ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ՝ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ»-Ի ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է  դիմել  Արսեն Սարգսյանը՝ ներկայացնելով,  թե ինչպես է երկար տարիներ «Վորլդ  Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության  պատճառով  հայտնվել  խնդրի առաջ:

 

Այսպիսով,  մեր զրուցակցի խոսքերով՝ 2006 թվականին Գեղարքունիքի մարզի  Վարդենիս քաղաքի Լեռնագործների 18 հասցեում գտնվող իր գույքը պայմանագրով, օրենքով սահմանված կարգով հանձնել է «Վորլդ  Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությանը. «Ես պայմանագիրը ընկերության հետ կնքել էի 5 տարով, արդյունքում  5 տարի անց  պայմանագրի ժամկետը լրացավ, եւ նրանք կրկին դիմեցին ինձ ու առաջարկեցին  պայմանագիրը կրկին 5 տարի ժամկետով երկարաձգենք, ու  այս անգամ ես ամբողջ տարածքը, ինչը ընդգրկված էր վերոնշյալ  հասցեի մեջ, տվեցի իրենց՝ ամսական 220 հազար դրամի  դիմաց:  Եկավ հասավ 2015 թվականը, եւ եթե չեմ սխալվում,  մնացել էր 15 ամիս, որ մեր պայմանագրի ժամկետը  լրանար , ընկերությունից ինձ զանգահարեցին եւ հայտնեցին, որ  Ձեզ  մի քանի օր ժամանակ ենք տալիս, մենք  ցանկանում են տարածքից դուրս գալ, այլեւս չենք ցանկանում Ձեր տարածքը վարձակալել, եկեք հետ վերցրեք: Բնականաբար ես ասացի, որ ժամկետը չի լրացել, ինչպես կարող են   նման բան ասել, ու ասացի, որ սպասեք պայմանագիրը լրանա, ես այլ վարձակալ գտնեմ: Ինձ ընկերությունից ասացին, թե ոչ, մենք դուրս կգանք»:

Արսեն Սարգսյանի եւ «Վորլդ  Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության միջեւ խոսակցություններ  են տեղի ունենում, եւ   Արսեն Սարգսյանի խոսքով՝  «Վորլդ  Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությունը դատի է տալիս Արսեն Սարգսյանին, որ վերջինս պայմանագրի խզման չի գնում: Արդյունքում  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրում որոշում է կայացվում, եւ «Վորլդ  Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայցը մերժվում է:

Արսեն Սարգսյանի խոսքով՝  այս անգամ  ինքն է դիմում դատարան՝  պահանջելով, որ բարեգործական ընկերությունը  պայմանագրով նախատեսված  15 ամսվա  վճարը չի տվել  եւ պարտավոր է  այն վճարել:  Ըստ մեր զրուցակցի՝ դատարանը բավարարում է   իր հայցը, եւ «Վորլդ  Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությանը այլ ելք չի մնում, քան կատարել դատարանի որոշումը եւ Արսեն Սարգսյանին վճարել  15 ամսվա վարձավճարը , որը կազմում է  4 միլիոն 300 հազար դրամ:

Սակայն այսքանով Արսեն Սարգսյանի խնդիրները չեն լուծվում: Մեր զրուցակցի  պատմելով՝ 2016 թվականից դատական քաշքշուկների  մեջ  է եղել, տարիների ընթացքում իր գույքը թողնվել է բախտի քմահաճույքին եւ ամբողջությամբ այն վնասվել է.  «Ես դիմեցի   կազմակերպությանը՝ ասելով, որ ամբողջ ապակիները կոտրվել են, ամեն ինչ թալանվել է, ասեցի՝ եկեք, մատերիալը բերեք տվեք ինձ, ես իմ ուժերով  սարքեմ գույքս վերջացնեմ,  ու այս պատմությունը   վերջացնենք, իրենք հրաժարվեցին: Ընկերության ներկայացուցիչները ինձ  ասացին, թե 2015 թվականից դուրս ենք եկել, գայիք տիրություն անեիք: Ես էլ իրենց բացատրում եմ, որ դուք պայմանգրով գույքը բախտի քմահաճույքին թողնելու  իրավունք չունեիք, եւ դեռ ավելին՝ մենք դատական գործընթացի մեջ էինք, մինչեւ որոշում չլիներ, դուք ինչպես եք այդպես վարվում Ձեր կողմից վարձակալված բնակարանի  եւ տարածքի հետ, իրավունք չունեիք դուրս գայիք»:

Արսեն Սարգսյանը հայտնեց , որ հիմա ինքը դիմել է Գեղարքունիքի մարզի  դատարան, որպեսզի բարեգործական ընկերությունը գույքը ըստ պատշաճի իրենց վերադարձնի. «Սակայն  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իմ հայցը մերժել է,  եւ ես օրենքով սահմանված կարգով դիմել եմ ՀՀ վերաքննիչ դատարան:  Ձեզ պետք է հայտնեմ, որ  մեր պահանջի մեջ ոչ միայն գույքի փոխհատուցման հարց է բարձրացվել, այլ նաեւ պայմանագրի մեջ նշված է՝ եթե վարձակալը պայմանագիրը լրանալուց հետո գույքը  չի հանձնում վարձատուին ժամանակին, պարտավոր է ամեն օրվա համար տույժ տուգանքով հատուցել: Այսինքն՝ այսօրվա իմ պահանջը կազմում է մոտավոր 10 միլիոն՝ 4 տարվա կտրվածքով: Այսօր ես հայտնվել եմ մի իրավիճակում, բարեգործական ընկերության համաձայնության չգալու, դատական քաշքշուկների պատճառով ստեղծել են մի իրավիճակ, որ գույքս ամբողջությամբ  վնասվել է, եւ ես չեմ կարողանում որեւէ կերպ նրանց պատասխանատվության կանչել: Իմ խնդիրնը մեկն է՝  ընկերությունը իր պարտավորությունները կատարի եւ անմեղ մարդկանց այսպիսի իրավիճակի չհասցի եւ նրանց գույքն  էլ ոչնչացնի:  Պայմանագիրը շատ  կարեւոր  հանգամանք է, մինչդեռ դատարանը անտեսել է պայամանագրի կետերը եւ ենթադրությունների վրա որոշում է կայացրել, այս քայլով արժեզրկում են պայմանագրի էությունը, ինչը կարող է վատ հետեւանքներ ունենալ շատ քաղաքացիների համար»: «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաեւ «Վորլդ  Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության մեկնաբանությունը եւս:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵՔԵՆԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Օրեր առաջ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նալբանդյան գյուղի տներից մեկի բակից «Օպել Աստրա» մակնիշի մեքենա են առեւանգել: Պարզվել է, որ օգտվելով դուռը բաց լինելու եւ բանալիները փականում գտնվելու հանգամանքից՝ ինչ-որ մեկը տան դիմացից գողացել է մեքենան: Հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզներն Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում հայտնաբերել են «Օպել Աստրան»: Հանցագործությունը, հնարավոր է, կատարած լինի նույն գյուղի 32-ամյա մի բնակիչ: Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 9-ին՝ ժամը 17-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են:

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ արձանագրված հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների օրինականության վիճակը: Արձանագրվել է ապօրինի ծառահատման 155 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 122 դեպքի փոխարեն (27%-ով ավելի): Դրանցից 65-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (48 դեպք)՝ ավելի են շուրջ 35%-ով:

Նման աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի ծառահատումների դեպքերի էական ավելացմամբ, այլ առավելապես անտառների եւ անտառային տնտեսության պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության որակի էական բարելավմամբ, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու եւ հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ: Դատարանում քննված եւ ավարտված քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 4.476.080 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

2020թ. օգոստոսի 9-ին Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141» մակնիշի եւ «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երեւանի 48-ամյա բնակիչը, վերջինիս 36-ամյա կինը եւ նրանց երկու անչափահաս երեխաները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների եւ դիակների զննություն, նշանակվել են դատաբժշկական եւ դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական եւ դատատեխնիկական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

2020թ. օգոստոսի 10-ին Արմավիրի բկ-ից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է դիմել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակիչը եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում՝ վայր ընկնելու հետեւանքով: Պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 10-ին՝ Արմավիրի մարզում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակչին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակչը ճանաչվել է տուժող: Վերջինիս 34-ամյա համագյուղացին ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժին: Նա  ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ կասկածյալի մասնակցությամբ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը, առգրավվել են դեպքի կատարման պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա եղել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

 

 




Լրահոս