Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով շուրջ 3 տարի տեւած դատավարությունից հետո այսօրվա դատական նիստին հրապարակվեց մեղադրական ճառը։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջեց Էդվարդ Գրիգորյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Արեգ Կյուրեղյանին եւս` 8 տարի 6 ամիս, Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Սեդրակ Նազարյանին` 9 տարվա, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման: Դատախազը միջնորդեց Վարուժան Ավետիսյանին դատապարտել 8 տարի 9 ամիս ազատազրկման, Արմեն Բիլյանին` 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին` զմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ անձի մահվան հիմքով:
Ըստ մեղադրող դատախազի` խմբի անդամները մինչ գրավումը նախապես ուսումնասիրել են գնդի տարածքը, հետո էլ խմբի անդամները կազմակերպել են խումբը զինելուն ուղղված միջոցառումներ ու գունդը գրավելու համար բեռնատարի վարորդից պայմանավորվածությամբ վերցրել են մեքենան։
Բացի այդ, ըստ մեղադրական ճառի՝ խմբի անդամները պատանդ են վերցրել գնդի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից մի քանիսին: Դատախազի պնդմամբ՝ հիմնավորվել է, որ խմբի անդամները սպանել են ոստիկաններ Արթուր Վանոյանին, Յուրի Տեփանոսյանին եւ Գագիկ Մկրտչյանին։ Ոստիկանների սպանության մեջ մեղադրվում են զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել ու շուրջ երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի եւ Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:
Մինչ այս դատարանում նաեւ ոստիկաններ էին ցուցմունքներ տվել: Օրինակ՝ Գեղամ Խաչատրյանը դատարանում պատմեց՝ սպանված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանին տեսել է ՊՊԾ գնդի տարածքում արնահոսելիս: Երբ այս եւ այլ թեմաներով փաստաբանները հարցեր էին ուղղում Խաչատրյանին, նա կրկնվող պատասխաններ էր տալիս, հիմնականում ասում էր՝ չեմ հիշում, չեմ կարող ասել:
Իսկ տուժող ոստիկաններից Դավիթ Գեւորգյանը նիստին ներկա չէր եղել. երկրից բացակայում էր: Դատախազը նրա ցուցմունքը հրապարակեց դատարանում: Դավիթ Գեւորգյանն իր նախնական ցուցմունքում գրել էր, թե ՊՊԾ գնդում գտնվելու օրերին տեսել է, թե ինչպես են գունդը գրաված մարդիկ օրեր շարունակ զինված հերթապահել տարածքում: Իր հարցին, թե ինչու՝ պատասխանել են՝ եթե իրավապահները փորձեն մտնել գնդի տարածք, նրանց տեղում կոչնչացնենք: Տուժող ոստիկանն իր ցուցմունքում նաեւ գրել է, որ կապել են իր ձեռքերը ու ներս բերել Վալերի Օսիպյանին ու նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՐԶ ՃԱԿԱՏՈՎ
«Ես որեւիցե խնդիր չունեմ քրեական գործի հետ կապված, պարզ ճակատով եմ»,- ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի եւ իր միջեւ տեղի ունեցող ծեծկռտուքին եւ այդ առթիվ հարուցված քրեական գործին։ Այն հարցին՝ արդյոք կա փորձագետի եզրակացություն, որ ինքը գտնվել է աֆեկտի տակ, կամ ինչի վրա է հիմնվել ՀՔԾ-ն, երբ որոշել է, որ Ալեն Սիմոնյանն անակնկալի է եկել, դրա համար է հարվածել Արթուր Դանիելյանին, ԱԺ փոխնախագահն այդպես էլ ուղիղ չի պատասխանել: «Կարծիքները, որ հնչում են, ընդամենը կարծիք են։ Կա քրեական գործ։ Ես որեւիցե խնդիր չունեմ քրեական գործի հետ կապված, պարզ ճակատով եմ։ Նույնիսկ այն տեսանյութը, որ հրապարակում են եւ փորձում են ինձ վարկաբեկել, ինձ չի կարող վարկաբեկել։ Ինձ համար այդ թեման վաղուց փակված է»,- ասաց Սիմոնյանը։ Նշենք, որ Արթուր Դանիելյանն այս գործով ունի մեղադրյալի կարգավիճակ։
ԱՌԱՋԱՐԿԵԼ Է
Մարդկանց պետք է հարսանիք անելու հնարավորություն տանք. այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հանրային միջոցառումներին առավելագույնը 40 հոգու մասնակցությանը: Նա առաջարկել է թույլատրել 60 հոգու մասնակցություն, կամ բացառություն անել հարսանիքների համար. «Մարդիկ ամուսնանում են: Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք: Մարդկանց պետք է հարսանիք անելու հնարավորություն տանք: Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են ու հարսանիք չեն կարողանում անել: Ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա Հայաստանը միայն Երեւանը չէ, մարզերում էլ ցուրտ է: Առաջարկում եմ թույլատրել փակ տարածքներում 60 հոգանոց հարսանիքներ անել»: Պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հետագա հնարավոր փոփոխությունները կախված են լինելու համաճարակային իրավիճակից. եթե դրական տենդենցը լինի, միգուցե հաջորդ քայլով մեղմացումներն ավելի մեծ լինեն:
ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Միքայել Համբարձումյանն ու Արմեն Աբազյանը նշանակվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ:
ՉՎԵՐԹՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացել է Մոսկվայից դեպի Երեւան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։ Մոսկվա-Երեւան 17.08.2020 թվական /«Դոմոդեդովո» օդանավակայան. Մոսկվա-Երեւան 18.08.2020 թվական /«Դոմոդեդովո» օդանավակայան: Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանից:
ԱՉՔԵՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ եկել էր արեւային ակնոցներով, ինչը բուռն քննարկման առիթ դարձավ համացանցում: ArmLur.am լրատվականը զանգահարեց պատգամավորին՝ պարզելու համար, թե ինչու էր վերջինս խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ ակնոց կրում: Պարոն Միքայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի օր առաջ աչքերի վիրահատության է ենթարկվել, մասնավորապես վիրահատվել է աչքերի ոսպնյակները: Պատգամավորն ասաց, որ վերականգնման փուլում է գտնվում, դեռեւս վերջնական չի ապաքինվել, ինչի համար էլ կրում է արեւային ակնոց: «Ժողովուրդ» օրաթերթի ու ArmLur.am-ի խմբագրակազմն առողջություն է մաղթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին:
ՈՒՇԱԳՐԱՎ
Ուշագրավ միջադեպ՝ Արմավիր մարզի Մերձավան համայնքում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Մերձավան համայնքում անծանոթ անձինք մտել են խանութ եւ այնտեղից գողացել են խանութում տեղադրված վճարային տերմինալն ու տարբեր իրեր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ ենթադրյալ հանցագործները մտել են խանութ, սեփականատիրոջ ձեռքին զանգ է եկել, որ խանութում մի բան այն չէ, եւ վերջինս շտապել է խանութ: Արդյունքում տեսել է, թե ինչպես են ենթադրյալ հանցագործները դեպքի վայրից հեռանում, սկսել է քարերով կանգնեցնել հանցագործներին, սակայն հանցագործները սկսել են կրակել խանութի տիրոջ ուղղությամբ, ինչի արդյունքում էլ նրանց հաջողվել է փախուստի դիմել: Տեղեկությունը փորձեցինք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից հայտնեցին, որ հուլիսի 31-ին՝ 3:35-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Մերձավան գյուղի խանութից գողություն է կատարվել: Դեպքի առթիվ նյութեր են նախապարաստվում:
ՉՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը օգոստոսի 5-ին գնել է չրերի հավաքածու: Ավելին, նախարարությունը դրանց ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրի մասին հայտարարություն է հրապարակել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը ձեռք է բերել չրերի հավաքածուի 3 հատ տուփ, որոնց համար վճարել է ընդհանուր 57 հազար դրամ: Այսինքն՝ հավաքածուի մեկ տուփը գնվել է 19 հազար դրամով: Ի դեպ, գերատեսչությունը չրերի հավաքածուն գնել է «Վիկտորիա Սուքիասյան» Ա/Ձ-ից: Թե ինչ նպատակով են գնվել չրերի հավաքածուները, պաշտոնական փաստաթղթերում որեւէ բան նշված չէ: