Արցախի Հանրապետությունում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Նոր կորոնավիրուսային հիվանդությունն առայսօր հաստատվել է 251 մարդու մոտ, որոնցից 231-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 19, մեկուսացված են 42 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 164 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 418 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված եւ մինչեւ հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից՝ ժամը 22:00-ից մինչեւ 2020 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։
ՓՈՔՐԻԿԸ ԼԱՎ Է
Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: «Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն: Այո, հրաշքներ լինում են: Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետեւանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»,-հայտնել է բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
4 ԲԱԼ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 12-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 03:29-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 39.86. եւ արեւելյան երկայնության 44.16. աշխարհագրական կոորդինատներով, Թուրքիա՝ Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի եւ Արարատի մարզերում 4 բալ, իսկ Երեւանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։