Բելառուսի ԿԸՀ-ն արդեն հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքները: Օգոստոսի 10-ի դրությամբ ընտրության արդյունքները հետեւյալ տեսքն ունեն՝ Ալեքսանդր Լուկաշենկո` 80,23%, Սվետլանա Տիխանովսկայա` 9,90%, Աննա Կանոպացկայա` 1,68%, Սերգեյ Չերեչեն` 1,13%, Անդրեյ Դմիտրիեւ` 1,04%։ Նշենք, որ օգոստոսի 9-ի երեկոյան՝ քվեարկության առաջին արդյունքները ստանալուց հետո, երկրի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ են սկսվել։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառել` մահակներ, լուսաձայնային նռնակներ եւ արցունքաբեր գազ։ Հայտնի է նաեւ, որ Մինսկում ցուցարարների ամբոխի մեջ բեռնատար է մխրճվել։
Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այս օրերին եղել են Բալառուսում, որպես դիտորդ հետեւել են ողջ պրոցեսին: Մենք զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ՝ պարզելու համար, թե ինչ են արձանագրել Բելառուսում ընտրությունների ժամանակ, ու այնտեղ ընթացող բողոքի ակցիաների հետ կապված ինչի են ականատես եղել:
-Պարո՛ն Սանդիկով, Դուք Բելառուսում էիք, ի՞նչ իրավիճակ էր այնտեղ:
-Մենք Բելառուս էինք մեկնել ուրբաթ օրը, շաբաթ առավոտվանից հանդիպումներ ենք ունեցել, կիրակի տեղի են ունեցել ընտրությունները, ու երկուշաբթի երեկոյան վերադարձել ենք Հայաստան: Հետընտրական պրոցեսների հետ կապված կարող եմ ասել, որ մեր հյուրանոցի հատվածում էր ոստիկանական ուժերի մեծ կուտակումներ, բուն գործողությունները մեզանից մի քիչ հեռու էին:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունները, դրա արդյունքները, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ ընտրություններ տեղի ունեցան Բելառուսում:
-Մենք ընտրություններին մասնակցում էինք դիտորդական առաքելությամբ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կազմում, այսինքն՝ տարբեր ԱՊՀ երկրների պատգամավորներով միասին ենք մասնակցել, միասնական արդեն եզրակացությունը կա: Մենք հրապարակել ենք, որ ընտրությունները անցել են առանց էական խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, անցել են Բելառուսի ԸՕ-ին համապատասխան: Մեր ընտրական պրոցեսները, մեր ԿԸՀ-ն շատ ավելի առաջադեմ, շատ ավելի փորձառու է, քան բելառուսական, դա զուտ մեր գործընկերային նկատառումներն են եղել, որի մասին մենք կիսվել ենք մեր գործընկերների հետ, ասել ենք մեր փորձի մասին:
-Եթե Բելառուսում ընտրությունները անցել են Ընտրական օրենսգրքի բոլոր օրենքներին համապատասխան, ապա ինչո՞ւ են հետընտրական կրքերն այդքան թեժ. օրեր շարունակ ցույցեր են ընթանում այնտեղ, որի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել` մահակներ, լուսաձայնային նռնակներ եւ արցունքաբեր գազ։
-Ավելի ճիշտ կլինի ձեւակերպել՝ բելառուսական ընդդիմությունը եւ ժողովրդի ընդդիմադիր թեւն է դեմ, որը քիչ զանգված չի կազմում, միայն Սվետլանա Տիխանովսկայայի օգտնի կես միլիոն մարդ է քվեարկել բոլորին դեմ, այսինքն՝ բոլորին ընդդիմադիր քաղաքացիներին վերցրած մեկ միլիոնից մի քիչ պակաս թիվ են կազմում, որ քիչ չէ 9 միլիոն բնակչություն ունեցող ժողովրդի համար: Ուստի հիմա այդ բողոքի ալիքը ամենակարեւորը, որը պետք է լինի, դա նախ եւ առաջ պետք է կանխվի ցանկացած տեսակի զարգացումները, որոնք կբերեն մարդկային զոհերի, բայց դրան զուգահեռ կարծում եմ, որ բելառուսական իշխանությունը պետք է երկխոսություն սկսի, օրակարգում դնի ժողովրդի բողոքի հիմնավոր կետերը: Իրենք պետք է հասկանան, թե ի վերջո ինչ է ուզում ժողովուրդը: Հանուն արդարության պետք է նշեմ, որ Բելառուսը սոցիալական շատ ուժեղ պետություն է, եւ այնտեղ սոցիալական ծառայությունները գրեթե կատարյալ մակարդակի վրա են, նկատի ունեմ դպրեցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, որոնք շատ բարձր մակարդակի վրա են գտնվում: Մեր մասնավոր հարցումների, քննարկումների արդյունում մենք հասկացանք, որ ժողովուրդը նոր շունչ, նոր փոփոխություն է ուզում, ու թերեւս, իմ պատկերացմամբ, այն է, որ պետք է ժողովոդին թույլ տալ մասնակցություն ունենալ այնտեղ կատարվող քաղաքական պրոցեսներին: Քաղաքական էլիտան գրեթե միատարր է վերջին երկու տասնամյակը, ու այդ մարդիկ պարզապես հոգեբանորեն ճնշվածություն են զգում, դա դեռեւս չի նշանակում, որ իշխանությունը պետք է լրիվ հեռանա ու նորը գա, որովհետեւ այնտեղի իշխանությունը այնտեղ արված բաներ ունեն:
-ՀՀ-ում բուռն քննադատվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Բելառուսի նախագահի ընտրության հետ կապված: Ըստ ընդդիմության՝ պետք էր սպասել, մինչեւ Բելառուսում կդադարեին թեժ իրավիճակները, ու վերջնական կլիներ արդյունքը: Ըստ Ձեզ՝ վարչապետը շտապե՞լ էր շնորհավորանքի հարցում:
-Ըստ իս՝ վարչապետի քայլը տեղին էր, ժամանակին էր այն առումով, որ մենք Բելառուսի հետ ունենք թե՛ երկկողմ հարաբերություններ, թե՛ ինտեգրացիոն տարբեր մարմիններում մենք մի միավորի ներկայացուցիչ ենք, եւ այդ քայլը գործընկերային էր, տեղին էր ու ժամանակին էր:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՌՑԱՆՑ ՁԵՎԱՉԱՓՈՎ
Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը առցանց ձեւաչափով սկսել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները: Երեկ տեղի է ունեցել առաջին հանրային քննարկումը, դրանք ընդհատվել էին համավարակի պատճառով: Երեկ քննարկված թեմաներն էին նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք:
Նկատենք, սակայն, որ, ամենայն հավանականությամբ, Ընտրական օրենսգրքի փաթեթը լիագումար նիստերի օրակարգ կբերվի միայն գարնանային նստաշրջանին։ Փաթեթի համար հիմք է հանդիսանում դեռ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նկատենք, որ այն ժամանակ այդ նախագիծը չընդունեցին խորհրդարանում դեռեւս մեծամասնություն կազմող հանրապետականները:
Նկատենք, որ երեկ միայն առաջին հանրային քննարկումն էր, եւ դեռ մի քանի նման քննարկումներ կլինեն առանձին թեմաներով։ Օգոստոսի 14-ին էլ կքննարկվի համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումների հարցը:
Հավելենք, որ աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։ Այս նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար, եւ այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։
ԳՆԱՆԿՈՒՄ
Հայաստանում այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3 տոկոսի գնանկում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսին, հունիսի համեմատ, հագուստի, տարբեր տեսակի կոշկեղենի գներն են նվազել 2.7%-ով: Բայց մասնագետների մի շրջանակ համոզված է, որ հագուստի եւ կոշկեղենի գները կաճեն, քանի որ սեպտեմբերն առջեւում է, իսկ հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսելու են սեպտեմբերի 15-ից: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ բնակարանի նորոգման նյութերի գները եւս նվազել են 0.9 տոկոսով: Իսկ, ահա, գորգերն ու հատակի ծածկերն էժանացել են 0.8 տոկոսով: Կահույքը եւս էժանացել է, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 0.5 տոկոսով: Գնանկում արձանագրվել է նաեւ դեղագործական ապրանքների շուկայում 0.1 տոկոսով: Մյուս կողմից՝ մեզ հայտնի դարձավ, որ հանրապետությունում արձանագրվել է խոշոր եւ փոքր կենցաղային սարքերի 0.1 տոկոս գնաճ: Թանկացել են նաեւ մաքրող, լվացող միջոցները 0.3 տոկոսով: Ի դեպ, տեղեկացնենք, որ բավականին թանկացել են նաեւ ոսկերչական զարդերը. այս դեպքում գնաճը կազմել է 5.5 տոկոս։
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մատուցված ծառայությունների ոլորտում հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է սակագների 0.3 տոկոս հավելաճ։
Օրինակ՝ հուլիսին, հունիսի համեմատ, բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.6 տոկոսով: Իսկ, ահա, հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 4.6 տոկոսով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 6.4 տոկոսով: Տեղեկացվում է, որ կորոնավիրուսի պատճառով այս ոլորտի ներկայացուցիչները մի քանի ամիս չեն աշխատել՝ կրելով մեծ վնասներ: Այժմ բարձրացնելով ծառայությունների սակագները՝ փորձում են կրած վնասները փոքր-ինչ հետ բերել:
ՄՈԴԵԼԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բուհերում դասերը վերսկսելու մասով քննարկվում է հիբրիդային մոդել:«Քննարկվում են եւ՛ առկա, եւ՛ հեռավար ուսուցման եղանակներ։ Նախնական քննարկումները դասերը սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 15-ը սկսելու մասին են»,-ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ նույն մոտեցումը կցուցաբերվի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Նշենք, որ հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսելու մասին որոշումն արդեն կայացվել է։ Դրանք կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: