ՈՐՈՇ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՎԵՐԱՑՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, ապա մենք կարող ենք համարել, որ գործնականում մենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք»,- այս մասին  կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ, որ իմաստ ունի՝ մենք հետագծենք մեր գործողությունները՝ կապված կորոնավիրուսի հետ։ Ապրիլ ամսին, երբ գործնականում 2 ամսվա խիստ սահմանափակումների ռեժիմում էր ապրում երկիրը, մենք 2 բան արձանագրեցինք՝ առաջինը՝ սոցիալական եւ տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են, եւ, մյուս կողմից, տեսնում էինք՝ ինչքան էլ երեւացող հատվածներում կամ առերեւույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր է լինում պահել, ամբողջ հանրապետության տարածքում, մասնավորապես՝ ոչ շատ տեսանելի հատվածներում տեսնում ենք, որ կանոնները ոչ մի կերպ չեն պահում»,- ասաց վարչապետը։

 

Նրա խոսքով՝ ապրիլ-մայիս ամիսներին կորոնավիրուսի թվերը բարձրացել էին, որովհետեւ իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում այս խնդիրները կարգավորելու համար։ Նա նշեց, որ պատրաստվում են սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրթությունը բացել, եւ, ըստ վարչապետի, այդտեղ անխուսափելիորեն որոշակի թվերի աճ լինելու է։

Կառավարության արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագիծը։ Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17։00-ից երկարացնել 30 օրով մինչ սեպտեմբերի 11-ը՝ ժամը՝ 17։00-ն ներառյալ։ Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվում է 5-րդ անգամ, բայց այս անգամ սահմանափակումները մեղմվում են։ «Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով  ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, եւ բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացումը վերացվում է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Վերացվում է նաեւ ՀՀ ամբողջ տարածքում հավաքների եւ գործադուլների արգելքը, սակայն որոշակի կանոնները պետք է պահպանվեն։

«Անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով եւ պահանջներին համապատասխան դիմակի կրումը եւ սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջեւ՝ մինչեւ մեկուկես մետրի տարածության պահպանումը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Մեղմացվում են նաեւ ընտանեկան արարողությունների եւ ժամանցային բնույթի միջոցառումները կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները։

«Թույլատրվում է դրանց կազմակերպումը, անցկացումը եւ մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավել,ի քան 40 մասնակցով եւ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները»։

Վերացվելու է նաեւ մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։ Նախագծի զեկուցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, բայց պայմանով, որ մասնակցիները դիմակ պետք է կրեն եւ պահպանեն սոցիալական հեռավորությունը։

«Բայց ես էլի ուզում եմ ասեմ, որ եթե, Աստված չանի, այս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք կրկին սահմանափակումներ մտցնել։ Եկեք սա արձանագրենք, մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից, հիմա անկում է, եւ այդ պայմաններում հնարավոր է դարձել սահմանակումների թուլացումը»,- ընդգծեց  Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հույս հայտնեց, որ վերջին անգամ են արտակարգ դրության ժամկետը երկարացնում, բայց նշեց, որ չի բացառում՝ ստիպված լինեն կրկին արտակարգ դրություն հայտարարել, եթե իրավիճակը սրվի։ «Չնայած մենք հիմա օրենսդրական կարագավորումներով փորձում են արտակարգ իրավիճակի ռեժիմով  մի շարք հարցեր կարգավորվող դարձնել, որպեսզի արտակարգ դրությունը միշտ եւ բոլոր  պայմաններում մեզ անհրաժեշտ չլինի»,- շեշտեց նա։ Կառավարությունը միաձայն ընդունեց «Արտակարգ դրության ժամկետը երկարացնելու մասին» նախագիծը։

 

 

100 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան: «Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։ ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։ Բարի գալուստ, Հայաստան, սիրելի՛ հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»,- նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՍՆԵԼ ԶՐՈՅԻ

Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին կառավարությունը վերջին մի քանի շաբաթներին խոսում է։ Այդ մասին կառավարության արտահերթ նիստում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50- 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը։ Այն տրամաբանությունը, որ մենք նշում ենք՝ ռեալ հնարավարություն ունենք այս թվերն իջեցնելու, մնում է ուժի մեջ։ Դրանից բխող ունենք նաեւ բավական թեթեւ վիճակ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային համակարգում։ Ունենք իջած թվեր ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների դեպքում եւս, որը տատանվում է 300-ի շրջանակներում, այս իջեցման միտումը նույնպես պահպանվում է։ Ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են մնում  ռեանիմացիաներում»,-նշել է նախարարը։ Ըստ Ա. Թորոսյանի՝ համավարակի հաղթահարման փուլը շարունակվում է. կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են: «Իհարկե ես չեմ կարծում, թե զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ: 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի, քանի որ շատ դժվար է լինելու հասնել զրոյին՝ միայն կանոնները պահելով»,- ընդգծեց նա:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Աչաջուր համայնքի  նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա, 2013թ. դեկտեմբերի 17-ից  հանդիսանալով  Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարը, 2013-2015թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված եւ Աչաջուր համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակիցների կողմից  հավաքագրված եւ իր վստահությյանը հանձնված գումարի մի մասը՝ 5 միլիոն 939 հազար ՀՀ դրամ գումարը, յուրացրել է։ Ըստ առաջադրված  մեղադրանքի՝ այնուհետեւ նպատակ ունենալով  թաքցնել իր կողմից գումարը յուրացնելու մեղադրանքը՝ շահադիտական նպատակով նա համայնքի ղեկավարի տեղակալ  Նիկոլ Վարդումյանին 2017թ. հոկտեմբերի 3-ին դրդել է  համայնքապետարանի աշխատակիցներից մեկի կողմից կազմված, 2012-2016թթ. Տավուշի մարզի հողօգտագործողներին հատկացված  սերմացուների պարտքերի վերաբերյալ՝ շահառուների անուններով, կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնեական փաստաթուղթ  հանդիսացող տեղեկանքը Տավուշի մարզպետին ուղարկելու միջոցով հանձնելուն։  Կ. Ղալթախչյանին  մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  179 հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով եւ 38-314 հոդվածի 1-ին մասով։ Կ. Ղալթախչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը համարել է, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից մարզպետարաններին բաշխված ցորենի սերմացուի փոխարժեք գումարը  չվճարելու կապակցությամբ քաղաքացիաիրավական վեճ է առաջացել այդ ՊՈԱԿ-ի եւ Տավուշի մարզպետարանի միջեւ, ինչը լուծում  է ստացել, եւ դրանով վնասի հատուցման գործընթացն ավարտվել է։ Իսկ Աչաջուր համայնքի ղեկավարը նշված ՊՈԱԿ-ի եւ  Տավուշի մարզպետարանի միջեւ սերմացուի բաշխման կապակցությամբ կնքված պայմանագրերի  կողմ  չի հանդիսացել, որեւէ  պարտավորություն չի կրել, իրավական պատասխանատվություն  որեւէ ձեւով  չի ստանձնել  ցորենի սերմացուի փոխարժեքը բնակչությունից հավաքագրելու եւ համապատասխան հաշվեհամարին մուտքագրելու առումով, հետեւաբար ակնհայտ անհիմն է Կ. Ղալթախչյանին այնպիսի արարք մեղսագրելը, ինչպիսին  է պետական գույքի յուրացումը։ 2020թ. հունիսի 19-ին  Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է առաջադրված մեղադրանքներում Կ. Ղալթախչյանին ճանաչել  անմեղ եւ արդարացնել,  նրա նկատմամբ  ընտրված խափանման միջոցը վերացնել, Տավուշի մարզի դատախազության  կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնել առանց քննության։ Դատախազ Վասիլ Սարգսյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ վճռի դեմ՝ Վերաքննիչ դատարանին  խնդրելով  բեկանել  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, Կ. Ղալթախչյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում, ՀՀ քրեական օրենսգրքի  179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի սանկցիայով  նրան  դատապարտել  7 տարի ժամկետով ազատազրկման, 38-314 հոդվածի  1-ին մասով՝ 2 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածով  վերջնական պատիժ սահմանել 8 տարի ժամկետով ազատազրկումը։ Սույն գործով  Վերաքննիչ դատարանում նիստ է նշանակված սեպտեմբերի 7-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս