այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։ Իսկ, ահա, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները հայեցակարգը պետք է ներկայացնեն մինչեւ տարեվերջ, սակայն քվեարկությունը խորհրդարանում կրկին նախատեսված է հաջորդ տարի: Այսինքն՝ հաջորդ տարին ակտիվ է լինելու նոր Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքերի ընդունման առումով: Մենք տեղեկացանք, որ այս պահին երկու խումբն էլ շարունակում են աշխատանքները ժամկետներում տեղավորելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում առաջիկայում պատրաստվում են ներկայացնել Տնտեսագիտական համալարանի ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանի հետ կապված վարույթի եզրակացությունը: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ վարույթն ավարտվել է, ու այժմ վարույթի կազմավորման պրոցեսն է ընթանում: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը իր նիստում որոշում էր կայացրել, որով անվավեր էր ճանաչել Տնտեսագիտական համալարանի ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, ինչը Դիանա Գալոյանը բողոքարկել էր։ Ըստ մեր տեղեկությունների՝ այդ վարույթին անհամբեր սպասում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, որը ամեն գնով ցանկանում է, որպեսզի Դիանա Գալոյանը դոկտորի գիտական աստիճանից զրկվի: Ու անգամ երբ Գոգյանը հրավիրվել է վարույթին մասնակցելու ու գնացել է իր փաստաբանի հետ, նրա փաստաբանին չեն թույլատրել մասնակցել գործընթացին, ինչի համար վերջինս հեռացել էր նախարարությունից՝ որեւէ ձւով չմասնակցելով վարույթին, հետագայում ուղարկելով գրավոր դիրքորոշում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ վարույթը եզրակացության փուլում է, բայց այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Իսկ Դիանա Գալոյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին հետաքննություն իրականացնելու համար: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ հայտնել, որ իր թոշակի եւ իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին եւ վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել: Եվ, ահա, Գլխավոր դատախազությունը, ստանալով Արմեն Գրիգորյանի դիմումը, ուղարկել է այն ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար: Դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն տեղեկությունը պարզելու համար, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ Գլխավոր դատախազությունը նյութեր նախապատրաստելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին է ուղարկել քաղաքացու դիմումը: Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 3.9 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաեւ խոզի եւ ոչխարի մսի դեպքում. այս տարվա հունվար-հունիսին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 6 տոկոսով, իսկ ոչխարինը՝ 2.9 տոկոսով: Փոխարենը ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 10.8 տոկոսով: Բացի այս, անկում արձանագրվել է նաեւ երշիկեղենի արտադրության ոլորտում 4.7 տոկոսի չափով: Փոխարենը Հայաստանում ավելացել է անասնագլխաքանակը. եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Այս ամենի արդյունքում, մասնագետների խոսքերով, տավարի, խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալներն առաջիկայում կավելանան: